Նախօրեին տեղեկացրել էինք, որ Երևանի «Փյունիկի» 3 ֆուտբոլիստներ ՀՖՖ կարգապահական ու էթիկայի կոմիտեի կողմից որակազրկվել էին 3-5 խաղով: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում էմոցիոնալ անդրադարձ է ունեցել այդ որակազրկումներին ու խոսել հետագա քայլերի մասին:
«Ինձ այդ կետերը հետաքրքիր չեն: Ես ունեմ աչքեր, ես ունեմ ֆուտբոլային փորձ: Ու թող ինձ ապացուցեն, որ էստեղ արդարություն է գրացնվել: Չապացուցելու դեպքում առաջիկա օրերին՝ էմոցիաներս անցնելուց հետո, ես գնալու եմ այդ որոշումն ընդունողների մոտ: Խոսքը միայն իմ տղաների, իմ ֆուտբոլիստների մասին չէ, այլ նաև՝ մեր հավաքականի: Պետք չի ջարդել:
Եթե ուզում են մեզ խանգարել, եթե ուզում են՝ մենք միավորներ չվաստակենք՝ խնդրեմ, դաշտում արեք դա մեզ հետ, մրցելով արեք: Մենք այդ պայքարին պատրաստ ենք: Դաշտից դուրս, խորհուրդ եմ տալիս, մի՛ արեք: Չե՛ք կարողանալու մեր հոգեբանությունը կոտրել, մենք ուժեղ ենք: Այո, կլինեն խաղեր, որոնցում կպարտվենք. ֆուտբոլ է: Բայց եթե մարդիկ աշխատում են մեզ կոտրել-ջարդել, ասում եմ՝ չի՛ ստացվելու: Ուրիշ մեթոդներ ճարեք:
Մենք թույլ չենք՝ մենք պրոֆեսիոնալ ենք ու համեստ, մենք ադեկվատ ենք:
Այո, եղել է միջադեպ: Բայց չի կարող լինել այնպես, որ 2 ֆուտբոլիստ վիճեն, ու մեր խաղացողը ստանա 5 խաղի որակազրկում, իսկ մրցակցինը՝ 1:
Ինձ կներեք, բայց ես գլխավոր մարզիչ եմ, ով գնում է արդյունքի: Ես չեմ կարող հանգիստ քնել՝ 3 լավագույն ֆուտբոլիստի կորցնելով»,-ասել է Մելիքյանը:
©2021 Armenian Soccer