ՀՊԼ-ի 2020-21 մրցաշրջանի նորեկ «Վանը» շատ ավելի փորձառու մրցակիցներից ոմանց համար առաջնության աշնանային հատվածում տհաճ անակնկալի հեղինակ դարձավ… Թիմն այս պահին 7-րդն է, ու թեև իր ակտիվում ունի ընդամենը 3 հաղթանակ 11 խաղում, սակայն վստահաբար հեշտ մրցակից չի կարող համարվել:
Այն մասին, թե ինչպես են ակումբում գնահատում «մեծերի» առաջին մրցաշրջանի արդեն կայացած հատվածն ու ինչին են պատրաստվում, զրուցեցինք «Վանի» Մարքեթինգի ու զարգացման բաժնի ղեկավար Արման Դանիելյանի հետ:
Արման, սկսենք այս պահին, թերևս, ամենակարևոր հարցից. մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից ընդամենը 2 շաբաթ առաջ «Վանը» մարզչական փոփոխության գնաց… Ի՞նչն էր պատճառը
Իրականում այդ փոփոխությունը կատարվել էր ավելի վաղ։ Դեռ տարեսկզբից թիմը մարզում է նոր մարզչական շտաբը, որի գլխավորությամբ էլ «Վանն» այժմ նախապատրաստվում է մրցաշրջանի վերսկսմանը և անցկացնում է բոլոր ընկերական հանդիպումները։ Կոնստանտին Զայցևը խոստումնալից և երիտասարդ մասնագետ է, ով որոշակի հաջողություններ է գրանցել Ռուսաստանում։ Բավականին երկար ժամանակ հետևել ենք նրա աշխատանքին և երկու անգամ մտածելու կարիք չենք ունեցել որոշում կայացնելիս:
Թիմից վերջերս հեռացած Ստանիսլավ Եֆիմովը հայտարարեց, որ իր պայմանագիրը չերկարաձգելու պատճառներից մեկն ակումբի նոր քաղաքականությունն էր՝ թիմի կազմը երիտասարդացնելու: Առհասարակ՝ ի՞նչ ակումբային քաղաքականության է դավանում այսօրվա «Վանը», որո՞նք են առաջնահերթությունները:
«Վանը» ցանկանում է իր կազմում ներգրավել երիտասարդ և ամբիցիոզ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են թիմի հետ կատարել հաջորդ քայլը և զարգանալ։ Այս ձմեռային տրանսֆերային պատեւհանի ընթացքում մենք արդեն զգալիորեն երիտասարդացրել ենք մեր կազմը և աշխատանքերն այդ ուղղությամբ դեռ ավարտված չեն:
Թիմն առաջին մրցաշրջանն է անցկացնում Պրեմիեր լիգայում: Մրցաշրջանի առաջին հատվածը կամփոփե՞ք:
Ակումբում հավաքված են մաքսիմալիստներ։ Գուցե որոշ մարդկանց համար այն արդյունքը, որը մենք ունենք այս պահին, լավ է, բայց մեր կարծիքով հնարավոր էր անել ավելին։ Աշնանային հատվածը ցույց տվեց, որ մենք մրցունակ ակումբ ենք և յուրաքանչյուր խաղում կարող ենք հաղթանակ տանել։ Այս պահի դրությամբ ունենք 7 պարտություն, որից 6-ում նվազագույնը արժանի չէինք պարտությանը, իսկ ճնշող մեծամասնությունում պե՛տք է հաղթեինք։
Ըստ այդմ, ինչպե՞ս եք նախապատրաստվում գարնանային հատվածին, ինչ ծրագրեր ունե՞ք, արդեն իսկ անցկացրած հատվածից գո՞հ եք:
Արդեն 2-րդ հավաքն ենք անցկացնում Չարենցավանում։ Այս պահին ընկերական հանդիպումներում գրանցել ենք 3 չոր հաշվով հաղթանակ և կրել ենք 1 պարտություն։ Քանի որ ՀՊԼ-ն այս տարի վերսկսվում է ավելի վաղ, քան երբևէ, մարզումների համար ժամանակը սուղ է, բայց ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի։
Մրցաշրջանի գարնանային հատվածում ձեզ սպասում է գավաթային պայքար, ինչպես նաև՝ պայքար ուժեղագույն վեցնյակում հայտնվելու ու մրցանակային խմբում ուժերը չափելու: Ի՞նչ ակնկալիքներ ունեք և որն է 2020/21 մրցաշրջանում թիմի նպատակը:
Այո, իրավացի եք: Նպատակը վեցնյակում հայտվելն ու մրցանակային տեղերի համար պայքարելն է՝ ցույց տալով գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ:
Այդ դեպքում ի՞նչն այս պահին չի բավարարում «Վանին»` ՀՊԼում լիարժեք պայքարի համար:
Մենք չենք ցանկանում կրկին հիշել բոլոր բացասական դրվագները, որոնք տեղի ունեցան թե՛ խաղի առումով, թե՛ այն 6 միավորների առումով: Ցանկանում ենք գարնանային հատվածում խուսափել նմանօրինակ երևույթներից ու ցանկացած հանդիպմանը դուրս գալ հաղթելու և դիտարժան խաղ ցույց տալու նպատակով:
Արման, վերադառնալով ՀՊԼ-ում թիմի առաջին մրցաշրջանին. արդյո՞ք դժվար անցավ առաջին խմբից հետո այս անցումը:
Անցումը Առաջին խմբից ՀՊԼ բարդ չստացվեց, քանի որ ակումբում հավաքված են բարձր մակարդակում հանդես եկած ֆուտբոլիստներ: Բացի դա՝ այդ գործում իր ներդրումն է ունեցել Սևադա Արզումանյանի մարզչական շտաբը, որն իր փորձով անցումը դարձրեց աննկատելի։
©2021 Armenian Soccer
Images: FC Van