Armenian Soccer
Armenian Soccer

Քնարիկ Գրիգորյան. «2-3 տարի հետո մենք շատ ավելի մրցունակ թիմ կունենանք»

Հայաստանի Կանանց Բարձրագույն խումբը նախորդ տարվա համեմատ այս մրցաշրջանում ավելի քիչ ներկայացուցիչներ ունի։ 7 թիմերից այս տարի պայքարի մեջ են մտել 5-ը։ «Ուրարտու-աղջիկներ» թիմը նախորդ մրցաշրջանում 4-րդն էր։ Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածը թիմն ավարտել է վաստակած 6 միավորով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ակումբի մամուլի ծառայությունը ձմեռային դադարի ընթացքում զրուցել է «Ուրարտու-աղջիկների» գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանի հետ՝ ամփոփելով անցնող տարին:

 

Ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին

Արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ հանդես ենք գալիս Բարձրագույն խմբում։ Նախորդ տարի մենք որոշեցինք պայքարել ավելի փորձառու թիմերի հետ, և արդյունքները բավական գոհացնող էին։ Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում 8 հանդիպում ենք անցկացրել, 2 հաղթանակ ենք տոնել, բայց պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մեր մրցակից մի քանի ակումբներ այս տարի ուժեղացել են օտարերկրացի ֆուտբոլիստների հաշվին, ստացվում է, որ մենք այս պահին հանդես ենք գալիս բավական փորձառու ու տարիքով մեծ ֆուտբոլիստների շարքում։ Բայց մեր տարիքայինների հետ պայքարում վստահաբար կասեմ, որ ավելի լավ ելույթներ ենք ցույց տալիս։

 

Թիմի մարզավիճակի մասին

Ճիշտ է, մրցել ավելի բարձր տարիքային թիմերի հետ մեծ փորձ է երեխաների համար, բայց հակառակ կողմն էլ կա․ սա մեծ ծանրաբեռնվածություն է և նպաստում է վնասվածքների թվի մեծացմանը։ Այս պահին 3-4 ֆուտբոլիստուհիներ ունենք, որոնք բուժման գործընթացում են, մի քանիսն էլ արդեն վերականգնողական փուլում են, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մրցաշրջանի մյուս հատվածը կորուստներով չսկսենք։

 

U12 նոր կազմավորված թիմի մասին

Ես մշտապես այն համոզմանն եմ եղել, որ «Ուրարտուի» աղջիկների թիմերն իրենց տարիքային խմբերում ամենաուժեղն են։ Մեր նոր կազմավորված՝ մինչև 12 տարեկանների թիմն էլ վառ ապացույց է։ Այս պահին թիմը բացարձակ գերազանց արդյունք է ցույց տալիս առաջնությունում, ինչը երեխաներին նույնպես ոգևորվում է։ Մենք փորձում ենք զարգացնել այն, ինչ ունենք, այսինքն, սեփական կադրերով շարժվել առաջ։ Ու եթե երեխաները նման ներուժով շարունակեն պայքարել, 2-3 տարի հետո մենք շատ ավելի մրցունակ թիմ կունենանք։

 

Հավաքականներ հրավիրվող ֆուտբոլիստուհիների մասին

Հայաստանի U17, U19 տարեկանների հավաքականներից մշտապես պահանջարկ եղել է մեր ֆուտբոլիստների նկատմամբ։ U17 տարեկանների հավաքականի հիմնական կազմում հանդես եկող 5-6 խաղացողներ ունենք, նրանք աչքի են ընկնում նաև խփած գոլերով, ինչը շատ ուրախալի է։

Մեր ֆուտբոլիստներն իրենց որակներով համապատասխանում են նույնիսկ ազգային հավաքականի պահանջներին և միայն տարիքային անհամապատասխանության պատճառով առայժմ այնտեղ չեն, բայց մոտ ապագայում մենք վստահաբար ֆուտբոլիստներ կտրամադրենք նաև ազգային հավաքականին։