Արդեն 6 ամիս է՝ հայերեն խոսել է սովորում, ամենադժվար ժամանակաշրջանը մեր երկրում որպես մարդ զգացել է պատերազմի օրերին, իսկ ափսոսանք զգում է միայն մի բանի համար: Armenian Soccer-ը անկեղծ զրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոայի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ:
— Օգնյեն, սկսենք ամենասկզբից. ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ ֆուտբոլիստ:
— Կարելի է ասել՝ դա ընտանիքիս կոչումն էր. իմ ընտանիքի բոլոր տղամարդիկ ֆուտբոլ են խաղացել: Հայրս հիմա արդեն մարզիչ է, հորեղբայրս ու եղբայրս նախկին ֆուտբոլիստներ են: Երբ ես 4-5 տարեկան էի, հայրս ինձ իր հետ տանում էր մարզումների: Ամեն ինչ դրանից է սկսվել: Իմ ընտանիքի համար բնական բան էր, որ ես պետք է սկսեի ֆուտբոլով զբաղվել:
— Դարպասապահի դիրքը սեփական ցանկությա՞մբ եք ընտրել, թե՞ այստեղ ինչ-որ պատմություն կա:
— Ես սիրում եմ պատմել այս պատմությունը: Եղբայրս մի ընկեր ուներ, որը շատ հաճախ մեր տանն էր մնում: Նա դարպասապահ էր: Այդ ժամանակ ես շատ էի սիրում խաղալ նրա ձեռնոցներով: Դրանից էլ սկսվեց իմ սերը դարպասապահ լինելու մտքի նկատմամբ: Բայց ես նաև կարծում եմ, որ դու պետք է ծնված լինես դարպասապահ լինելու համար. հեշտ բան չէ:
— Հայրենիքում 9 մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեցիք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն և միացաք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին: Ինչպե՞ս էր ստացվել տեղափոխությունը, ո՞վ էր այն կազմակերպել:
— Սերբիայում ես խաղացել էի երկու սերբ տղաների հետ՝ Դանիել Ստոյկովիչի և Ուրոշ Նենադովիչի, որոնք հետո տեղափոխվել էին «Ալաշկերտ»: Նրանց տեղափոխությունից երևի թե կես տարի հետ սկսեցինք զրույցներ ունենալ այն թեմայով, որ գուցե ե՞ս էլ գամ: Սկզբում այնքան էլ ոգևորված չէի, քանի որ այդ ժամանակ Սերբիայի հավաքականից հրավեր ունեի, շատ լավ բաներ էին տեղի ունենում… բայց 6 ամիս անց որոշեցի գալ, որովհետև արդեն 28 տարեկան էի, ընտանիք, երեխաներ ունեի: Ուզում էի նոր բան սկսել, նոր ճամփորդություն իմ ֆուտբոլային կարիերայում՝ Սերբիայից դուրս:
— Ձեզ համար հե՞շտ էր հարմարվել այստեղ:
— Շատ հեշտ է եղել, իսկապես, շատ: Հայերը շատ նման են սերբերին. մարդիկ շատ ջերմ են: Երբ եկա այստեղ, բոլորն ամեն բան անում էին ինձ օգնելու համար, երբեք չեմ հանդիպել մի մարդու, որը կցանկանար խոչընդոտ ստեղծել ինձ համար: Այդ պատճառով էլ ինձ համար հեշտ էր հարմարվելը: Նաև շատ արագ սովորեցի ռուսերեն, քանի որ դա նման է սերբերենին: 6 ամիս անց արդեն ինձ զգում էի ինչպես տանը:
— Մինչ այստեղ տեղափոխվելը ինչ-որ բան գիտեի՞ք Հայաստանի մասին:
— Շատ քիչ, բայց ոչ այնքան էական բաներ գիտեի, անկեղծ: Ես աշխարհագրություն լավ գիտեմ, բայց մինչև տեղափոխվելս չգիտեի՝ Հայաստանը քարտեզի վրա որտեղ է: Հիմա շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ:
— Հիմա Սերբիայի հետ կապված ի՞նչն եք կարոտում:
— Միայն ընտանիքիս: Ուրիշ ոչինչ: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, մարդիկ ինձ սիրում ու հարգում են: Ես այստեղ ունեմ այն ամենը, ինչի կարիքը կարող է զգալ ֆուտբոլիստը: Բայց ընտանիքս կարոտում եմ. երեխաները դպրոց են գնում, ամռանն ինձ մոտ էին՝ այստեղ, բայց դպրոցների բացվելուն պես վերադարձել են: Բարդ է, բայց սա ֆուտբոլ է:
— Օգնյե՛ն, վերջին մի քանի տարիները դժվար էին մեր երկրի և մեզ համար։ Ո՞ր շրջանն է Ձեզ համար եղել ամենադժվարն այստեղ՝ որպես մարդ և ֆուտբոլիստ:
— Որպես ֆուտբոլիստ այստեղ ոչ մի դժվար շրջան չեմ ունեցել: Իսկ որպես մարդ… Ինձ համար շատ ծանր էր Հայաստանում պատերազմների շրջանը: Դժվար էր մարդկանց տեսնելը: Ամեն ինչ կատարվում էր Արցախում, բայց ազդում էր Երևանում մարդկանց վրա, բոլորը տխուր էին: Երևանը, կարող եմ ասել, ուրախ քաղաք է, մարդիկ այստեղ երջանիկ են, բայց այդ ժամանակաշրջանը մղձավանջային էր: Ծանր փորձառություն էր: Բայց ես նման բան արդեն ապրել էի Սերբիայում, երբ փոքր էի: Ես գիտեի՝ ինչ է պատերազմը, զգացել էի նման բան: Շատ ցավալի էր այստեղ այդ ամենը տեսնելը: Կարելի է ասել՝ ոչ միայն հայերն ու սերբերն են իրար նման, այլ նաև երկու ժողովուրդների պատմությունը:
— Ինչպիսի՞ն են եղել Ձեր հարաբերություններն «Ալաշկերտում», իսկ հիմա՝ «Նոայում» թիմակիցների հետ: Մտերիմ ընկերներ ունե՞ք նրանց թվում:
— Ես շփվող մարդ եմ, սիրում եմ հարաբերություններ հաստատել մարդկանց հետ, շատ հեշտ հարմարվող եմ: «Ալաշկերտում» բավականին երկար ժամանակահատված եմ անցկացրել ու որոշ խաղացողների հետ 5-6 տարի ամեն օր մարզվել ու խաղացել եմ: Օրինակ՝ Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արտակ Եդիգարյանը… Մտերիմ ենք, ու ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրանց, ինձ շատ են օգնել, երբ նոր էի եկել, օգնել են, որ հարմարվեմ ու լինեմ այն, ինչ կամ հիմա:
-Որո՞նք են եղել Ձեզ համար ամենակարևոր որոշումները Ձեր կարիերայում և կյանքում:
— Առաջին ամենակարևոր, ճիշտ որոշումս եղել է Հայաստան գալը: Իհարկե, ես իմ կյանքի ընթացքում վատ որոշումներ չեմ էլ ունեցել: Բայց ուրախ եմ, որ այս որոշումը կայացրել եմ: Երկրորդ կարևոր որոշումը՝ չնայած ունեցած մի քանի առաջարկներին՝ ես որոշեցի մնալ այստեղ: Որոշեցի մնալ այն մարդկանց հետ, ովքեր հարգում ու սիրում են ինձ: Հիմա բոլորը կարող են տեսնել, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել: Հիմա ես Ազգային հավաքականի և Հայաստանի լավագույն թիմերից մեկի դարպասապահն եմ: Շատ գոհ եմ այս ամենից:
— Երբևէ պատկերացրե՞լ եք, որ մի օր ձեզ կհրավիրեն խաղալու Հայաստանի հավաքականում:
— Ես երազող մարդ եմ ու հավաքականի խաղերը նայելիս մտածել եմ այդ մասին: Ավելի վաղ գիտեի, որ կարող եմ օգնել, պարզապես ըստ կանոնակարգի պետք էր 5 տարի խաղալ Հայաստանի առաջնությունում, ես պետք է սպասեի: Դրանից բացի նաև պետք է սպասեի, որ հրավեր լիներ Ֆեդերացիայից, մարզիչներից: Իսկ ես չգիտեի՝ նրանք ինձ հավանո՞ւմ են, ուզո՞ւմ են արդյոք կանչել: Գիտեք՝ ինչպես դասավորվեց ամեն ինչ, ու ես շատ երջանիկ եմ: Մեծ հպարտությամբ եմ հագնում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:
— Ի՞նչ հարաբերություններ ունեք դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու և գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ: Ի՞նչ կարծիքի եք նրանց մասին:
— Պետրակովի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Անշուշտ, շատ երախտապարտ եմ նրան, քանի որ հենց նա որոշեց ինձ առաջին անգամ հրավիրել հավաքական: Շնորհակալ եմ, որ նա հավատաց ինձ դեռ այն ժամանակ, երբ դեռ «Ալաշկերտում» էի: Նա հավատացել էր, որ կարող եմ ինչ-որ լավ բան անել հավաքականի համար: Բերեզովսկին լեգենդար դարպասապահ է եղել: Նա ինձ համար նախ ավագ ընկեր է, հետո մարզիչ: Նրանցի շատ բան եմ սովորել այս շրջանում, հատկապես երբ նա «Նոայում» էր, քանի որ այդ ժամանակ ամեն օր միասին էինք: Նրա շնորհիվ շատ եմ կատարելագործել ինձ՝ որպես դարպասապահ:
— Գիտեք, որ առաջին այլազգի դարպասապահը չեք մեր հավաքականում: Երկրպագուների սերն եք զգում: Ի՞նչ զգացողություններ եք ունենում Հայաստանի հավաքականում խաղալիս:
— Զգացողություններս հրաշալի են: Լավն այն է, որ նախքան հավաքականում խաղալ սկսելը ես 6 տարի խաղացել եմ Հայաստանի առաջնությունում և ճանաչում էի մարդկանց, գիտեի՝ ինչպես են երկրպագում, շատ բան էի սովորել Հայաստանի մասին: Ինձ շատ երջանիկ ու հպարտ եմ զգում Հայաստանի հավաքականի խաղացող լինելու առիթով, փորձում եմ անել իմ լավագույնը, որ հավաքականին օգնեմ հասնելու իր ցանկալի արդյունքներին:
— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
— Խնդիր չունեմ: Ես իմ աշխարհն ունեմ, որն անձեռնմխելի է: Քննադատությունը նորմալ բան է, անշուշտ: Կարծում եմ՝ աշխարհում ոչ մի մարզիկ չի խուսափում դրանից: Ինչ-որ մեկը կհավանի քեզ, մեկ ուրիշը՝ ոչ: Նման բաները նորմալ են, ու նաև, այդպիսի բաները մեզ օգնում են առաջընթաց գրանցել, մտածել անցկացրած խաղերի մասին, դառնալ ավելի լավը, ավելի ուժեղ խաղալ ու ուժեղանալ հոգեպես:
— Երևանում հաղթելուց հետո մեր թիմը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Բոլորիս համար հիասթափեցնող պահ էր։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա՝ խաղից օրեր անց։ Ու ո՞րն էր պարտության պատճառը՝ ըստ Ձեզ։
— Շատ մեծ հույսով էինք մեկնել ու հավատում էինք, որ կարող ենք 3 միավոր վերցնել այնտեղ: Դրանք շատ կարևոր միավորներ էին, քանի որ Հյուսիսային Մակեդոնիան, կարող եմ ասել, մեր հիմնական մրցակիցն է այս խմբում առաջին տեղի համար պայքարում: Բայց մենք չօգտագործեցինք մեր առավելությունն այս խաղում: Միգուցե նաև հոգնածություն կար ընդամենը 3 օր առաջ Լատվիայի դեմ անցկացրած խաղից հետո: Չգիտեմ: Մեզ համար շատ-շատ կարևոր խաղ պարտվեցինք: Խաղը շատ լավ էինք սկսել, ամեն ինչ մեր ձեռքում էր, բայց ամբողջ խաղի ընթացքում առավելություն չստեղծեցինք, կայունություն ցույց չտվեցինք ու չկարողացանք վերահսկել խաղը, և Հս. Մակեդոնիան արժանիորեն հաղթեց: Պետք է հնարավորինս արագ մոռանանք այս խաղի մասին և սկսենք մտածել հաջորդ 4 խաղերի մասին: Արդեն հոկտեմբերին Հս. Մակեդոնիան գալու է Երևան, եթե կարողանանք այստեղ հաղթել, ամեն ինչ լավ կլինի:
— Կգնահատե՞ք մեր հնարավորությունները Ազգերի լիգայում:
— Կարող եմ ասել, որ մենք պայքարում ենք առաջին հորիզոնականի համար: Հայաստանի հավաքականը պետք է բարձր նշաձող սահմանի: Հատկապես հիմա այն խաղացողներով, որ ունենք, կարող ենք բարձր տեղերի համար պայքարել: Դրա համար որակներ ունենք: Թե ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա, բայց մենք պետք է մտածենք միայն առաջին տեղի մասին այնպես, ասես այլ բան չի էլ կարող լինել:
— Լատվիայի նկատմամբ հաղթանակից հետո կարծիքներ կային, որ այս հավաքականին տեսնելու ենք ԱԱ-2026-ում: Ի՞նչ եք կարծում, սա մեր հավաքականի համար իրատեսակա՞ն է հիմա:
— Դեռ Եվրո-2024-ի որակավորման փուլից ես թե՛ այստեղ, թե Սերբիայում մարդկանց ասում էի, որ այս հավաքականը մեծ ներուժ ունի: Միգուցե մարդիկ կողքից չեն տեսնում, բայց ես առաջընթաց եմ տեսնում ամեն անգամ, երբ հավաքվում ենք Ազգային հավաքականի ճամբարում: Մենք երիտասարդ շատ խաղացողներ ունենք, որոնք անընդհատ աճում են: Այս հավաքականը շատ մեծ հեռանկար ունի:
— Առջևում «Նոայի» կարևոր խաղերն են։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
— Նախևառաջ, մենք շատ մեծ քայլ արեցինք՝ հայտնվելով Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: Նաև, հայկական ֆուտբոլի համար է մեր արածը կարևոր. մենք դարձանք «Ալաշկերտից» ու «Փյունիկից» հետո երրորդ թիմը, որը խաղալու է հիմնական փուլում: Բայց մեր ակումբը չի բավարարելու ընդամենը հիմնական փուլ դուրս գալով: Մենք բավականին հետաքրքիր խումբ ունենք: Միգուցե կարողանանք մտնել լավագույն 24 թիմի կազմ: Ամեն ինչ մեզնից է կախված: Ամեն խաղին պետք է ձգտենք առավելագույն միավորներ վաստակել և կռիվ տալ հանուն մեր ակումբի, հանուն մեր երկրպագուների ու ևս մեկ պատմական քայլ անել՝ դուրս գալով փլեյ-օֆֆ:
— Ամփոփելով որակավորման փուլը՝ ինչպե՞ս կգնահատեք թիմի ելույթներն ու գրանցած արդյունքները:
— Որակավորման փուլը հրաշալի ստացվեց: Այդ 8 խաղերում մենք հետևողականորեն ցուցաբերել ենք որակ: Հատկապես հունական ԱԵԿ-ի դեմ խաղերը շատ բարդ էին, շատ ուժեղ մրցակից էր, բայց մյուս խաղերն էլ հեշտ չեն եղել: «Շկենդիային» լավ չէինք ճանաչում, հեշտ չէր խաղալը նրանց դեմ: Ես թիմակիցներիս էլ ասել եմ՝ եթե հաղթահարեցինք նրանց, ուրեմն հեռուն կգնանք որակավորման փուլում: Այդպես էլ եղավ: Կարող եմ ասել, որ այդ 8 խաղերից թերևս միայն «Ռուժոմբերոկի» դեմ խաղն էր, որում մենք մեր մակարդակից ցածր հանդես եկանք: Բայց ովքեր նայել են այդ խաղը, տեսել են, թե որքան պահեր բաց թողեցինք: Ֆուտբոլում ինչ ասես կարող է լինել: Մենք պետք է հետևություններ անենք ու մտածենք այլևս նման բան չկրկնելու մասին:
— Վերջերս փայլուն գոլ խփեցիք: Արդյոք դա առաջի՞նն էր Ձեր կարիերայում: Կփորձե՞ք առաջիկայում նորից գոլ խփել:
— Այո, դա իմ առաջին գոլն էր: Խելահեղ պահ էր: ԱԵԿ-ի դեմ խաղն էր, շատ բարդ հանդիպում, հաշիվը 1:1 էր: Շատ երջանիկ եմ, որովհետև այդ գոլով թիմին օգնեցի անցնել հաջորդ փուլ: Այդ խաղից հետո թիմակիցներիս ասել էի, որ եթե հաջորդ փուլ դուրս չգանք, գոլս հաշվի չեմ առնելու, որովհետև ոչ մի նշանակություն չի ունենա ինձ համար: Փառք տղաներին, ամեն ինչ մեր ուզածի պես եղավ, ու այս գոլն ընդմիշտ կմնա իմ կարիերայում որպես բացառիկ մի բան: Իմ մասին խոսելիս բոլորը միշտ կհիշեն, որ հեռու տարածությունից գոլ եմ խփել ԱԵԿ-ին: Իրականում, ես դեռ լիովին չեմ գիտակցում, բայց մարդիկ ինձ անընդհատ հիշեցնում են, որ շատ կարևոր բան եմ արել:
— Կարո՞ղ ենք սա համարել Ձեր կարիերայի ամենահաջող մրցաշրջանը, թե՞ կարծում եք, որ լավագույնը դեռ առջևում է:
— Ես կարծում եմ՝ երկրորդը՝ լավագույնը դեռ առջևում է: Ես ինձ շատ լավ եմ զգում, հոգեպես ու ֆիզիկապես լավ վիճակում եմ ու կարծում եմ, որ առջևում ավելի շատ լավ բան է սպասվում թե՛ հավաքականում, թե՛ ակումբում: Զգում եմ, որ դեռ կարող եմ ավելին անել: Ես, կարելի է ասել, կատարել եմ իմ առջև դրված բոլոր առաջադրանքները, մի բան է պակասում՝ հավաքականի հետ մասնակցել որևէ խոշոր մրցաշարի: Դա կլինի կյանքիս ամենամեծ նվաճումը: Ես երազում եմ այդ մասին: Նույնը «Նոայի» հետ. այս մրցաշրջանում մենք կպայքարենք չեմպիոնական տիտղոսի համար, և ո՞վ գիտե, միգուցե հաջորդ տարի մեկ քայլ ավելի առաջ գնանք, օրինակ՝ Եվրոպա լիգայում խաղանք: Ֆուտբոլում դու պետք է հավատաս ինքդ քեզ, քո թիմին ու բարձր նպատակներ սահմանես:
— Սեպտեմբերի 25-ին կդառնաք 35 տարեկան: Ի՞նչ զգացողություններ ունեք դրա վերաբերյալ: Դարպասապահի համար սա դեռևս շատ մեծ տարիք չէ: Դեռ որքա՞ն եք նախատեսում խաղալ:
— Տարիքն ընդամենը թիվ է: Ես հիմա շատ լավ վիճակում եմ, ինքս ինձ երիտասարդ եմ զգում, շատ դրական եմ տրամադրված ու չեմ մտածում ավարտի մասին: Կտեսնենք՝ ինչպես կընթանան գործերը: Ամենակարևորը առողջությունն է: Փառք Աստծո, մինչ այս պահը որևէ լուրջ խնդիր չեմ ունեցել, հուսով եմ՝ նույնկերպ կշարունակվի: Ֆուտբոլում ցանկացած բան կարող ես պլանավորել, նպատակներ դնել ու հաշվարկներ անել, բայց չես կարող սահմանել կարիերադ ավարտելու ժամկետը: Ես դեռ ուզում եմ խաղալ, դեռ հաճույք եմ ստանում ամեն օր մարզման գնալուց:
— Դուք «Ինտերի» երկրպագու եք, այո՞:
— Մեծ երկրպագու: Շատ փոքր տարիքից: Մարդիկ նույնիսկ չէին հասկանում՝ ինչու հենց «Ինտեր»: Ես գիտեի «Ռեալի», «Բարսելոնայի» մասին, բայց իմ ուշադրությունը գրավել է «Ինտերը», ու ժամանակի հետ ավելի ու ավելի շատ եմ սիրում այդ ակումբը:
— Գիտեմ, որ Inter Club Armenia-ի անդամ եք: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել:
— Ամեն ինչ տեղի ունեցավ Armenian Soccer Award-ի ժամանակ, երբ ես ծանոթացա մրցանակաբաշխության հիմնադիր Էդգար Պետրոսյանի հետ: Սովորական խոսակցություն էր, որի ընթացքում չգիտեմ էլ՝ ինչպես, խոսեցինք «Ինտերի» մասին: Էդգարը պատմեց, որ ստեղծել է Inter Club Armenia-ն: Այդ ժամանակից միացա նրանց, մինչ այդ չգիտեի, որ Հայաստանում նման ակումբ կա: Հենց ազատ ժամանակ եմ ունենում, հանդիպում եմ տղաներին: Ինձ շատ լավ ու ջերմ են ընդունել, ինձ շատ լավ եմ զգում նրանց ընկերակցությամբ, շատերի հետ մտերմացել ենք: Հաճույքով եմ ազատ ժամանակս անցկացնում նրանց հետ «Ինտերի» խաղերը դիտելով: Դա ինձ շատ էներգիա է տալիս:
— Ո՞րն է եղել լավագույն պահը Inter Club Armenia-ի հետ:
— Երևի թե բոլոր խաղերը, որ դիտել ենք միասին: Մենք միասին ենք տոնել չեմպիոնությունը, հաղթանակը միլանյան դերբիում: Ի դեպ, երբ ես նրանց հետ դիտում եմ «Ինտերի» խաղերը, մեր թիմն անպայման հաղթում է (ծիծաղում է՝ հեղ.), հենց հանդիպում ենք, ասում եմ, որ ինձ անպայման պետք է միշտ կանչեն:
— «Ինտերում» հիմա նաև Մխիթարյանն է փայլում: Նրա մասին ի՞նչ կասեք:
— Միակ բանը, որի համար ափսոսում եմ՝ Հայաստանում նրան հանդիպած և հետը խաղացած չլինելն է: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, լեգենդ ու մեծ պրոֆեսիոնալ: Ես շատ ուրախ եմ, որ հիմա նա «Ինտերում» է խաղում, իմ սիրելի թիմի շարժիչն է: Հրաշալի է, որ նա հայ է:
— Ֆուտբոլից դուրս ինչ-որ հոբբի կամ հետաքրքրություն ունե՞ք:
— Որևէ հատուկ բան չունեմ: Սիրում եմ վիդեո-խաղեր խաղալ, սերիալներ դիտել, պատմական իրադարձությունների մասին յութուբյան ալիքներ դիտել, նաև գրքեր կարդալ:
— Ի՞նչ հատկանիշներ ու որակներ պետք է ունենա մարզիկը։
— Ֆուտբոլի համար, անշուշտ, վճռականություն ունենալ, հավատալ սեփական ուժերին, հետևել երազանքներին՝ անկախ այն բանից, թե ինչ կխոսեն կողքից: Ոչ մի մարզաձև հեշտ չէ, դու պետք է հավատաս քեզ ու վճռական լինես, կատարելագործես ինքդ քեզ: Նաև, իմ կարծիքով՝ ամենակարևորը, լավ մարդ պետք է լինես:
— Ինչպե՞ս կվերնագրեք Ձեր կյանքի ու կարիերայի մասին գիրքը:
— Everything is possible («Ամեն ինչ հնարավոր է»): Everything is possible, քանի որ ես լավ օրինակ եմ բոլորի համար, որ նույնիսկ 33 տարեկանում կարիերան կարող է 180 աստիճանով շրջվել դեպի լավը: Ես այդ տարիքում առաջին անգամ խաղացի Ազգային հավաքականի կազմում: 3 ամսվա մեջ դու «Ալաշկերտի» դարպասապահներից մեկից դառնում ես Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը, հայկական լավագույն ակումբներից մեկի դարպասապահը, նրանց հետ շուտով խաղալու ես Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: Սա շատ մեծ շրջադարձ էր իմ կյանքում ու կարիերայում: Եթե ավելի վաղ տարիքում լիներ, սովորական բան էր թվալու, բայց 33-34 տարեկանում, երբ բոլորը մտածում են, թե արդեն կարիերադ ավարտելու ժամանակն է, ես դեռ նոր-նոր թափ եմ հավաքում իմ պրոֆեսիոնալ կարիերայում:
— Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 5 տարի հետո:
— Չեմ կարող ասել: Միգուցե դեռ այստեղ լինեմ, բայց գուցե և ոչ: Ամեն ինչ կախված է հանգամանքներից: Եթե ընտանիքս կողքիս լիներ, հիմա վստահաբար կասեի, որ 5 տարի անց լինելու եմ Երևանում:
— Ո՞րն էր Ձեր առաջին հայերեն բառը: Ու հիմա քանի՞ հայերեն բառ գիտեք:
— «Բարև ձեզ» (ծիծաղում է՝ հեղ.): Հայերենը բավականին դժվար լեզու է, ես միշտ լուծումը գտնում եմ ռուսերենի օգնությամբ, բայց վերջին 6 ամսվա ընթացքում ինձ «ստիպում» եմ սովորել՝ ի նշան հայ ազգի նկատմամբ հարգանքի: Շատ բաներ հասկանում եմ, բայց դեռևս դժվար է խոսելը, քանի որ իմ ռուսերենն էլ գերազանց չէ, ու ես ռուսերենով եմ սովորում հայերենը: Բայց աստիճանաբար բարելավում եմ: Լեզուներ սովորելը ինձ դուր է գալիս, չեմ ասի, թե հոբբի է, բայց հաճելի զբաղմունք է: Ամենահաճախ օրգտագործվող բառերը առօրյա խոսակցության մեջ օգտագործվողներն են՝ «բարև ձեզ», «բարի լույս», «բարի գիշեր», «ո՞նց ես»:
— Եվ ո՞նց ես (հարցնում եմ հայերենով՝ հեղ.):
— Շատ լավ (պատասխանում է հայերենով):
Հարցազրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի
© Armenian Soccer 2024