Փետրվարի 5-ին «Ալաշկերտի» հետ ընկերական խաղից հետո (1:0) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ասաց հետևյալը․
«Սիմոն Իսրայելյանի բացակայությունը մեծ կորուստ եմ համարում։ Այնպես էր ստացվել, որ Սիմոնի հետ ընկերացել էինք՝ չնայած մեր միջև եղած տարիքային տարբերությանը։ Երբ նրա հայրն ինձ ասաց, որ Սիմոնն իմ մասին պարբերաբար խոսել ու պատմել է, ասացի, որ իմ թոռներն էլ դեռ շատ են խոսելու իր մասին։ Իրավիճակը տխուր է, բայց այդ միտքը, որ թոռներիս պատմելու եմ Սիմոնի մասին ստիպում է դրական տրամադրվել»։
«Մենք «Ալաշկերտի» հետ հաճախ ենք խաղում մեկ պարզ պատճառով՝ անձամբ ինձ համար «Ալաշկերտը» Հայաստանի առաջնությունում մեր ամենաբարդ մրցակիցն է, որովհետև խաղակցված ու հմուտ թիմ է։ Շատ արագ խաղացողներ ունեն, որոնք դժվարացնում են մեր խաղը։ «Ալաշկերտի» հետ խաղերը միշտ ցույց են տալիս՝ ինչ մակարդակում ես գտնվում։ Կարող եմ ասել, որ ինքնանվիրումի տեսանկյունից երկու խաղերը մենք խաղացինք շատ բարձր մակարդակով։ Կոմբինացիոն առումով էլ դրվագներ եղան, երբ մենք ավելի արժանի տեսք ունեինք։ Պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ նրանց հետ հանդիպումները ստիպում են մեզ խաղալ պաշտպանությունից, սրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, քանի որ խաղային ոճը ձևավորվում է այն ֆուտբոլիստներով, որոնց ունես քո տրամադրության տակ»
«Ուգոչուկվու Իվուն պատրաստ է 80 տոկոսով, բայց ես գոհ եմ նրանից։ Բանն այն է, որ նա ծնկի հետ խնդիր ունի, որը չի թողնում նրան արդեն 3 ամիս խաղալ լիարժեքորեն։ Այս վնասվածքը նա ստացավ նախորդ տարվա «Նոա»-ի հետ խաղում։ Ինչ վերաբերում է Վադիմ Պարամոնովին, ապա տպավորություններս լավն են, գոհ եմ նրա ցուցադրած խաղի որակից, պաշտպանն իրեն լավ է դրսևորում, բայց դեռ պետք է մարզավիճակ հավաքի, կարծում եմ՝ դեռ 60-70 տոկոսով է պատրաստ»։
©2021 Armenian Soccer