Ինչպես հայտնի էԵրևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում ամենից շատ հանդիպում անցկացրած Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել ու առաջիկայում արդեն ծավալելու է մարզչական գործունեություն։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից,գործնական ֆուտբոլին հրաժեշտ տալուց առաջ, Բարեղամյանը հանդես է եկել հրաժեշտի նամակով․
«Ահա և եկավ այդ օրը…
Ավելի քան 17 տարի տևած պրոֆեսիոնալ կարիերայից հետո, որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլիստի կարիերաս: Գուցե և շատերի համար անսպասելի որոշում է, քանի որ մինչև վերջին խաղս եղել եմ մեկնարկային կազմի խաղացող, եղել եմ մրցունակ և այժմ էլ այդպիսինն եմ։ Ավարտում եմ կարիերաս՝ մրցունակ լինելով, քանի որ կարծում եմ, որ այսպես ավելի գեղեցիկ է:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ ու դարձել իմ ֆուտբոլային պատմության մի մասը: Շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին, գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանին, ակումբի ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ բոլոր այն մարզիչներն, ում հետ աշխատել եմ, ովքեր նպաստել են իմ որպես ֆուտբոլիստ կայանալուն: Շնորհակալ եմ մեր ակումբի բոլոր աշատակիցներին՝ թիմի պետից մինչև բժիշկներ, մերսողներ, ադմինիստրատորներ, բանվորներ, խոտածածկի պատասխանատուներ, խոհարարներ, հավաքարարներ, պահակներ, մի խոսքով շնորհակալ եմ բոլորին։
Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, հետագայում մաղթում եմ նրանց ամենալավը: Պատիվ էր այս թիմի ավագի թևկապը կրելը։
Շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին, որ այս երկար տարիների ընթացքում համբերատար տարել են իմ՝ ֆուտբոլային քմահաճությունները և ամեն հարցում աջակցել են ինձ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ակումբի երկրպագուներին, “South West Ultras”-ի տղաներին, ովքեր միշտ մեր կողքին են եղել, թե՛ լավ, թե՛ վատ օրերին: Շնորհակալ եմ Ձեզ։ Միասին մենք միշտ ավելի ուժեղ ենք եղել։
Ինչպես ասում են, ամեն ինչի ավարտը, մի նոր բանի սկիզբ է: Այսպես է նաև այս դեպքում: Այսքանով չի ավարտվում իմ ֆուտբոլային ճանապարհորդությունը: Իմ կյանքում նոր էջ է սկսվում:
Ակումբի ղեկավարության` Ջևան Չելոյանցի, Հրաչ Աղաբեկյանի և ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կողմից ստացել եմ առաջարկ ընդգրկվելու իմ թիմի մարզչական շտաբում՝ որպես օգնական, ինչը մեծ սիրով և պատասխանատվությամբ ընդունել եմ:
Իրականում բավականին դժվար որոշում էր ինձ համար ավարտել կարիերաս, սակայն գիտակցում եմ, որ որպես ֆուտբոլիստ` հայկական ֆուտբոլին թերևս քիչ բան ունեմ տալու, իսկ որպես մարզիչ անելիքներս շատ են:
Ուրախ եմ, որ չեմ հեռանում ֆուտբոլային իմ ընտանիքից և հուսով եմ՝ կկարողանամ օգտակար լինել թիմիս իմ փորձով ու այն գիտելիքներով, որոնք նոր պետք է ստանամ:
Նորից եմ ասում, իմ կյանքում սկսվում է նոր փուլ և ես պատրաստ եմ այդ մարտահրավերին։
ՄԻՇՏ ԱՌԱՋ «ՈՒՐԱՐՏՈՒ»։
Հարգանքներով՝
Արամ Ալբերտի Բարեղամյան»:
©2020 Armenian Soccer