Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտի» ու «Արարատի» պոտենցիալ մրցակիցները հայտնի են

Նյոնում՝ UEFA-ի շտաբ-բնակարանում, այսօր տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլերի վիճակահանությունները:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Մոլդովայի «Շերիֆի» արգելքը 2-րդ փուլում հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ»-«Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 20-ին, 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։  Պատասխան հանդիպումը Տիրասպոլում կկայանա հուլիսի 28-ին:

Ինչ վերաբերում է Երևանի «Արարատին», ապա լեհական «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում Վարդան Բիչախչյանի թիմը Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլում կհանդիպի «Արդա» (Բուլղարիա) — «Հապոել Բեեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Հուլիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կկայանա «Արարատի» ու «Շլյոնսկի» միջև առաջին հանդիպումը, իսկ հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, պատասխան հանդիպումը Վրոցլավի մարզադաշտում:

©2021 Armenian Soccer