Armenian Soccer-ը շարունակում է հարցազրույցների շարքը հայ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների հետ:
Այս անգամ մեր զրուցակիցն է Չարենցավանի «Վանի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Էդգար Մովսեսյանը:
#YoungArmenianTalents #YoungTalents
— Ծնվել ես Իջևանում, որը ամենաֆուտբոլային տարածաշրջաններից չէ ու հենց այնտեղ էլ կատարել ֆուտբոլային առաջին քայլերդ: Ինչպե՞ս է առաջացել սերը դեպի ֆուտբոլը:
— Միգուցե տարածաշրջանն ամենաֆուտբոլայինը չէ, սակայն այստեղ տաղանդավոր երեխաներ կան: Եթե նրանց ուշադրություն դարձնեն, լավ ֆուտբոլիստներ կդառնան: Իմ առաջին քայլերը կատարել եմ «Աչաջուրի» մանկապատենական թիմում: Այն ժամանակ իմ տարիքային թիմ չկար, մարզվում և խաղում էի ինձնից երկու տարով մեծ պատանիների հետ: Եղբայրս հաճախում էր մարզումներին, տեսնելով, որ շատ եմ ցանկանում նրա հետ մարզումների գնալ, ինձ էլ վերցրեց: Հենց առաջին մարզմանը մարզիչը ցանկություն հայտնեց, որ ամեն օր հաճախեմ մարզումներին:
— Ո՞ր տարիքում և ինչպե՞ս հայտնվեցիր «Բանանցի»* մարզադպրոցում:
— Երբ «Աչաջուրի» 8 կամ 9 տարեկանների թիմով խաղում էինք «Բանանցի» դեմ, պարտվեցինք խոշոր հաշվով, բայց ես կարողացա ինձ լավ դրսևորել, ինչքան որ կարող էի: Մեկ գոլ խփեցի, խաղն էլ, եթե չեմ սխալվում, ավարտվեց 1-14 հաշվով: «Բանանցի» ակադեմիայի մարզիչները հավանել էին իմ խաղը ու ցանկություն հայտնել, որ միանամ նրանց, բայց այդ ժամանակ հնարավորություն չկար: Միայն 2 տարի անց միացա «Բանանցի» 98թ.-ի թիմին:
— 17 տարեկանում նորամուտդ նշեցիր «Բանանցի» կազմում, խաղացիր Բարձրագույն խմբում և Եվրագավաթներում, դարձար Հայաստանի գավաթակիր, հանդիսանում էիր Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատարներից մեկը: Թվում էր՝ աստիճանաբար պետք է ամրապնդվես «Բանանցում», սակայն նոր մրցաշրջանում քեզ ավելի քիչ էին վստահում: Ի՞նչն էր պատճառը:
— Շատ ուրախ եմ, որ այդ «Բանանցի» մասնիկն եմ կազմել: «Բանանցն» ինձ համար միշտ կմնա հրաշալի ակումբ, չնայած նրան, որ խնդիրներ առաջացան. ցանկանում էի տեղափոխվել արտերկիր, քանի որ տեսնում էի՝ իսպանացի մարզիչների հեռանալուց հետո ինձ չէին վստահում, թեև «Բանանց-2»-ի կազմում լավ մարզավիճակ էի հավաքել, պատրաստ էի ավելի մեծ օգուտ տալ թիմին: Հիմա ամեն ինչ անցյալում է, փորձում եմ կենտրոնանալ ներկայի վրա:
— 2017թ.-ին մի փոքր անսպասելի էր լսել քո՝ Ռումինիա տեղափոխվելու մասին: Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունդ Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆորեստա»: Համագործակցու՞մ էիր գործակալների հետ:
— Անսպասելի չէր այնքանով, որ լավ մարզավիճակում էի: Չնայած պատանեկան տարիքին՝ այն ժամանակվա գործակալս շատ տարբերակներ էր առաջարկել, իսկ «Բանանցը» մեծ տոկոսներ էր ցանկանում հաջորդ տրանսֆերի համար: Չկարողացա տեղափոխվել այդ ակումբներից մեկը, միայն ռումինական երկրորդ լիգայի թիմը երկկողմ համաձայնության հասավ «Բանանցի» հետ:
— Ի՞նչ կասես կարիերայիդ ռումինական փուլի մասին: Ինչու՞ չստացվեց ամրապնդվել արտասահմանյան ակումբում:
— Սկզբնական շրջանում մոտ երկու ամիս չեմ խաղացել, միայն մարզվել եմ, քանի որ աշխատանքային վիզա ստանալու գործընթացը երկար տևեց: Իսկ երբ իրավունք ստացա մասնակցել առաջնության խաղերին, քիչ խաղաժամանակ էի ստանում, որովհետև լեգիոներների սահմանափակում կար. մեկնարկային կազմում պետք է մինչև 21 տարեկան երեք ռումինացի ֆուտբոլիստ լիներ, որոնց խաղի ընթացքում կարող էին փոխարինել միայն այլ երեք մինչև 21 տարեկան ռումինացիներ: Մարզիչը մի կերպ փորձում էր ինձ խաղաժամանակ տրամադրել: Այդ պատճառով չկարողացա շարունակել ելույթներս այնտեղ ու վերադարձա Հայաստան:
— Հայաստան վերադառնալու որոշումը հե՞շտ ստացվեց: Հիմա՝ հետ նայելով, չես կարծու՞մ, որ Ռումինիա տեղափոխվելու որոշումը մի փոքր վաղաժամկետ էր:
— Ինչ արել եմ կյանքում, ոչնչի համար չեմ ափսոսում: Այնտեղ նունպես մեծ փորձ ձեռք բերեցի:
— Հայաստան վերադառնալուց հետո համալրեցիր «Բանանցի» կազմը, սակայն առաջին թիմում հնարավորություն չստացար, թեև Առաջին խմբում արդյունավետ խաղ էիր ցուցադրում: Ի՞նչն էր պատճառը:
— Հայաստան վերադառնալուց հետո 10 օր թիմ չեմ ունեցել, դրանից հետո ինձ զանգեցին «Բանանցից», ասացին, որ տնօրենը ցանկանում է հանդիպել ինձ հետ: Նա ասաց, որ ցանկանում է՝ նորից խաղամ «Բանանցում», բայց սկզբում պետք է հանդես գամ երկրորդ թիմում՝ ընդամենը 4 խաղ, ու երբ տեսնեն, որ լավ մարզավիճակում եմ, կսկսեմ խաղալ «Բանանցի» առաջին թիմում: Մեկ շաբաթ անց տվեցի համաձայնությունս, պայմանագիր կնքեցի, ու երբ առաջնությունը սկսվեց 4 խաղում 4 գոլի հեղինակ դարձա: Զգում էի, որ մարզավիճակս շատ լավն է, սակայն անգամ առաջին թիմում մարզվելու չկանչեցին: Մինչև մրցաշրջանի ավարտը հանդես եկա «Բանանց-2»-ի կազմում, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը միշտ իր խորհուրդներով ինձ օգնում էր, ընկերներս նույնպես: Քանի որ թիմում իրենց խոսքը չպահեցին, ցանկություն հայտնեցի խզել պայմանագիրս:
— Տեղափոխվելով «Արցախ»**, կարելի է ասել, վերակենդանացրիր կարիերադ, սկսեցիր խաղալ ու առաջին գոլդ խփեցիր Բարձրագույն խմբում: Ի՞նչ կասես կարիերայիդ այդ փուլի թիմի մասին:
— Այո, իմ տեղափոխությունն «Արցախ» կարող եմ հաջողված համարել, քանի որ այնտեղ մարզիչներն ինձ վստահում էին, թեև սկզբնական փուլում չէի մասնակցում խաղերին: Բայց գիտեմ, որ դա նույնպես ֆուտբոլիստի համար է: Ամեն օր քրտնաջան մարզվում էի, սպասում էի՝ երբ եմ խաղաժամանակ ստանալու: 1-2 խաղից հետո մարզիչները տեսան, որ կարող եմ նաև մեկնարկային կազմում հանդես գալ, «Լոռիի» դեմ կարողացա գոլի հեղինակ դառնալ վերջին րոպեին ու հաղթանակ պարգևել թիմին:
— «Նոայի» նոր գլխավոր մարզիչը այդքան էլ չէր վստահում քեզ: Ի՞նչ կասես լեգիոներների հետ մրցակցության մասին: Արդյո՞ք մրցակցությունում հաղթելու համար հայ ֆուտբոլիստներին պակասում են որակները կամ վստահությունը, թե՞ մարզիչները պարզապես արտասահմանցիներին են տալիս նախապատվությունը՝ հիմնվելով նրանց տրանսֆերային արժեքի վրա:
— Եթե չեն խաղացնում, բնականաբար, չեն վստահում: Հստակ չեմ կարող նշել՝ ինչու, քանի որ հարցրել եմ մարզչին պատճառը, նա հստակ պատասխան չի տվել: Ոչ մի կերպ չեմ զիջել մրցակցությունում, կարող եմ ասել, որ այն ժամանակ կապ չուներ՝ 700%-ով ես մարզվում, թե 1%-ով. խաղի օրը նա էր դաշտում, ով պետք է խաղար: Ինչպես տեսնում եք՝ «Նոայի» կազմում հենց հիմա կան հայ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ, ավելի լավ խաղալ, պարզապես լեգիոներները կարող են 10 խաղ վատ խաղալ ու նրանց մեկ անգամ կպատժեն՝ խաղաժամանակ չտրամադրելով, իսկ հայ ֆուտբոլիստի մեկ սխալը արժենում է 10 խաղ չխաղալուն: Տեղյակ չեմ նրանց տրանսֆերային արժեքներից, սակայն չեմ կարծում, որ Նեյմարի պես 128 միլիոն արժեք ունեն, որ անպայման պետք է խաղան: Ես նրանց բոլորին հարգում եմ, պարզապես ֆուտբոլային տեսանկյունից շատ հարցեր կան, որոնք կարելի է քննարկել:
— «Արցախում» աշխատել ես Սևադա Արզումանյանի և Կարեն Բարսեղյանի հետ: Նրանց գործոնը որոշի՞չ էր «Վան» տեղափոխվելու հարցում:
— Այո, աշխատել եմ: Նրանք թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիչ իրենց խորհուրդներով օգնում են մեզ, որ լավ մարզվենք ու շարժվենք առաջ: Որոշիչ էր այնքանով, որ միայն նրանք ինձ զանգեցին, ուրիշ ոչ մի թիմ չի զանգահարել, որովհետև այնպիսի ժամանակ դուրս եկա «Նոայից», որ բոլոր թիմերն արդեն համալրել էին իրենց կազմերը: «Վանը» նույնպես համալրված էր, սակայն շնորհակալ եմ նրանց, որ այդ դժվար պահին կանգնեցին իմ կողքին ու հրավիրեցին:
— Ի՞նչ կասես «Վանի», Չարենցավանի երկրպագուների, մարզադաշտի մթնոլորտի մասին:
— Այսքան ժամանակ խաղացել եմ տարբեր թիմերում ու նման աջակցություն չեմ տեսել: Չարենցավանի բնակիչները շատ են սիրում ֆուտբոլ, դա շատ է ոգևորում մեզ և պարտավորեցնում, քանի որ ամեն խաղի դուրս ենք գալիս դաշտ, որ նրանց ուրախացնենք:
— Ի՞նչ նպատակներ ունես՝ կապված «Վանի» հետ:
— «Վանում» իմ և բոլորիս նպատակը Բարձրագույն խմբում խաղալն է: Յուրաքանչյուր խաղին դուրս ենք գալիս հաղթելու նպատակով:
— Երկար տարիներ հանդես ես եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, ներկայումս էլ ներկայացնում ես Մ-21 հավաքականը: Հավաքականի մարզաշապիկով անցկացրած ո՞ր խաղերը կարող ես առանձնացնել:
— Շատ ուրախ եմ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ եմ: Կարող եմ առանձնացնել Իտալիայի հավաքականի հետ տնային հանդիպումը, երբ կարող էինք գոնե ոչ-ոքի խաղալ: Նաև Գյումրիում կայացած խաղը, երբ 2-0 հաշվով հաղթեցինք Լյուքսեմբուրգին:
— Թեև դեռ 21 տարեկան ես, բայց արդեն վերելքներով ու վայրէջքներով հարուստ կարիերա ունես: Եթե հնարավորություն տրվեր՝ ինչ-որ բան կփոխեի՞ր քո կարիերայում:
— Բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերայում ունենում են թե՛ վերելքներ, թե՛ վայրէջքներ: Կփոխեի միայն այն, որ այդքան չէի վստահի մարդկանց: Կյանքում պետք է միշտ մնալ ինքդ քեզ հետ ու փորձել դժվար իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնել:
— Ի՞նչ նպատակներ ու ֆուտբոլային երազանքներ ունես քո առջև, ինչպե՞ս ես մտադիր դրանք իրագործել:
— Իմ նպատակն ու երազանքն է խաղալ Ազգային հավաքականում և ամեն ինչ անել, որպեսզի քայլ առ քայլ խաղալ բարձրակարգ ակումբներում:
* այժմ «Ուրարտու»
** այժմ «Նոա»
Հարցազրույցի պատասխանները նշված են առանց խմբագրության:
Images: Edgar Movsesyan, FFA, FC Noah, FC Urartu, FC Van
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan