Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Բարեղամյան. «Ակումբից հեռանում եմ, բայց կապերս չեմ խզում»

Aram Bareghamyan

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ իր հետքը թողած Արամ Բարեղամյանն այլևս չի շարունակի իր գործունեությունն ակումբում։ 2020 թվականից ակումբի գլխավոր, այնուհետև երկրորդ թիմում մարզչական գործունեություն ծավալած մասնագետը ակումբի լրատվական ծառայության հետ զրույցում ամփոփել է այս ժամանակահատվածում թիմերի հետ կատարած իր աշխատանքը․

 

Գլխավոր մարզչի պատասխանատվության մասին

2020 թվականի մարտին ես «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնից անցում կատարեցի երկրորդ թիմին՝ գլխավորելով այն։ Միանշանակ, սա նոր մարտահրավեր էր, պատասխանատվությունը՝ որպես որոշումներ կայացնողի, մեծ էր, ու գործունեությունս խստորեն տարբերվում էր մինչ այդ մարզչի օգնականի աշխատանքից։ «Ուրարտու-2»-ում իմ աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք էր կրթական մոտեցում ցույց տալ և տալ ֆուտբոլիստներին այն գիտելիքները, որոնք նրանք կկիրառեին խաղերի ժամանակ, բացի այդ՝ հետագա կարիերայի ընթացքում։

 

Մրցաշրջանի ամփփում

Եթե խոսենք նախորդ մրցաշրջանի մասին, կասեմ, որ մենք բոլոր դուստր թիմերից ամենալավ արդյունքներն ունեցանք, ու այդպիսով թիմի առջև դրված խնդիրը լուծեցինք, իսկ ինչ վերաբերում է 2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածին, որպես այդպիսին՝ խնդիրը նույնն էր, բայց տարբերությունն այն էր, որ թիմում շատ էին ավելի երիտասարդ ֆուտբոլիստները։ Բայց եթե այս հատվածը վերլուծենք արդյունքի տեսանկյունից, ապա կասեմ, որ ավելին կարող էինք անել, որովհետև մեր ցուցադրած խաղերը չէին համապատասխանում գրանցած արդյունքներին, և եթե հետ բերենք կորցրած միավորները, թիմը գոնե 4-րդ հորիզոնականով պետք է ավարտեր այս հատվածը։

Տարեվերջյան 4 խաղերում մենք 2 հաղթանակ գրանցեցինք, 2 ոչ-ոքի, ընդ որում, մեկն առաջատար «Շիրակի» հետ խաղում։ Այս կերպ մենք ապացուցեցինք, որ թիմն արդեն հասունացել է, ձևավորվել է որպես թիմ, և պատրաստ է լավ խաղեր ցուցադրել ու հաղթել։ Իմ հեռանալուց հետո նրա հետագա արդյունքները կապված կլինեն այն բանի հետ, թե որքանով թիմը կպահպանվի:

 

«Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների մասին տարիքային տարբեր հավաքականներում

Այս ընթացքում մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տվել է։ Դա փաստում է այն, որ մեր 2004 թվականին ծնված բոլոր ֆուտբոլիստները, բացի վնասվածք ունեցող Արթուր Իսրայելյանից, այս տարի ընդգրկվեցին Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականում։ 3 խաղացող էլ 2003 թվականների հետ հաղթահարեցին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման փուլը՝ մասնակցելով թիմի բոլոր երեք խաղերին։

Այս տարի առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականից հրավեր ստացավ Տիգրան Այունցը։ Նա թիմի լավագույն ռմբարկուն է, շատ լավ մրցաշրջան է անցկացնում, և այն փաստը, որ նա կարողանում է հանդես գալ խաղադաշտի ցանկացած դիրքում, ինձ համար դիտվում է որպես առավելություն։ Այդ ունիվերսալությունը նրա լավագույն կողմերից է…

 

Գլխավոր թիմի հետ համագործակցության մասին

Մեր համագործակցությունը ոչ միայն ակադեմիայի, այլև գլխավոր թիմի հետ է եղել։ Կան ֆուտբոլիստներ, որոնք ժամանակ առ ժամանակ միացել են մեզ և խաղացել են, այստեղ դեր ունի նաև այն հանգամանքը, որ գլխավոր թիմում խաղաժամանակ չստանալու կամ քիչ ստանալու դեպքում մեզ հետ խաղերը օգնել են նրանց մարզավիճակ պահելու հարցում:

 

Երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու առանձնահատկությունների մասին

Ցանկացած թիմում ցանկացած աշխատանք կատարելիս և նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ խաղում էի, ես մշտապես մտածել եմ՝ ի՞նչ անել, որպեսզի երիտասարդները բարելավեն իրենց որակները։ Փորձել եմ այդ հարցում օգնել նրանց՝ խաղի ընթացքում խորհուրդներով, մարզչի կարգավիճակում՝ կոնկրետ գործողություններով, ինչպես նաև վստահություն հաղորդելով։ Ունենք շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում նրանք հայկական ֆուտբոլին շատ պիտանի կլինեն:

 

«ՈՒրարտուից» հեռանալու մասին

Հաշվի առնելով այն, որ այստեղ ես առաջին քայլերս եմ արել ֆուտբոլում, խաղացել երկար տարիներ, հետո շարունակել աշխատել ներկայիս սերունդների հետ, կարող եմ ասել, որ «Ուրարտուն» իմ երկրորդ տունն է եղել, երկրորդ ընտանիքը, դա կփաստեն բոլորը, ովքեր ինձ հետ միասին աշխատել են։

Հեռանում եմ ակումբից, բայց սա չի նշանակում, որ խզում եմ իմ կապերը նրա հետ, շարունակելու եմ մնալ ակումբի երկրպագուն, հետևելու եմ թիմերի ու այստեղի ֆուտբոլիստների զարգացմանը, հատկապես նրանց, ում հետ ես աշխատեցի, ու լիահույս եմ, որ նրանք ունեն իրենց ասելիքն ինչպես «Ուրարտուում», այնպես էլ հայկական ֆուտբոլում։

Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը այս տարիների ընթացքում ինձ սատարելու համար, ակումբին ու նրանց ցանկանում եմ ամենալավը, «Ուրարտուն» ինձ միշտ հարազատ կմնա: