ՀՀ կրկնակի չեմպիոն,Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է ակումբի նորանշանակ մարզիչ,46-ամյա իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի հետ նոր թիմ գլխավորելու, նպատակների և Հայաստան վերադառնալու մասին:
— Ինչպե՞ս որոշեցիք ընդունել «Արարատ-Արմենիային» միանալու առաջարկը:
— «Արարատ-Արմենիան» ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու: Ես զգում էի, որ իմ աշխատանքը Հայաստանում դեռ չեմ ավարտել, երբ ակումբին միանալու առաջարկ ստացա, որոշեցի ընդունել այն: Կարող եմ ասել, որ սա փոխադարձ համակրանք էր իմ և ակումբի միջև:
— Հետևե՞լ եք «Արարատ-Արմենիայի» խաղերին, ի՞նչ տպավորություն ունեք թիմի մասին:
— «Արարատ-Արմենիան» հաղթող թիմ է՝ շատ լավ ֆուտբոլիստներով, ովքեր լավ մարզված են Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Վստահ կարող եմ ասել, որ այս ակումբին միանալը մեծ մարտահրավեր է այն ավելի զարգացնելու, նոր խաղաոճ ստեղծելու և ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու առումով:
— Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առաջ որպես ակումբի գլխավոր մարզիչ:
— Ես հավատում եմ, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ամեն օր քրտնաջան աշխատել: Պետք է աշխատել քայլ առ քայլ, և մի օր երբ ետ նայես՝ կտեսնես, թե ինչերի ես հասել: Առաջին նպատակն է հստակ խաղաոճ ունենալը:
— Արդեն հանդիպե՞լ եք թիմի ֆուտբոլիստներին:
— Դեռ ոչ, քանի որ Իսպանիայից ժամանելուց հետո խիստ մեկուսացման մեջ էինք: Վաղը այդ կարևոր օրն է մեզ համար, երբ հանդիպելու ենք ֆուտբոլիստների հետ:
— Շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը, ինչպե՞ս եք պատրաստելու թիմին այս կարևոր մրցաշարին:
— Ֆուտբոլը մի խաղ է, որտեղ ամենակարևորը սեփական ուժերին վստահելն է: Իմ առաջ խնդիր է դրված հզոր խաղային մոդել ստեղծել` առանց վախերի: Ինչքան շուտ սկսենք մեր մարզումները՝ այդքան պատրաստ կլինենք մրցել եվրոպական ակումբների հետ:
— Բոլորիս համար բարդ ժամանակներ են, կորոնավիրուսի համաճարակը ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա`անմասն չի մնացել նաև ֆուտբոլը: Ի՞նչ եք կարծում, կլինեն գլոբալ փոփոխություններ ֆուտբոլում համաճարակի ավարտից հետո:
— Ես կարծում եմ, որ լուրջ և պրոֆեսիոնալ ակումբներն ավելի լավ կգոյատևեն այս ընթացքում, քան մյուսները: Փոփոխություններին արագ և հեշտ հարմարվելը հաջողության գրավականներից մեկը կլինի ապագայում:
— Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:
— Հայաստանը հիանալի երկիր է՝ յուրահատուկ մշակույթով և լավ մարդկանցով: Կարծում եմ, որ հայերը հպարտ ժողովուրդ են: Նրանք շատ նման են իսպանացիներին, հենց դրա համար էլ ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը:
Ի դեպ, հայկական խորովածն ուղղակի հիանալի է (ծիծաղում է):
— Եվ վերջում, Ձեր խոսքն ուղղված մեր երկրպագուներին:
— Ես չեմ կարող մեծ խոստումներ տալ մեր երկրպագուներին, բայց ես կարող եմ խոսք տալ, որ նրանք կտեսնեն քրտնաջան աշխատող և կատաղի սոված թիմ, ովքեր կպայքարեն մինչև վերջ: Խոստանում եմ միշտ կատարել իմ պարտականությունները:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է ակումբի նորանշանակ մարզիչ Դավիդ Կամպանիայի հետ նոր թիմ գլխավորելու, նպատակների և Հայաստան վերադառնալու մասին:
©2020 Armenian Soccer