Սովորաբար առաջնությունների մեկնարկային խաղերին թիմերը մոտենում են զգուշաբար. դեռ խաղակցվածություն չկա, խաղային ռիթմին վերադարձ չկա, կա զգուշավորություն՝ մրցակիցներին ուսումնասիրելու ու ճանաչելու, նորեկներն էլ, սովորաբար, սենսացիա չեն կերտում…
Սովորաբա՛ր:
Ֆուտբոլի Հայաստանի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկը միանշանակ այս «սովորաբարների» մեջ չի տեղավորվում: Մեկնարկային տուրի 5 խաղում թիմերը խփեցին 25 գնդակ, ընդ որում՝ 5 խաղից 3-ում թիմերից մեկը դաշտից հեռացավ առանց խփված գնդակի: Ընդամենը 1 տուրից հետո արդեն 20 ֆուտբոլիստ գոլի հեղինակ է դարձել: Ու սա դեռ միայն չոր փաստերն են..
Բանակայինների չմոտիվացված պարտությունն ու Գևորգ Ղազարյանի 50-րդ գոլը Հայաստանի առաջնությունում
Տուրի մեկնարկային խաղում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը» 4:0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Բանակայինները առաջնության նորեկներից են: Մեծ հաշվով՝ թիմ են առանց ամբիցիայի, քանի որ թեև հանդես է գալիս Պրեմիեր լիգայում նույն պայմաններով, ինչ մյուս ակումբները (հաղթանակի դեպքում միավորները գրանցվում են հաշվարկվում, պարտության դեպքում էլ մրցակիցների միավորներն են հաշվարկվում), սակայն կա մի մեծ «բայց». ԲԿՄԱ-ն, ուղեգիր նվաճելու դեպքում, իրավունք չի ունենա հանդես գալու եվրագավաթներում: Այս պարագայում բանակայինների մոտիվացիան միայն հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում լինելն է, ինչն էլի վատ չէ, բայց ակումբային՝ ոչ անհատական ֆուտբոլի համար բավարար չէ:
Արդյունքում՝ հենց մեկնարկում պարտություն 0:4 հաշվով: «Փյունիկի» 4-րդ գնդակն, ի դեպ, հեղինակեց հարազատ ակումբ վերադարձած Գևորգ Ղազարյանը՝ Հայաստանի առաջնություններում խփելով իր 50-րդ գոլը:
Չեմպիոնի տապալումը
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» առաջնությունը սկսեց խոշոր հաշվով պարտությամբ. 3 անպատասխան գնդակ «Արարատ-Արմենիայից»… Իհարկե, կարելի է «արդարացնել» այդ ամենը եվրագավաթային խիտ գրաֆիկով, մրցակցի թարմությամբ, մարզչական անորոշություններով… Բայց փաստը մնում է փաստ.չեմպիոնը ցուցադրեց անատամ խաղ ու բաց թողեց 3 գնդակ:
Այս Խաղը, թերևս, կարելի է հիշել մեկ կիսաաֆուտբոլային ու մեկ արտաֆուտբոլային դրվագով. «Ալաշկերտը» կրկին մարզիչ ունի ու մարզիչը կրկին Ալեքսանդր Գրիգորյանն է, «Նաիրի» մարզադաշտի խաղադաշտն էլ ապահովագրված չէ մարդկանց չորքոտանի բարեկամների այցերից:
Սպասենք զուտ ֆուտբոլային զարգացումներին:
Ռոբերտ Արզումանյանի հաջողված դեբյուտը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն այս ամռանը ստանձնեց Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզչի պարտականությունները: Թիմը Հայաստանի առաջնություններում իր առաջին խաղը նոր մարզչի գլխավորությամբ անցկացրեց առաջնության նորեկ «Նորավանքի» դեմ: Արդյունքը՝ 3:0:
Գոլ՝ ՀՊԼ-ում գտնվելու 20-րդ վայրկյանին
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի անակնկալներից մեկը մատուցեց առաջնության նորեկ «Սևանը» Չարենցավանի «Վանի» դեմ խաղում: Արմեն Շահգելդյանի սաներն իրենց դեբյուտը նշանավորեցին հանդիպման 20-րդ վայրկյանին խփած գոլով: Պատմական գոլի հեղինակ դարձավ Վանաձորի լուծարված «Լոռիից» «Սևան» տեղափոխված Կլաուդիրը: Հետաքրքիր է, որ արագ գոլը միայն բացեց առաջնության նորեկների ախորժակը. Մենսալաո Լիման հեթ-թրիկի հեղինակ դարձավ, ևս մեկ գոլ էլ սևանցիների կազմում խփեց Էբրիման… Արդյունքում՝ 5:2 հաշվով հաղթանակով ամրագրված ամբիցիաներ:
Կարմիր քարտ, առաջնության 2-րդ հեթ-թրիկն ու 8 գոլ
Առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղային օրը ավելին քան գոլառատ ստացվեց: Ու եթե «Սևան»-«Վան» խաղում երկրպագուներն ականատես եղան 7 գնդակի, ապա Երևանի «Արարատի» ու «Նոայի» միջև խաղը գերազանցեց արդյունավետությամբ՝ 8 գնդակ…
Արդեն 1-ին խաղակեսից հետո «Արարատը» 4:1 հաշվով առջևում էր: Առհասարակ առաջին կեսում իրադարձությունների մի ամբողջ բույլ գրանցվեց՝ կարմիր քարտ, 5 գնդակ, որոնցից 4-ը՝ Հայաստանի գործող փոխչեմպիոնի դարպասին… 2-րդ խաղակեսում գոլերն «ընդամենը» 3-ն էին, 3-ն էլ՝ «Արարատի» կողմից խփված: Արդյունքում՝ Յակուբա Սիլուեն ձևակերպեց մեկնարկային տուրի ու խաղային օրվա 2-րդ հեթ-թրիկը, իսկ «Արարատն» էլ, որ ընդամենը 4 օր առաջ էր եվրագավաթային ծանրագույն ու գոլառատ հանդիպման մասնակցել լեհական «Շլյոնսկի» դեմ Վրոցլավում, 7:1 հաշվով հաղթանակ գրանցեց…
Ահա այսպիսին էր Հայաստանի 30-րդ առաջնության 1-ին տուրը:
Ու դուք դեռ մտածում եք, որ Հայաստանի Պրեմիեր լիգան անհետաքրքի՞ր է…
©2021 Armenian Soccer