Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» շարունակում է առաջ պոկվել մոտակա հետապնդողներից. ՀՊԼ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Մարտի 10-ին մեկնարկում է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրը։

Հայաստանի 31-րդ առաջնության գարնանային հատվածի առաջին 2 տուրերն ապացուցեցին, որ թեժ մրցակցությունը դեռ նոր է սկսվելու։

23-րդ մրցափուլի մեկնարկը կտրվի մարտի 10-ին կայանալիք ԲԿՄԱ — «Ալաշկերտ» դիմակայությամբ։

Հանդիպումը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 15:00-ին։

Նոր մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» հիանալի հանդիպումներ է անցկացնում և պարտություն չի կրել։ Ինչպես բազմիցս նշել է գլխավոր մարզիչը, թիմը դեռ հնարավորություններ ունի և պայքարելու է չեմպիոնության համար։

Բանակայինները նախորդ տուրում տոնեցին պրեմիեր լիգայում իրենց առաջին խոշոր հաշվով հաղթանակ (3:0), ինչը հնարավորություն տվեց Ռաֆայել Նազարյանի թիմին հեռանալու վերջին հորիզոնականից և ավելի վստահ մոտենալու առաջիկա հանդիպմանը։

Օրվա հաջորդ հանդիպումը կկայանա «Արարատի» և «Վանի» միջև։

Երևանյան թիմն արդեն իր տնային հանդիպումներն անցկացնելու է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 18:00-ին։

Երկու թիմերն էլ գարնանային հատվածը մեկնարկել են պարտություններով և նրանցից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է այս տուրում միավորներ վաստակելը։

Ընթացիկ մրցաշրջանի նախորդ երկու շրջաններում հաջողությունն ուղեկցել է «Արարատին» (1:0, 2:0), եւ սա ռևանշի հիանալի հնարավորություն է Չարենցավանը ներկայացնող թիմի համար։

Մարտի 11-ին նույնպես կկայանա 2 հանդիպում։ Երկուսի մեկնարկն էլ` 15:00-ին։

Առաջատարը հերթական հանդիպումը կանցկացնի Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում` այնտեղ ընդունելով «Լեռնային Արցախին»:

«Ուրարտուն» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնությանը։ Թիմը բավականին առաջ է պոկվել իր մոտակա հետապնդողներից։ «Ուրարտուն» այժմ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ունի 6, իսկ «Փյունիկի»` 10 միավորի առավելություն։

Հարկ է հիշել, որ նախորդ տուրում 2-րդ տեղում ընթացքում «Արարատ-Արմենան» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումն «Ալաշկերտի» հետ և կարևոր 2 միավոր կորցրեց թեժ մրցավազքում։

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթանակներով է մեկնարկել գարնանային փուլը։ Հաշվետու տուրի խաղում, որը կկայանա Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում, չեմպիոնի մրցակիցը կլինի հետնապահ «Նոան»:

Չնայած զբաղեցրած դիրքին, «Նոան» հաճախ է դժվարություններ առաջացնում մրցակիցների համար և նրա դեմ հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվում մյուս թիմերին։

Մարտի 12-ին «Արարատ-Արմենիան» կընդունի «Շիրակին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սպասվող հանդիպումը կմեկնարկի 15:00-ին։

Ինչպես արդեն վերը նշեցինք, փոխչեմպիոնը կարևոր միավորներ է կորցրել և ամեն ինչ անելու է հերթականները ձեռք բերելու համար։

«Շիրակը» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո կարողացել էր վերագտնել իրեն, ինչի շնորհիվ նախորդ տուրում հաղթանակի հասավ։ Մարզային թիմը չնայած կորուստներին, փորձելու է պայքարել հաղթանակի համար։

© Armenian Soccer 2023