Armenian Soccer
Armenian Soccer

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ. «ԱՅԺՄ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԱԾԵԼ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել ու արդեն սկսելու է մարզչական գործունեություն ծավալել «Ուրարտու» ակումբի ակադեմիայում։ Պադերինը ակումբի մամուլի ծառայությանը տված  հարցարույցում խոսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլն ավարտելու և առաջիկա ծրագրերի մասին․

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկարամյա վնասվածքները մշտապես չեն թողնում վերականգնվել ու նորմալ մարզվել: Անընդհատ վիրահատություններ, ցավեր: Ուստի որոշեցի ավարտել կարիերաս, բայց ցանկացա մնալ ֆուտբոլում: Ես ամբողջ կյանքս եմ եղել ֆուտբոլում՝ 5 տարեկանից: Որոշեցի միանգամից զբաղվեմ մարզչական գործունեությամբ։ Շուտ սկսեմ՝ արագ փորձ ձեռք կբերեմ: Ես կարծում եմ, որ սա միայն օգուտ կլինի։ Շնորհակալ եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը, որ ինձ նման հնարավորություն են ընձեռնել։ Կփորձեմ ամեն ինչ անել՝ նոր պաշտոնում ինձ լավագույնս դրսևորելու ու սպասելիքներն արդարացնելու համար»:  
ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
«Այժմ ես հարմարվում եմ նոր կարգավիճակիս: Մարդիկ ամբողջ կյանքում են սովորում մարզչական հմտությունները, իսկ ես մի քանի օր է, ինչ այս կարգավիճակում եմ, այնքան շատ է տեղեկատվությունը: Այնպես որ, հիմա պետք է աշխատել գլխով, նախկինում կարևորը ֆիզիկականն էր, ոտքերը, վազել, ցատկել․․․ Հիմա ավելի շատ պետք է մտածել: Ինձ համար ամեն ինչ նոր է, կամաց-կամաց ու առանց շտապելու ծանոթանում եմ այս աշխատանքին»:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
«Գաղափարներ շատ ունեմ, բայց ամեն ինչ պետք է լինի ըստ հերթականության: Մի քանի օր է անցել, դեռ պետք է հասկանալ՝ ինչն ինչ է: Ես 25 տարի ֆուտբոլ եմ խաղացել, իսկ հիմա ես կանգնած եմ ու կողքից եմ հետևելու: Դժվար է, իհարկե, բայց պետք է ամեն ինչ անել առաջադրված սպասելիքներն արդարացնելու համար»։
©2020 Armenian Soccer