ԲԿՄԱ-ն իր գործընկերներ «Անտարես» հրատարակչության և «Դարան» գրախանութի հետ համատեղ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը բացառիկ է հայկական և միջազգային ֆուտբոլի պատմության մեջ։
Ի տարբերություն այլ ակումբների, ԲԿՄԱ-ն այս մրցաշրջանում խաղադաշտում կներկայացնի Հայաստանի լավագույն հրատարակիչներից մեկին՝ «Անտարեսին» և «Դարան» գրախանութին։
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության՝ ԲԿՄԱ-ի տնային խաղերի ժամանակ մարզադաշտում կտեղադրվեն «Գլխո՛վ խաղա» գրությամբ պաստառներ: Ամբողջ տարվա ընթացքում ֆուտբոլային ակումբի և հրատարակչության կողմից կիրականացվեն մի շարք կրթական եւ գրային միջոցառումներ։
Համագործակցության նպատակն է երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում ընթերցանության խթանումը և գրքասերների շրջանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն ու նրանց մարզադաշտ հաճախելուն նպաստելը:
Հուլիսի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մարզադաշտում հայտարարվեց ծրագրի մեկնարկի մասին։ Միջոցառմանը մասնակցում էին ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, Հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը, «Դարան» գրախանութի տնօրեն Աննա Մարգարյանը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ԲԿՄԱ-ի ու Հայաստանի տարբեր հավաքականների ֆուտբոլիստներ Ժիրայր Շաղոյանը, Արման Ներսեսյանը, Միքայել Միրզոյանը, Վահրամ Մախսուդյանը և ուրիշներ:
«Անտարեսը» և «Դարանը» ավանդույթի համաձայն նվիրեցին գրքեր:
©2022 Armenian Soccer