Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային՝ Հայաստան — Լատվիա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Լատվիայի հետ նախորդ խաղի մասին
«Ես վատառողջ էի, ինձ լավ չէի զգում, պառկած էի հյուրանոցում ու շատ բան բաց թողեցի: Դա իր ազդեցությունն ունեցավ խաղի ելքի վրա: Հետո տեսա, որ թիմում կա մրցակցին թերագնահատելու միտում: Նրանց զգուշացրի, որ բարդ հանդիպում է լինելու, բայց ինձ չլսեցին: Այդ խաղի մասին խոսել ենք: Վաղվա խաղում կերևա՝ ասածս ընդունել են, թե ոչ»:
Տիգրան Բարսեղյանին չհրավիրելու մասին
«Կարճ կասեմ. ես կատարել եմ իմ ընտրությունն ու եզրային հարձակվողի դիրքի համար հավաքական եմ հրավիրել Սևիկյանին, Բիչախչյանին ու Սերոբյանին: Այս երիտասարդ խաղացողները գոհացնում են ինձ: Ես եմ գլխավոր մարզիչը և ես այս ընտրությունն եմ կատարել»:
Կենտրոնական հարձակվողի խնդրի մասին
«Ես հավաքականի մարզիչ եմ և տրանսֆերներ անել չեմ կարող: Կենտրոնական հարձակվողի դիրքի հետ կապված խնդիրներ ունենք: Տեսնենք՝ վաղն ինչպես կլուծվի այդ խնդիրը: Ռանոսը միջին մարզավիճակում է: Այդ մասին նրան էլ եմ ասել: Ես նրան խորհուրդ եմ տալիս փոխել ակումբային գրանցումը, ընտրել այնպիսի ակումբ, որտեղ խաղաժամանակ կստանա, բայց նա ամբիցիոզ տղա է, ցանկանում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» ամրապնդվել: Արթուր Միրանյանն էլ այս պահին թիմ չունի»:
Տիգրան Ավանեսյանի՝ հավաքականի հրավերը մերժելու մասին
«Տիգրան Ավանեսյանի հետ զրուցել եմ և իմացել, որ այս պահին ցանկանում է կենտրոնանալ ակումբի վրա: Հաջողություն եմ մաղթել նրան: Տիգրանն ասաց, որ երբ «Բալթիկան» ՌՊԼ-ի ուղեգիր նվաճի, նա կզանգահարի ինձ: Նրան ասել եմ, որ այդ ժամանակ պետք է ուրիշին զանգահարի»:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
© Armenian Soccer 2024