ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը տեղեկացնում է, որ, փետրվարի 28-ից սկսած, վերացել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, VBET Հայաստանի գավաթի և ՀՀ Առաջին խմբի առաջնության հանդիպումներին մեդիայի ներկայացուցիչների ներկա գտնվելու՝ COVID-19-ի համավարակով պայմանավորված թվային սահմանափակումները:
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից, այսուհետ մեդիայի ներկայացուցիչները, առանց սահմանափակման, կարող են ներկա գտնվել վերոնշյալ հանդիպումներին՝ միաժամանակ պահպանելով կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները (միմյանցից պահպանելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն, կրելով դիմակներ և այլն)
ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի Հոդված 39-ի համաձայն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները պարտավոր են յուրաքանչյուր հանդիպումից հետո ապահովել մամուլի ասուլիսների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:
Այսուհետև մեդիայի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մամուլի ասուլիսներին, որոնք պետք է անցկացվեն նորմալ ձևաչափով, այլ ոչ թե հեռավար կարգով: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները: Ասուլիսից առաջ սրահը պետք է ախտահանվի։ Մեդիա ներկայացուցիչների միջև և մեդիա ներկայացուցիչների և գլխավոր մարզիչների միջև հեռավորությունը պետք է կազմի նվազագույնը 1․5 մետր։ Մամուլի ասուլիսների ամբողջ ընթացքում մարզիչը, մամուլի քարտուղարը և լրագրողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Մամուլի ասուլիսների սրահում պետք է տեղադրված լինի հովանավորների backdrop-ը:
Ինչ վերաբերում է հետխաղային flash-հարցազրույցներին, ապա մեդիայի այլ ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցել flash-հարցազրույցներին: Դրանց անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է Feedconstruct ընկերությանը, որպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների պաշտոնական հեռարձակողի։ Ակումբները պարտավոր են flash-հարցազրույցներին ներկայացնել ակումբի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին, օժանդակել flash backdrop-ի տեղակայման, հարցազրույցի կազմակերպման և անցկացման հարցում։
©2021 Armenian Soccer