Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտբոլի մարզական հոսք՝ ավագ դպրոցներում

Դեռևս 2009 թվականի սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես ֆիզիկական կուլտուրայի երրորդ դասաժամ, դասավանդվում է «Ֆուտբոլ» առարկան։
11 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։ Շուրջ 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար:
Գեղարքունիքի մարզում ՀՖՖ ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը մեզ հետ զրույցում խոսեց ծրագրի ստեղծման, կյանքի կոչելու և իրականացման պլանների մասին․
«Այսպիսի ծրագրի ստեղծման գաղափար վաղուց ունեինք։ Այն կյանքի կոչելու խթան հանդիսացավ մասսայական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ ՀՖՖ նոր ղեկավարության՝ 2018-ից ի վեր որդեգրված քաղաքականությունը և, մասնավորապես, մարզային բնակավայրերում արհեստական փոքր խաղադաշտերի կառուցումը։ Վարդենիսի՝ Հ․ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Մայա Ոսկանյանի հետ որոշեցինք իրականացնել ծրագիրը, սակայն նախևառաջ պետք է գրվեր պետական կրթական ծրագիր, որը պետք է համապատասխաներ բոլոր չափանիշներին։ Դիմեցինք Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին, որտեղ ձևավորվեց այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ։ Ծրագիրը կազմելուց և մշակելուց հետո դիմեցինք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Ապրիլի 17-ին կայացվեց սեպտեմբերից ծրագրի գործարկման որոշում։ Խմբում կարող է լինել նվազագույնը 13, առավելագույնը՝ 16 աշակերտ։ Ֆուտբոլ մարզաձևով հետաքրքրված աղջիկները նույնպես կարող են միանալ հոսքին։
Ավագ դպրոցում ֆուտբոլի դասավանդումը կարող է նպաստավոր լինել ապագայում ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ կամ մրցավար դառնալու գործում։ Նախատեսում ենք հրավիրել մասնագետներ ՀՖՖ-ից և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, ովքեր իրենց դասախոսություններով և գործնական քննարկումներով ամուր հիմք կդնեն մեր աշխատանքը արդյունավետ դարձնելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին՝ ֆուտբոլում մարզչական բարձրակարգ կրթությունը կարևորելու համար»:

©2020 Armenian Soccer