ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով, որի ընթացքում՝ մինչ հարցուպատասխանին անցնելը, անդրադարձել է մի շարք հարցերի:
Հայաստանի հավաքականի մրցելույթների մասին
Հավաքականի մասով տարին 2 հատվածի բաժանվեց՝ գարնանային հատվածն ու 2 ընկերական խաղերը, և աշնանային հատվածը՝ պարտություններ ու ոչ-ոքիներով: Գարնանային հատվածը բարձրացրեց մեր սպասելիքների նշաձողը:
Կարծում եմ, եթե այդ 12 միավորը լիներ նաև երկրորդ կեսում, ապա հիասթափություն չէր լինի։ Փաստենք, որ մեր գրանցած արդյունքը պատմության մեջ երկրորդ արդյունքն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր նպատակը յուրաքանչյուր խաղում միավոր վաստակելն է, որը ստացվեց խաղերից 7-ում։ Կարևոր ձեռքբերումն այն էր, որ հավաքականում ունենք մեծ թվով ֆուտբոլիստներ, և դադարել է լինել փակ, որտեղ հրավիրվում են միշտ նույն ֆուտբոլիստները։ Հիմա մենք ունենք 5 տասնյակ ֆուտբոլիստներ, որոնց շրջանում է մարզիչն ընտրություն կատարում։ Մենք Կապառոսին հստակ խնդիր ենք առաջադրել՝ պետք է պայքարենք, ներգրավվենք նոր ֆուտբոլիստներ և հետագայում պայքարենք EURO 2024-ի համար։ Մենք հիմա այդ փուլում ենք, որտեղ դեռևս մեր մշակած ծրագիրն ընթացքի մեջ է։
Առջևում ունենք Ազգերի լիգայի մրցաշար, և հավաքականի առջև խնդիր է դրված կայունացնել խաղը։ Նվազագույն խնդիրն է՝ դուրս չմնալ Բ դիվիզիոնից։
Հայաստանի հավաքականում նոր ֆուտբոլիստների ներգրավվման մասին
Նախորդ ընտրական փուլում ակտիվ գործընթաց է եղել, մենք օգտագործել ենք բոլոր ռեսուրսները՝ երիտարդական հավաքական, ԲԽ առաջնություն և իհարկե արտասահմանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներ։ 3 ուղղություններով աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել գալիք տարում։
Ենթակառուցվածքների մասին
ենթակառուցվածքների զարգացումը կարևորագույն ոլորտ է մեզ համար։ Մենք հետամուտ ենթակառուցվածքների բարելավմանը և աշխատում ենք դա անել մարզերում։ Մենք արդեն ավարտել ենք փոքր դաշտերի կառուցման առաջին փուլը և հանձնել 90 խաղադաշտ 7 մարզում։ Ծրագիրը շարունակական է լինելու: Մարզադաշտերը հիմնականում օգտագործվում են մեր փառատոնների անցկացման,
Ենթակառուցվածքների մասով մեր երկրորդ ծգաիրը խոշոր ենթակառուցվածքների բարելավումն էր: Այս տարի շատ ակտիվ ծրագրեր իրականացրինք, դրանց թվում՝ Արմավիրի մարզադաշտի բացումն էր, որին չեմ անդրադառնա՝ ինքներդ տեսաք: Ավարտում ենք Աբովյանի և Վանաձորի մարզադաշտերի շինաշխատանքները։ Գալիք տարվա առաջին կիսամյակում երկուսն էլ, վստահ եմ, կհանձնենք շահագործման: Բացի դա՝ ունենք ևս երեք ծրագիր: Մասնավորապես, լուսավորություն կտեղադրվի Գյումրիի քաղաքային մարզադաշտում, գարնանը կսկսվի տեղադրման փուլը, ապա՝ Աբովյանում և Երևանի Շենգավիթի ֆուտբոլի դպրոցի խաղադաշտը կլուսավորվի։ Հետևաբար՝ այդ մարզադաշտերում հնարավորություն կընձեռվի խաղալ նաև երեկոյան: Բոլոր մարզադաշտերում նախատեսում ենք անցկացնել տարբեր տարիքային հավաքականների հանդիպումներ։ Նշեմ, որ մարտի 24-ին կայանալիք Հայաստան-Ուկրաինա երիտասարդական հավաքականների հանդիպումն անցկացվելու է Արմավիրի նորաբաց մարզադաշտում:
ՀՖՖ-ն կարևորում է, որ հաջորդ տարվա ընթացքում շահագործման կհանձնենք Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցը, որտեղ կմարզվի 200 երեխա։ Հետագայում, կարծում եմ՝ այսպիսի ծրագրեր էլի կլինեն։
VBET ՀՊԼ-ի մասին
VBET ՀՊԼ-ն կարծում եմ նոր ընթացք է ստացել։ Մենք համատեղ ջանքերով փորձում ենք առաջնութունն ավելի դիտարժան դարձնել․ Այս առումով կարևորագույն դեր է խաղալու հաջորդ տարի VAR համակարգի ներմուծումը։
Շատ ակտիվ աշխատանքներ են տարվում, արդեն հստակեցվել են մրցավարների վերապատրաստման ժամկետները: Մենք արդեն մասնագետներ ենք ներգրավել, ովքեր դասախոսություններ են կարդում, և հուսանք հաջորդ մրցաշրջանում Հայաստանում հնարավոր է ունենանք VAR համակարգ; Սա միանշանակ մեր առաջնությունը դարձնելու է ավելի լավը, բարձրացնելու է վստահության մակարդակը։
Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ խմբային փուլում է հանդես եկել եվրագավաթներում։ Լավ մրցելույթներով աչքի է ընկել «Արարատը», և հույս ունենք, որ գալիք տարի կհաջողեն մեր թիմերը։
Գոհ ենք ԲԿՄԱ-ի նախագծից, ընթացքից, ուրախալի է «Նորավանքի» փաստը, որի մարզադաշտը գրեթե պատրաստ է: Եվս մի կետ. վերջապես օգոստոսին ֆուտբոլը Կապան վերադարձավ , այնտեղ Առաջին խմբում խաղում է «Գանձասարը»։
Ֆուտբոլի մասսայականացման մասին
Այստեղ 2 կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել: Առաջինը սիրողական առաջության մեկնարկն է։ Հաջորդ տարի մենք պետք է մեծացնենք աշխարհագրությունը։
Մյուսը դպրոցական առաջնության շատ կարևոր նախաձեռնություն է: Բազմաթիվ երեխաներ հնարավորություն ունեն ֆուտբոլ խաղալ ու հաճույք ստանալ։
Սրանք այն հարցերն էին, որոնց մասին ինքս ցանկանում էի խոսել:
©2021 Armenian Soccer