Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել,որտեղ մասնավորապես նշված է.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Տեղեկացնում ենք, որ «Նոա» ակումբի ֆուտբոլիստ Ալան Տատաեւը որակազրկվել էր երեք խաղով (ՀՖՖ կարգապահական կոմիտեի 11․06․2020 թ․ նիստի որոշմամբ) և այդ մասին ՀՖՖ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքը հրապարակել էր հաղորդագրություն, և այն մինչև այս պահը առկա է կայքում։
Հետաքրքիրն այն է, որ Տատաեւի որակազրկումը ավարտվում էր «Նոա» — «Լոռի» հանդիպումից հետո, սակայն հաշվետու խաղում այս ֆուտբոլիստը հայտավորված էր «Նոայի» մեկնարկային կազմում։
Ինչպես տեղեկացանք մրցակից թիմի ղեկավարությունից, երեկ ուշ գիշեր ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, ի դեմս կոմիտեի նախագահ Արմեն Դավթյանի (ի դեպ նա ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չունի), կայացրել է որոշում և մեկ խաղով կրճատել որակազրկումը, ինչի մասին տեղյակ չի պահվել ո՛չ «Լոռի» ՖԱ-ին, ո՛չ էլ հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում։ Ավելին՝ հունիսի 19-ին՝ 18։08-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Բարձրագույն խմբի 24-րդ տուրը որակազրկման պատճառով բաց թողնող ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների ցանկը, որտեղ ներառված է նաեւ Ալան Տատաեւը։
Ստացվում է, որ ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակում է որոշում, բայց կուլիսների հետևում կայացվում է այլ որոշում։ Նման գործելակերպը հակասում է մարզական բոլոր սկզբունքներին։
«Լոռի» ՖԱ-ն հորդորում է ՀՖՖ-ին լրջորեն մոտենալ նման հարցերին և հարգել ակումբներին, նրանց կատարած աշխատանքը։ «Լոռի» ՖԱ-ն ՀՖՖ-ից սպասում է արագ արձագանք և պարզաբանում, որպեսզի մենք որոշենք մեր հետագա քայլերը» ։
2020 Armenian Soccer