«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Նոայի»՝ իր մուտքն Աբովյանի մարզադաշտ արգելելու որոշման մասին:
«Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց «Նոայի» ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին… տեղեկացվեց, որ իմ մուտքը` Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին արգելված է: Իսկ պատճառը այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ` օգտագործելով իմ սիրելի ֆիլմից` «Գլադիատորից» որոշ դրվագներ, ու ևս մեկ գաղտնիք` ես՝ որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: «Նոայում» այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ` զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը` պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը:
Եթե «Նոայից» փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր:
Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»,- գրել է Մելիքյանը:
© Armenian Soccer 2024