Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս խաղին և այս մրցաշարին»

Սեպտեմբերի 4-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի մամուլի ասուլիսը․
-Վարազդատ, վաղվա խաղի ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքակա՞նն է։
Վ․Հ — Չեմ կարծում։ Նրանք ունեն փոքր առավելություն, քանի որ խաղում են սեփական հարկի տակ։ Շատ լավ ծանոթ ենք նրանց թիմին, գիտենք, որ շատ ուժեղ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն։  
-Ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմի շանսերը՝ հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի նախորդ խաղարկությունում երկու ազգային հավաքականների միջև կայացած հանդիպումները։
Վ․Հ․ — Ֆուտբոլը սխալների խաղ է։ Առաջին խաղում մենք սխալներ ունեցանք, երկրորդ խաղում՝ մակեդոնացիները։ Ինձ թվում է՝ մեր խմբում առանձնացող ֆավորիտներ չկան։
-Պարոն Կապառոս, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից և Ազգերի Լիգայի այս խաղարկությւնից`հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի հավաքականը հայտնվել է C լիգայում, քանի որ ՈՒԵՖԱ-ն ընդլայնել է այս լիգայում խաղացող թիմերի քանակը։
-Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս խաղին և այս մրցաշարին։ Մեր ազգային թիմում կան ինչպես նորեկներ, այնպես էլ նորեկներ, և բոլորն էլ մեծ սպասումով են մոտենում վաղվա խաղին: Ձգտելու են այս մրցաշարում հասնել բարձր արդյունքների։
-Արդյո՞ք դիտել եք 2018 թվականին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Ի՞նչ հակախաղ եք պատրաստվում կիրառել մակեդոնացիների հարձակման դեմ։
-Այսօր նույնիսկ մեկ շաբաթում աշխարհում կարող է շատ բան փոխվել, իսկ դուք խոսում եք երկու տարվա վաղեմության խաղի մասին։ Ես գրեթե չեմ անդրադառնում այդ խաղին։ Շատ ցավալի է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը բաց է թողնելու հանդիպումը կորոնավիրուսի պատճառով։ Մեր թիմում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր շատ ապացուցելու բաներ ունեն, և կփորձեն որքան հնարավոր է լավ հանդես գալ։
-Քանի որ նախկինում մարզել եք բազմաթիվ իսպանական թիմեր, պատրաստվո՞ւմ եք իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի ազգային հավաքականի խաղի մեջ։
-Անհնար է իսպանական ֆուտբոլի ոճը ամբողջությամբ ներարկել Հայաստանի ազգային հավաքականի մեջ, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը գնում։ Ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում, և կաշխատեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին։
-Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը ճնշո՞ւմ է ազգային թիմի ֆուտբոլիստներին։
-Բնականաբար, երբ թիմի առաջատարը չի խաղում, դա ազդում է թիմի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է փորձենք թիմային խաղ ցուցադրել և կենտրոնանալ մեր խաղային որակների վրա։

©2020 Armenian Soccer