ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան խաղին ընդառաջ՝ հոկտեմբերի 10-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Պարոն Կառապոս, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք հոգեբանորեն պատրաստել ֆուտբոլիստներին այս խաղին, և ինչպե՞ս կազդի նրանց վրա չեզոք դաշտում խաղալը։
-Իհարկե, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մեր ֆուտբոլիստները համախմբված են և քաջ գիտակցում են, որ պետք է ուրախություն պարգևեն մեր բոլոր հայրենակիցներին։
-Այս պահին հավաքականում կա նոմինալ մեկ աջ պատշպան՝ Կամո Հովհաննիսյանը, մինչդեռ հրավիրվել են 6 կենտրոնական կիսապաշտպաններ։ Ո՞րն է դրա պատճառը։
-Սա մեր գործընկերներ լրագրողների կողմից շատ սուբյեկտիվ կարծիք է, և ես համաձայն չեմ դրա հետ։ Արման Հովհաննիսյանը նույնպես կարող է հանդես գալ աջ պաշտպանի դիրքում։ Սերոբ Գրիգորյանն էլ այն երիտասարդն է, ով գնալով ավելի ու ավելի կաճի որպես ֆուտբոլիստ։ Մենք ունենք 4 կենտրոնական կիսապաշտպաններ, Սոլոմոնը նույնպես այդ դիրքում է հանդես գալիս։ Հաշվի առնելով, որ մեզ երկու շատ կարևոր խաղեր են պասվում՝ մենք փորձել ենք ամեն դիրքում առնվազն երկու ֆուտբոլիստ ունենալ։
-ՀՖՖ կայքում և սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ Գևորգ Ղազարյանը չէր մասնակցում մարզմանը ընդհանուր խմբում։ Ի՞նչն է պատճառը։
-Գևորգ Ղազարյանը տվյալ պահին վերականգնողական գործընթացում է և գնալով առաջադիմում է։ Կարծում եմ, որ Էստոնիայի դեմ խաղում կկարողանա օգնել թիմին։
-Որքանո՞վ եք կարևորում այն հանգամանքը, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է հավաքականին։
-Ցանկացած թիմ և ցանկացած ակումբ պետք է առաջատար ունենա, և մեր առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա շատ մեծ խարիզմա ունի և այն ֆուտբոլիստն է, ով միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է խաղընկերներին։
-Ի՞նչ կարծիք ունեք Վրաստանի հավաքականի մասին՝ որպես ձեր առաջիկա մրցակցի։
-Լավ հավաքական է։ Նրանք արդեն մի որոշ ժամանակ միասին են հանդես գալիս։ Նույնիսկ կան ֆուտբոլիստներ, որոնք միևնույն ակումբում են հանդես գալիս։ Այնպես որ, կարծում եմ՝ թիմային խաղը բավական ուժեղ է։
-Բոլոր հավաքականները մեր խմբում անցկացրել են երկուական հանդիպում։ Հանդիպումներից հետո ինչպե՞ս եք գնահատում թիմերի շանսերը այս խմբում։
-Ես նույն մտքին եմ, որն արտահայտեցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ: Այս խմբում հավասար պայքար է ծավալվելու։ Ցանկացած հաջող գործողություն և ցանկացած սխալ կարող է անհավասարակշռություն մտցնել խմբի մեջ։ Այդ պատճառով հարկավոր է առավելագույնս կենտրոնացմամբ և ինտենսիվությամբ խաղալ։
©2020 Armenian Soccer