Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Կփորձենք այս պայմաններում ցույց տալ մեր լավագույն խաղը»

Սեպտեմբերի 7-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արշակ Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
-Պարոն Կապառոս, ի՞նչ եզրակացություններ եք արել Էստոնիա – Վրաստան խաղից հետո:
-Բնականաբար, դիտել եմ այդ հանդիպումը: Պետք է նշեմ, որ մեր խմբում հանդես են գալիս հավասար հնարավորություններով թիմեր, և այստեղ մարզական բախտը նույնպես կարող է մեծ դեր խաղալ:
-Դուք եղել եք ակումբային ֆուտբոլի մարզիչ, իսկ հիմա առաջին անգամ գլխավորում եք ազգային հավաքական: Ո՞րն է երկու աշխատանքների միջեւ հիմնական տարբերությունը:
-Ժամանակը: Ի տարբերություն ակումբային ֆուտբոլի՝ այստեղ շատ ժամանակ չկա ֆուտբոլիստների հետ աշխատելու համար: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, քանի որ այս կարճ ժամանակում նրանց ցույց տվեցին, որ ամբողջությամբ նվիրվում են թիմին:
-Որքանո՞վ է կորոնավիրուսը խանգարել Ձեզ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի նախապատրաստական շրջանին:
-Իհարկե, մեծ ազդեցություն է թողել այն, ընդ որում բոլոր երկրների վրա: Այստեղ պետք է ընդգծել ՀՖՖ-ի աշխատանքը, որն ամեն ինչ արել է, որ ֆուտբոլիստները որքան հնարավոր է պատրաստված մոտենան խաղերին: Այս ամենի վրա ազդելու է նաև այն փաստը, որ խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների: Սակայն պետք է համակերպվենք այս վիճակի հետ, և փորձենք այս պայմաններում ցույց տալ մեր լավագույն խաղը:

-Ինչպե՞ս կբնութագրեք Էստոնիայի հավաքականին որպես մրցակից, ինչպիսի՞ ֆուտբոլ եք ակնկալում նրանցից՝ հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ պարտվել են առաջին տուրի խաղերում:
-Երկու թիմերն էլ նմանատիպ տակտիկական սխեմայով են խաղում՝ 4-4-2, և բնական է, որ երկու թիմերն էլ փորձելու են բավական շատ գոլային պահեր ստեղծել: Շատ կարևոր է մեզ համար, որ հուսալի գործենք պաշտպանությունում, և օգտագործենք մեր գոլային պահերը:
-Ի՞նչ հետևություններ եք արել Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից և ինչո՞վ էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը գերազանցում մեր թիմին:
-Բնականաբար հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում: Հետո ևս մեկը բայց թողեցինք, սակայն թիմը չդադարեցրեց պայքարը, ցույց տվեց թիմային ոգի, և կար հնարավորություն, որ խաղն ավարտվեր այլ հաշվով: Մեծ ազդեցություն ունեին նաև եղանակային պայմանները: Սակայն սա ֆուտբոլ է, և երբ պարտվում ես, դա նշանակում է, որ մրցակիցը քեզ գերազանցել է:
-Արդյո՞ք փոփոխություններ արվել են պաշտպանությունում Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղից հետո՝ հաշվի առնելով, որ նախորդ խաղում ևս խնդիրներ ունեինք ձախ պաշտպանի դիրքում: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այն, և արդյո՞ք Խորեն Բայրամյանը կարող է փակել այդ դիրքը:
-Առջևում դեռ 24 ժամ ունենք: Դեռ ունենք ժամանակ, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք խաղալու:
-Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո Ձեր առաջին հանդիպումը միանգամից պաշտոնական բնույթ էր կրում: Որքանո՞վ էր բարդ սկսել պաշտոնական խաղերի ընթացքը՝ չանցկացնելով ոչ մի ընկերական հանդիպում:
-Ես շատ ուրախ և երջանիկ եմ, որ գլխավորեցի Հայաստանի հավաքականը: Մենք պետք է նոր ֆուտբոլիստներ ներգրավենք թիմ, և սերնդափոխություն պետք է տեղի ունենա: Բայց պետք է առաջ գնալ  քայլ առ քայլ: Նորեկները շատ են, և ես ուրախ եմ, որ ունեմ ընտրության հնարավորություն: Կփորձենք անել ամեն ինչ, որ Հայաստանի ազգային հավաքականը լավ խաղա:
-Այս օրերին շատ է քննարկվում Մխիթարյանի բացակայության հարցը, քանի որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի օրը նա մասնակցել է ընկերական խաղի և դարձել գոլի հեղինակ: Կարո՞ղ եք ևս մեկ անգամ փաստել, որ ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա ու մյուս հավաքին Մխիթարյանը կմիանա թիմին:
-Դատելով իմ զրույցից նրա հետ՝ կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, որևէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է մյուս հավաքին գալ Երևան, միանալ թիմին, և ամբողջությամբ նվիրվել մեր հավաքականին:
-Արդյո՞ք Էստոնիայի հետ խաղում մենք խաղադաշտում կտեսնենք Վահան Բիչախչյանին:
-Նա ինձ հաճելիորեն զարմացրեց՝ թե ֆուտբոլային որակներով, թե իր պրոֆեսիոնալիզմով: Կարծում եմ, որ նա շատ մոտ ապագայում կարող է սկսել մեծ դեր խաղալ Հայաստանի հավաքականի համար:
-Ի՞նչ կասեք Նորբերտո Բալեկյանի խաղի մասին: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում նա դուրս եկավ փոխարինման և վատ չդրսևորեց իրեն: Կարելի՞ է ենթադրել, որ Բալեկյանը կստանա հնարավորություն և Էստոնիայի դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
-Նորբերտոն կարևոր ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար, սակայն նա Արգենտինայում արդեն վաղուց չի խաղում, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված առաջնությունը դադարեցվել է: Այդ իսկ պատճառով երբ նա ժամանեց Երևան, նրա մարզումները շատ անհատական բնույթ էին կրում: Դեռ ժամանակ ունենք, և դեռ կհասկանանք՝ կլինի՞ նա հիմնական կազմի խաղացող, թե ոչ: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ նշածս պատճառներով նրան դեռ պակասում է խաղային ռիթմը:
-Մակեդոնացիների հետ խաղի ժամանակ ինչո՞ւ էին տեխնիկական գոտուց բացակայում ձեր օգնականներ Սուրեն Չախալյանն ու Ռոման Բերեզովսկին:
-Քանի որ համաձայն ՈՒԵՖԱ-ի օրենքների՝ տեխնիկական գոտում կարող է գտնվել 6 պաշտոնյա, և կարծում եմ, որ լրագրողները պետք է իմանային դրա մասին:
-Չնայած Հայաստանի հավաքականը պարտություն կրեց, հատկապես երկրորդ խաղակեսում թիմը բավական ակտիվ գործողություններով էր աչքի ընկնում, ու խաղի այդ հատվածում որոշակի առավելություն ուներ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ: Արդյո՞ք մեր թիմը պատրաստվում է վաղվա խաղում խաղալ էլ ավելի հարձակողական ֆուտբոլ, ու դրա շնորհիվ հասնել հաղթանակի:
-Մենք լի ենք խանդավառությամբ, և պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է պետք անել խաղադաշտում, երբ տիրում ես գնդակին:

©2020 Armenian Soccer