Armenian Soccer
Armenian Soccer

Կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 1-ին նիստը

Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ընթացքում ընտրվել է խորհրդի նախագահը, նշանակվել է տնօրենը: Ինչպես իրազեկում են ՀՖՖ  մամուլի ծառայությունից, հիմնադրամի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել էր ՀՖՖ 20-րդ տարեկան ժողովի ընթացքում:

Հիմնադրամի շահառուներն են գործող և վետերան ֆուտբոլիստները, նախկին և ներկա մարզիչները, ֆուտբոլային նախկին և ներկա պաշտոնյաները և այլն: Հիմնադրամն օժանդակելու է շահառուներին ծանր վիրահատությունների անհրաժեշտության դեպքում, տրամադրելու է աջակցություն սոցիալական նվազագույն պայմանների ստեղծման, նրանց առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Արամայիս Տոնոյանը: Հիմնադրամի տնօրեն նշանակվեց Վահագն Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են հայկական ֆուտբոլի՝ տարբեր սերունդների վետերան և գործող ֆուտբոլիստներ Սամվել Պետրոսյանը, Աշոտ Սահակյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արթուր Քոչարյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, ինչպես նաև ֆուտզալի վետերան ներկայացուցիչ Վաղարշակ Շահնազարյանը և կանանց ֆուտբոլի վետերան Նաիրա Թադևոսյանը:  

©2021 Armenian Soccer