Armenian Soccer
Armenian Soccer

«ՓՅՈՒՆԻԿ» — «ՈՒՐԱՐՏՈՒ». Չեմպիոնական արժեք ունեցող խաղ

Այսօր` հունիսի 2-ին,Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության նախավերջին 35-րդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» կընդունի առաջատար «Ուրարտուին»:

Գուցե շատերի համար սա պարզապես հերթական տուրի հանդիպում է, բայց….

Շատ հնարավոր է, որ հենց այս խաղի ելքն արդեն իսկ վճռի, թե որ թիմն է արժանանալու ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչմանը։
«Փյունիկ»-«Ուրարտու» երևանյան դերբին միշտ էլ մեծ հետաքրքրություն է վայելել ու համարվել թեժ դիմակայություն։ Դե իսկ չեմպիոնական այսպիսի մրցավազքի դեպքում` էլ ավելի մեծ է լարվածությունը։

Հայաստանի առաջնության հնաբնակները հետաքրքիր պատմություն ու վիճակագրություն ունեն, հատկապես` իրար դեմ խաղերում։

Թիմերը միմյանց դեմ ընդհանուր առմամբ անցկացրել են 94 խաղ, որոնցից 23-ում հաղթել է «Ուրարտուն», 48 անգամ հաջողության է հասել «Փյունիկը», 23 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն էլ 160-100 է:

«Ուրարտուն» գավաթակիր դառնալուց հետո լավ հնարավորություն ունի նաև չեմպիոնական տիտղոսին հասնելու, որով էլ կկարողանա իր համար հոբելյանական տարում «ոսկե դուբլ» ձևակերպել։ Սա «առյուծների» համար կլինի 2-րդ չեմպիոնությունը։

Իսկ այ փորձառու ու տիտղոսակիր «Փյունիկն» առաջնությունում հաղթելու դեպքում 16-րդ անգամ կկրի Հայաստանի չեմպիոնի կոչումը։

«Ուրարտուն» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Թիմն սկսած 9-րդ տուրից առաջատարի դերում է և մինչ օրս չի զիջել իր դիրքը։ «Փյունիկը» ոչ այնքան լավ մեկնարկից հետո, կարողացավ ուժեղ կամք ցուցաբերել և բարձր կամային ու ֆուտբոլային որակների շնորհիվ հասնել մրցակիցներին ու այսքան սրել չեմպիոնական պայքարը։

Հաշվետու խաղում «Ուրարտուի» հաղթանակի դեպքում, չեմպիոն կդառնա հենց Գունկոյի գլխավորած թիմը, քանի որ «Փյունիկի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցնի 5-ի (82/77) ու անհասանելի կդառնա մրցակցի համար։

«Փյունիկի» հաղթանակի դեպքում, չեմպիոնը մեկ միավորով կգերազանցի «Ուրարտուին» (80/79) և նոր տիտղոսակիրը հայտնի կդառնա միայն վերջին տուրում, որտեղ «Ուրարտուն» տանը մրցելու է «Արարատի», իսկ «Փյունիկն» արտագնա խաղում` «Ալաշկերտի» հետ։

Ոչ-ոքիի դեպքում էլ երկու թիմերը կշարունակեն պահպանել չեմպիոն դառնալու շանսերն ու կրկին այդ հարցի լուծումը կլինի եզրափակիչ տուրում։

Հավասար միավորների դեպքում չեմպիոն կդառնա այն թիմը, որն իրար դեմ խաղերում ամենաշատը հաղթած կլինի։ Եթե կրկին հավասարություն լինի, ապա հաշվի կառնվի նախ իրար հետ խաղերում, ապա ընդհանուր մրցաշրջանում թիմերի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը։

Ինչ խոսք այս տարի չեմպիոնական պայքարը ծայրաստիճան թեժ է, իսկ գլխավոր հարցի պատասխանը` շատ մոտ։

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և մեկնարկելու է 20:00-ին։

© Armenian Soccer 2023