Armenian Soccer
Armenian Soccer

ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ․ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ»

ՀՀ պրիմեր լիգային առաջանության 2–րդ տուրի  օգոստոսի 23-ին Երևանի «Փյունիկի» հետ խաղի նախօրեին «Ուրարտուի»  մամուլի ծառայությունը զրուցել է«Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովի հետ։ 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ խանդավառությամբ է թիմը սպասում առաջին պաշտոնական հանդիպմանը․
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Աշխատանքն ընթանում է բնականոն հունով։ Ես կարծում եմ, որ շատ շուտվանից մենք պատրաստ էինք առաջնության մեկնարկին, որովհետև կարելի է ասել, որ մոտ 2 ամիս նախապատրաստվում էինք։ Վատ է, որ առաջին տուրում մենք «Լոռիի» հետ հանդիպում չանցկացրինք։ Ճիշտ է, մեզ հաղթանակ շնորհվեց, բայց խաղային տոնուսը նույնպես շատ կարևոր է։ Բոլոր տղաները պաշտոնական խաղեր անցկացնելու մեծ ցանկություն ունեն։ Կարծում եմ, որ նրանք առաջիկայում դուրս կգան խաղադաշտ միայն հաղթանակ տոնելու մտքով ու ցանկությամբ»։
«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄԱՍԻՆ
«Մրցակցի խաղն իհարկե դիտել ու վերլուծել ենք։ Իմ կարծիքով «Փյունիկը» շատ է փոխվել, մեծ թվով նոր ֆուտբոլիստներ կան, լավ մարզչական շտաբ ունեն, բայց մեզ համար առաջնայինը մեր ֆուտբոլն է։ Եթե կարողանանք ցույց տալ այն խաղը, որը դավանում ենք և կատարենք մարզչի ցուցումները, ապա հաստատ կարող ենք հասնել ցանկալի արդյունքին»։
ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Տրամաբանական է, որ թիմը պայքարելու է ամենաբարձր տեղերի համար։ Մենք բոլորս այստեղ հավաքվել ենք հենց դրա համար։ Թիմը համալրել են մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ։ «Ուրարտուն» միշտ էլ մեծ ամբիցիաներով թիմ է եղել, ուստի առաջադրված խնդիրներն էլ առավելագույնն են»։
ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Ինձ շատ լավ եմ զգում։ Ինչպես գիտեք մենք դարպասապահների նոր մարզիչ ունենք։ Նա հետաքրքիր մեթոդիկա ու մոտեցում ունի։ Մեր բոլոր դարպասապահներն էլ այժմ լավ մարզավիճակում են գտնվում։ Միմյանց հետ մրցակցելով մենք բոլորս էլ առաջադիմում ենք։ Ուստի այն իրավիճակը, որը ստեղծված է «Ուրարտուում» շատ լավ հնարավորություն է մեզ՝ դարպասապահներիս համար, որպեսզի դառնանք ավելի լավը»։

©2020 Armenian Soccer