«Արարատ-Արմենիան» նախօրեին մեկնել է Մոլդովա, որտեղ վաղը՝ հուլիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 20:45-ին, անցկացնելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Զիմբրուի» հետ առաջին խաղը:
Մամուլում լուրեր են տարածվել Երևան-Քիշնև չվերթի հետ կապված՝ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ միջադեպի մասին, ինչի վերաբերյալ ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ կապ էր հաստատել չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։ Բացի այդ, նաև ընտանիքի որոշ անդաների թույլատրել էին մեկնել, որոշ անդամների՝ ոչ։
«Պարզաբանում․ Ի պատասխան մամուլում տեղ գտած ու իրականության հետ աղերս չունեցող հրապարակումների տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի Երևան-Քիշնև չվերթի տոմսերը։
Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու ի վերջո տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորմնան երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, միասին մենք կարող ենք»,- ասված է ակումբի տարածած հայտարաության մեջ։
© Armenian Soccer 2024