Armenian Soccer
Armenian Soccer

Էրիկ Պետրոսյան. «Մեծ սիրով կմնամ «Ուրարտուում», բայց դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»

Armenian-Soccer-ը շարունակում է #YoungArmenianTalents հարցազրույցների շարքը հայ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Այս անգամ զրուցել ենք Երևանի «Ուրարտու» և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Էրիկ Պետրոսյանի հետ:
#YoungArmenianTalents #YoungTalents

Erik Petrosyan
— Պրոֆեսիոնալ կարիերադ սկսել ես «Փյունիկում», որի սանն էլ հանդիսանում ես: Հենց սկզբից մարզվել ես «Փյունիկի» դպրոցու՞մ: Պատմիր պատանեկան կարիերայիդ մասին:
— Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից։  Առաջին խաղս «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») դեմ էր։ Հենց այդ խաղում դարձա գոլի հեղինակ։ Պատանեկան տարիքում ձախ կիսապաշտպանի դիրքում եմ խաղացել, 4-5 անգամ էլ լավագույն ռմբարկու եմ ճանաչվել։ Բացի այդ, նաև ռեկորդ եմ գրանցել՝ Երևանի և Հայաստանի առաջնություններում 1 տարվա ընթացքում հեղինակելով 80 գոլ։

— Ո՞ր տարիքից ես հանդես գալիս հարձակվողի դիրքում:
— 15 տարեկան էի, երբ փորձեցին ինձ հարձակման գծում։ Այս դիրքում ինձ ավելի լավ դրսևորեցի և մինչև այսօր հարձակվող եմ։

— Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Իտալիայի հետ խաղում նախ գոլի հեղինակ դարձար, հետո, դարպասապահի հեռացումից հետո նաև կանգնեցիր դարպասում և փորձեցիր հետ մղել 11 մետրանոցը: Դա քո կարիերայում միա՞կ դեպքն է, երբ որպես դարպասապահ ես հանդես եկել: Ինչպե՞ս որոշեցիր, որ դու ես փոխարինելու դարպասապահին:
— Փոքր տարիքում նաև դարպասապահ եմ եղել, ինձ մոտ վատ չէր ստացվում  նաև այդ դիրքում խաղալը։ Իտալիայի դեմ խաղին գոլ էի խփել ու վստահություն կար իմ հանդեպ, կանգնեցի դարպասին և շատ քիչ էր մնում հետ մղեի 11 մետրանոց հարվածը։

— 16 տարեկանից հանդես ես գալիս Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Ո՞րն է եղել ամենահիշարժան խաղը:
— Հավաքականում անցակցրած բոլոր խաղերն էլ ինձ համար հիշարժան են եղել։ Երևի կառանձնացնեմ Մ-19 տարեկանների հավաքականի կազմում Սերբիայի դեմ ունեցած խաղը, որի ժամանակ խաղում էինք 10 հոգով, պարտվում էինք 0-1 հաշվով, խաղի վերջին րոպեներին կարողացա գոլային փոխանցման հեղինակ դառնալ, էմոցիաները շատ էին։ Ինչպես նաև Իտալիայի հավաքականի դեմ խաղն էր հիշարժան։

— Անդրեյ Տալալաևի՝ «Փյունիկը» գլխավորելուց հետո տեղափոխվեցիր «Ուրարտու»: Ինչո՞վ էր պայմանավորված տեղափոխությունը: Հասցրե՞լ էիր զրուցել Տալալաևի հետ:
— Ոչ, նրա հետ ընդհանրապես չեմ զրույցել։ Ինչ-ինչ պատճառներով հեռացա ակումբից և «Ուրարտու» տեղափոխվելուց հետո եմ իմացել փոփոխությունների մասին։

— Ինչու՞ ընտրեցիր «Ուրարտուն»: Արամ Ոսկանյանի գործոնը կարևո՞ր էր ընտրություն կայացնելիս՝ հաշվի առնելով, որ նրա հետ աշխատել էիր Մ-19 տարեկանների հավաքականում:
— Կարելի է ասել, որ հիմնական պատճառը հենց Արամ Ոսկանյանն էր, որ տեղափոխվեցի «Ուրարտու»։ Ճիշտ է, նրա հետ շատ կարճ ժամանակ աշխատեցինք, բայց, հաշվի առնելով ակումբի պայմանները, մնացի այստեղ։

— Արամ Ոսկանյանին փոխարինած Ֆայզուլինը քեզ տեղափոխեց երկրորդ թիմ: Ինչո՞վ էր պայմանավորված մարզչի որոշումը: Զրուցե՞լ ես նրա հետ այդ թեմայով:
-Ցանկացած մարզիչ իր հայացքներն ունի։ Ֆայզուլինի հետ ես 7 ամիս եմ աշխատել, հասցրել եմ 4-5 խաղ անցկացնել ու 2 գոլ խփել, բայց նա որոշեց, որ ես պատրաստ չեմ շարունակել խաղալ գլխավոր թիմում։

Erik Petrosyan
— Այդ ընթացքում դարձար Առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը՝ երկու մրցաշրջանում 29 գոլի հեղինակ դառնալով, բայց Ֆայզուլինը քեզ համառորեն չէր նկատում: Հուսահատություն չկա՞ր:
— Այո, բավական շատ գոլեր էի խփում այդ ընթացքում երկրորդ թիմի կազմում, բայց մարզիչները ոչ մի ուշադրություն չէին դարձնում։ Հուսահատություն միանշանակ կար, բայց ամեն բան պետք է հաղթահարել։

— Մարզչական փոփոխությունից հետո սկսեցիր հայտնվել հիմնական թիմի կազմում: Ի՞նչ կասես Ալեքսանդր Գրիգորյանի մասին:
— Գրիգորյանը սկզբում որոշեց, որ պետք է գլխավոր թիմում խաղամ, կիպրոսյան հավաքից հետո նա նույնպես ճիշտ համարեց իմ՝ երկրորդ թիմում հանդես գալը։ Վերջին տուրերում ընդգրկվեցի գլխավոր թիմի կազմում, «Փյունիկի» դեմ խաղում էլ դարձա գոլի հեղինակ, հետո վնասվածք ստացա ու այժմ բուժվում եմ։

— Այս ընթացքում ուրիշ (հայկական կամ արտասահմանյան) ակումբներից առաջարկներ ունեցե՞լ ես:
— Այս ընթացքում՝ ոչ, որովհետև քիչ եմ խաղում գլխավոր թիմի կազմում, ուստի առաջարկները թե՛ հայկական ակումբներից, թե՛ դրսից առայժմ չկան։

— Մրցաշրջանն ավարտվեց, արդեն ժամանակն է մտածելու նոր մրցաշրջանի մասին. ի՞նչ ծրագրեր ունես առաջիկա մրցաշրջանի համար: Մտադի՞ր ես մնալ «Ուրարտուում»:
— Մեծ սիրով կմնամ այստեղ, բայց դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Ժամանակը ցույց կտա։

— Ի՞նչ նպատակներ ես դրել ֆուտբոլային կարիերայումդ և ինչպե՞ս ես պատրաստվում հասնել դրանց:
— Մեկ բանի մասին է պետք մտածել. յուրաքանչյուրը ձգտում է հասնել իր կարիերայի գագաթնակետին։ Ես էլ ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում և եվրոպական առաջատար թիմերում։

Erik Petrosyan

 

Images: FC Urartu (FC Banants)/Erik Petrosyan

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan