Armenian Soccer
Armenian Soccer

«Ամեն ինչ կանենք, որ պատճաշ ներկայանանք գարնանային հատվածին»

ՀՀպրիմեր լիգայիընթացիկ առաջնության առաջատար Երևանի  «Արարատի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ակումբի մամաուլի ծառայությանը  տված հարցազրուցյում ամփոփել է մրցաշրջանի աշնանային հատվածը և պատմել է առաջիկա պլանների և անելիքների մասին։
— Ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջանի առաջին հատվածը։ Ի՞նչ հաջողվեց անել և ինչ՝ ոչ։
Դժվար է գնահատական տալ մրցաշրջանի առաջին հատվածին։ Այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շատ խնդիրներ ունեցանք։ Այդ խնդիրը կար ոչ միայն մեզ մոտ, այլ նաև ամբողջ աշխարհում։ Չկարողացանք ՀՖՖ-ի կողմից նախօրոք տրամադրված խաղացանկով խաղալ, ինչը, բնականաբար, ազդեց ելույթների վրա։ Բոլոր թիմերն էլ ունեին այս խնդիրը, եղան խաղեր որոնք բաց թողեցինք և երկար ժամանակ զրկվեցինք խաղային տոնուսից։ Կորոնավիրուսի համաճարակի, ինչպես նաև չարաբաստիկ պատերազմի պատճառով թիմը նաև հոգեբանական ծանր վիճակում էր և չէր կարող այս ամենն անհետևանք անցնել։ Սա է պատճառը, որ առաջին շրջանին կփորձեմ գնահատական չտալ։ Ճիշտ կլինի գնահատական տալ առաջնության ավարտից հետո։
Մարզչական կազմը փորձեց ամեն ինչ անել այս ընթացքում, որպեսզի բնականոն հունով անցկացնենք մրցաշրջանը։ Կարելի է ասել, ինչ-որ չափով ստացվեց, սակայն գնահատական տալ չեմ ցանկանում։
-Համեմատականներ անցկացնենք նախորդ առաջնության հետ։ Արդյո՞ք թիմերի մակարդակում փոփոխություններ նկատո՞ւմ եք:
Կարծում եմ առաջնության թիմերի մակարդակը նույնն է մնացել։ Անցած տարվա հետ համեմատած, այն թիմերը որոնք պայքարում էին մրցանականային տեղերի համար, մնացել են մրցունակ և նրանց ավելացել է «Ուրարտուն»։ Անցած տարի «Շիրակն» էր պայքարում մեդալների համար, այս տարի ակումբում մեծ փոփոխություններ եղան՝ թե՛ մարզչական, թե՛ խաղացողների, և այդ ամենը չէր կարող չազդել թիմի վրա։ Կարող եմ ասել, որ կրկին առաջին վեցնյակը պայքարում է մրցանակային տեղերի համար և առաջնության երկրորդ հատվածն ավելի դիտարժան է լինելու։
— Ինչպիսի՞ն է լինելու թիմի ծրագրերը ձմեռային դադարի ընթացքում:
Հունվարի 7-ից, եթե ամեն ինչ մեր ծրագրով ընթանա, ապա մինչև հունվարի 28-ը մարզվելու ենք Ձորաղբյուրի մարզաբազայում՝ անցկացնելով երկու ընկերական հանդիպում։ Նախ հունվարի 16-ին կմրցենք «Շիրակի» հետ , այնուհետև հունվարի 23-ին՝ «Ուրարտուի»։
Մենք ծրագրում ենք նաև մեկ ուսումնամարզական հավաք արտրերկում, եթե կորոնավիրուսի համաճարակը խոչընդոտ չլինի։ Այս պահին հստակություն չկա, թե որտեղ ենք անցկացնելու։ Աշխատանքներ են ընթանում, որպեսզի լավագույն տարբերակը գտնենք։ Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ծրագրում ենք, ապա հունվարի 28-ից փետրվարի 10-ը կանցկացնենք ուսումնամարզական հավաք՝ երեք ընկերական խաղով, որից հետո կվերադառնանք ու կպատրաստվենք առաջնության վերսկսմանը։
— Ի՞նչ փոփոխություններ կցանկանաք տեսնել կազմում ձմեռային դադարի ընթացքում։
Երկու-երեք խաղային դիրքի ուժեղացում ենք նախատեսել։ Թիմի կազմի 80 տոկոսը պահել ենք և ցանկություն չունենք ցնցումների ենթարկել։ Եթե մի փոքր հետ գնանք, ապա խոսեցինք կորոնավիրուսի պանդեմիայից, որի պատճառով ոչ կայուն ելույթներ ունեցանք։ Կարծում եմ, որ այս թիմը ժամանակի կարիք ունի և հույս ունեմ, նաև համոզված եմ, որ այս նախապատրաստական շրջանը լավ անցկացնելու դեպքում էլ ավելի լավ թիմով կներկայանանք գարնանային հատվածին։ Կարիք ունենք նաև երկու-երեք դիրք հզորացնելու, որի ուղությամբ ակումբը աշխատանքներ է տանում։ Այդ դիրքերն են եզրային պաշտպանի, եզրային կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերը։ Եթե կարողանանք որակյալ խաղացողներ գտնել, ապա այս դիրքերը կուժեղացնենք։
— «Արարատ-2»-ում կան ֆուտբոլիստներ, որոնք հաճախ մարզվում են «Արարատ»-ի գլխավոր թիմի հետ։ Ի՞նչ կասեք նրանց հեռանկարների մասին։
Եթե վաստակել են այդ հնարավորությունը, ապա դա արդեն խոսում է նրանց հեռանկարի մասին։ Ընդամենը պետք է քրտնաջան աշխատանք և ճիշտ վերաբերմունք այն ամենին, ինչը կարող է խանգարել նրանց։ Եթե կարողանան այս ամենը ճիշտ կազմակերպել, ապա կա հեռանկար և կրկին մի փոքր ժամանակ հետո կտեսնենք, թե այս հարցում ինչ առաջընթաց ունենք։
— Փետրվարին վերսկսելու է առաջնությունը և այն մի փոքր ավելի շուտ է լինելու, քան նախորդ տարիներին։ արդյոք դա բավական ժամանակահատված է, որպեսզի թիմը լավ պատրաստավի մեկնարկին
Ինձ համար նույնպես նորություն է առաջնությունն այսքան շուտ վերսկսելը, քանի որ վերջին 10 տարիներին գլխավորել եմ «Շիրակը» և այսքան կարճ նախապատրաստական շրջան չենք ունեցել։ Չնայած այս փաստին, անելու ենք ամեն ինչ, որպեսզի պատշաճ վիճակում մոտենանք գարնանային հատվածին։ Իհարկե, այս պահին կդժվարանամ գնահատել, թե ինչպես կմոտենանք առաջնության վերսկսմանը։ Գարնանային հատվածի խաղերը կտան այս հարցի պատասխանը։

©2021 Armenian Soccer