Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյանը կարող է իսպանական Պրիմերա տեղափոխվել

Kamo Hovhannisyan

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել այլ ակումբ: Այս մասին տեղեկացնում է Vesti.kz-ն՝ նշելով, որ Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թիմեր։

Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի, ու «Կայրաթի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։ Սակայն ֆուտբոլիստը չի շտապում որոշում կայացնել, քանի որ իսպանական Լա Լիգայի ակումբներից մեկը առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Բացի այդ, կա նաև կարիերան Հունաստանում շարունակելու տարբերակ։

Հովհաննիսյանի համար առաջնայինը Եվրոպա տեղափոխվելն է, քանի որ Ղազախստանում նա արդեն նվաճել է գլխավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնությունն ու գավաթը։

Ղազախստանի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, խփել 4 գնդակ և նույնքան գոլային փոխանցում կատարել։ Նա նաև 4 հանդիպման է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայում և մեկ գոլի հեղինակ դարձել։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո:

 

©2021 Armenian Soccer