Armenian Soccer-ը շարունակում է ներկայացնել հայ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստնեի հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ զրուցել ենք Երևանի «Նոայի» եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանի հետ, ով մրցաշրջանից առաջ վարձավճարով էր տեղափոխվել Երևանի «Ուրարտուից»:
#YoungArmenianTalents
— Ո՞ր տարիքում ես հայտնվել «Բանանցի» մարզադպրոցում: Ինչպե՞ս ես կատարել առաջին քայլերդ ֆուտբոլում:
— 2005թ.-ին՝ 6 տարեկան հասակում: Այդ ժամանակ հենց սկսեցի հաճախել «Բանանցի» մարզադպրոց:
— Հենց սկզբից ձախ եզրային պաշտպանի դիրքու՞մ ես հանդես եկել:
— Ձախ եզրում սկսել եմ խաղալ 13 տարեկանում: Մինչ այդ խաղում էի եզրային կիսապաշտպանի դիրքում, որոշ ժամանակ նաև հանդես եմ եկել կենտրոնական պաշտպանի դիրքում:
— Ո՞րն էր պատճառը, որ «Ուրարտուի» հիմնական թիմում հնարավորություն չստացար:
— Մի քանի տարի հանդես եկա «Բանանցի» երկրորդ թիմում, իսկ հետո գլխավոր մարզիչն ասեց, որ իր ծրագրերի մեջ չեմ մտնում: Այդ պատճառով հանդես չեկա առաջին թիմում:
— Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Նոա»: Արդյո՞ք վարձավճարով տեղափոխության պատճառը ավելի շատ խաղաժամանակ ստանալն էր:
— Գլխավոր պատճառը խաղաժամանակ ստանալն էր, բայց գիտակցում էի, որ «Նոայում» էլ հեշտ չի լինելու միանգամից խաղաժամանակ ստանալ: Ամեն դեպքում, այստեղ հնարավորություն ստանում եմ: Նաև ցանկություն կար փորձել ուժերը Բարձրագույն խմբում, այդ պատճառով տեղափոխվեցի «Նոա»:
— Մրցաշրջանից առաջ ակնկալու՞մ էիր, որ «Նոան» «Ուրարտուից» ավելի բարձր հորիզոնականում կլինի:
— Ինձ թվում է՝ հնարավոր չէ մրցաշրջանից առաջ կանխատեսել, թե որ թիմը մյուսից առաջ կլինի, ու կարիք էլ չկա, քանի որ հանդիպումների մնացած ընթացքը ցույց է տալիս:
— Ի՞նչ կասես նոր թիմում մրցակցության մասին:
— Տղաները հիմնականում փորձառու են, ու նրանց հետ մրցակցելը շատ ավելի օգտակար է իմ որակները բարելավելու համար, և, բնականաբար, յուրաքանչյուր մարզմանը փորձում եմ ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանամ հաղթել մրցակցությունը:
— «Նոայի» կազմում նորամուտդ նշեցիր Բարձրագույն խմբում, սակայն առաջին խաղը հիմնական կազմում անցկացրիր մրցաշրջանի ավարտին մոտ՝ «Ալաշկերտի» հետ: Զգու՞մ ես, որ մարզիչներն ավելի շատ են վստահում:
— Մի քանի խաղի ընթացքում փոխարինման եմ դուրս եկել և մարզումների ժամանակ էլ ինչ-որ չափով փորձել եմ բարելավել որակներս. կարելի է ասել՝ հիմա ավելի շատ են վստահում:
— Հայաստանի Մ-21 հավաքականի հիմնական կազմի խաղացող ես: Ի՞նչ կասես ընթացիկ շրջափուլի մասին:
— Հավաքականի վերջին խաղերում այդքան էլ լավ հանդես չեկանք, շատ եմ ցավում դրա համար: Գլխավոր պատճառներից մեկը, կարելի է ասել, այն է, որ ֆուտբոլիստների հիմնական մասն իրենց թիմերում խաղային պրակտիկա չէին ունենում, դժվար էր կարճ ժամանակում պատրաստվել նման խաղերի:
— Ո՞րն է հավաքականում անցկացրած ամենահիշարժան հանդիպումը:
— Ինձ թվում է՝ Իտալիայի հետ տնային հանդիպումը լավագույնն էր: Լավ պահեր ունեինք, կարող էինք հաշիվը հավասարեցնել: Տպավորիչ հանդիպում էր: Կարող եմ ավելացնել նաև Լյուքսեմբուրգի հետ Գյումրիում անցկացրած հանդիպումը: Հաղթեցինք 2-0 հաշվով, երկրպագուների աջակցությունը շատ մեծ էր ու լավ խաղացինք: Նույնպես շատ տպավորիչ խաղ էր:
— «Նոայում» հանդես ես գալիս վարձավճարով: Մյուս մրցաշրջանի մասին արդեն մտածու՞մ ես. ո՞ր թիմում կցանկանայիր շարունակել ելույթներդ:
— «Նոան» ինձ համար հարազատ ակումբ է դարձել, բայց դեռ հստակ որոշումներ չկան: Մրցաշրջանի ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:
— Միջազգային առաջնություններից ո՞րն ես ամենաշատը սիրում և ո՞ր թիմին ես աջակցում:
— Շատ եմ սիրում Չեմպիոնների լիգան, իսկ միակ համակրելի թիմս «Բարսելոնան» է:
©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan
Images: FC Noah