Սեպտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «Արարատը» կանցկացնի իր 3-րդ հանդիպումը VBET Հայաստանի պրեմիեր լիգայում: Այս անգամ Վարդան Բիչախչյանի թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու Գյումրու «Շիրակի» հետ։ Սա 2-րդ տուրից հետաձգված հանդիպում է։
Վիճակագրություն
«Արարատը» վերջին խաղերում բավականին անհաջող է հանդես գալիս Գյումրին ներկայացնող թիմի դեմ։ Վերջին 10 խաղերում երևանյան թիմը միայն մեկ հաղթանակ է տարել՝ 2019 թվականի օգոստոսի 9-ին, երբ Դենիս Դեդեչկոյի ու Ալեքսանդր Կոզլովի գոլերը հաղթանակ պարգևեցին «արարատցիներին»։
Գյումրիում կայացած վերջին խաղում հաղթանակ է տոնել «Շիրակը»։ Այս տարվա հունիսի 4-ին կայացած խաղում տանտերերը հաղթեցին 2։0 հաշվով։ Գոլեր հեղինակեցին ներկայումս «Արարատի» կազմում խաղացող Սոլոմոն Ուդոն և Մորի Կոնեն։
Ընթացիկ մրցաշրջանում
«Արարատը» երեք պաշտոնական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով «Փյունիկին» (1:0), պարտվելով (1։2) «Նոային», իսկ Գավաթի խաղարկությունում առավելության է հասել «Սևանի» նկատմամբ (3։0)։
«Շիրակը» ներքին առաջնությունում երկու հանդիպում է անցկացրել։ Տիգրան Դավթյանի տղաները նախ ոչ-ոքի՝ 2։2 խաղացին «Նոայի» դեմ, իսկ օրեր առաջ խոշոր՝ 0։5 հաշվով պարտություն կրեցին «Գանձասար-Կապանից»։ Գավաթի խաղարկություն էլ գյումրեցիները 1։2 հաշվով զիջեցին «Ալաշկերտին»։