Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer կայքի վարկածով լավագույնների պարգևատրման արարողությունը կկայանա Երևանի Holiday Inn Express հյուրանոցում

Սեպտեմբերի 15-ին՝ 19:00-ին, Երևանի   Holiday Inn Express հյուրանոցում 2-րդ տարին անընդմեջ կկայանա Armenian Soccer կայքի կազմակերպած մրցանակաբաշխությունը, որին ներկա կգտնվեն հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներն ու երախտավորները, ինչպես նաև՝ հայկական ֆուտբոլին անդրադարձող լրագրողները:
Հավատարիմ մնալով մեր ավանդույթներին ու սկզբունքներին՝ մենք ոչ միայն մատչելի ու հասանելի ենք դարձնում հայկական ֆուտբոլը երկրպագուների ու արտասահմանյան ակումբների ներկայացուցիչների և սելեկցիոներների համար, այլև՝ վեր կանգնում բացառապես սպառողական մոտեցումներից: Տարիներ շարունակ մենք սահմանել ու հանձնում ենք մրցանակներ՝ մրցաշրջանի արդյունքներով «Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ», «Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» և «Հայ լավագույն ֆուտբոլիստ», իսկ արդեն 2-րդ տարին է՝ նաև «ԲԽ առաջնության լավագույն գոլ» անվանակարգերում:
Արդեն հայտնել ենք, որ օգոստոսի 18-ին ափոփվեցին քվերակության արդյունքները:
«2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ» անվանակարգում լավագույնի կոչմանը ձայների ճնշող մեծամասնությամբ արժանացավ մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«2019/20 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 33,1% արդյունքով հաղթող է ճանաչվել Հայաստանի արդեն կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման:
«2019/20 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգում նախորդ տարվա «չեմպիոն» Վարդան Մինասյանին հաղթեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի «Տարվա լավագույն գոլ» է ճանաչվել 3-րդ՝ «եզրափակիչ» շրջանի հաղթող, նոացի Կիրիլ Բոռի գոլը «Ալաշկերտի» դարպասին ԲԽ 25-րդ տուրում:
Այսպիսով, սեպտեմբերի 15-ին Holiday Inn Express հյուրանոցում կայանալիք մրցանակաբաշխությանը հենց նրանք կպարգևատրվեն լավագույնների՝ արդեն ավանդական դարձած ոսկեզօծ արձանիկներով: Իսկ թե էլ ի՛նչ անվանակարգեր ու հիշատակումներ կլինեն՝ կիմանաք արդեն մրցանակաբաշխության ընթացքում:

©2020 Armenian Soccer