Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ» — «Ուրարտու» խաղին ընդառաջ

Հունիս 9-ին,  ժամը`18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 21-րդ տուր
1-ին խաղաշրջան (2-րդ տուր 2). 11.08.2019 «Ուրարտու» — «Փյունիկ» 0-3
Գոլերը՝ Արտակ Եդիգարյան, 78 (0-1), Արթուր Միրանյան, 82 (0-2), Արտյոմ Սիմոնյան, 90+1 (0-3)
2-րդ խաղաշրջան ( 11-րդ տուր)  . 20.10.2019 «Փյունիկ» — «Ուրարտու» 1-2
Գոլերը՝ Խուան Ազոկար, 8 (0-1), Եվգենի Բուդնիկ, 26 (0-2), Արտակ Եդիգարյան, 81 (1-2)
Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնության առաջին փուլի ավարտից հետո, լավագույն 6 թիմերը երկու խաղաշրջանով սկսել են պայքարը մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած «Փյունիկը», «Ուրարտուն» և «Գանձասար-Կապանը» նույն սկզբունքով կխաղան իրար հետ՝ միմյանց միջև անցկացնելով 2-ական խաղ։
Բարձրագույն խմբի 18-րդ տուրում, որով ավարտվեց առաջնության առաջին փուլը, «Փյունիկն» ընդունել էր գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ Ցավոք, մեր թիմը անհաջող հանդես եկավ և զիջեց 0-3 հաշվով։
Ընդ որում, «Փյունիկն» առաջնության խաղերում վերջին անգամ առանց խփած գոլի դաշտից հեռացել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին, երբ Բարձրագույն խմբի 6-րդ տուրում 0-3 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։
Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում «Փյունիկի» կազմում պաշտոնական խաղերում իրենց նորամուտը նշեցին 5 ֆուտբոլիստներ՝ Մֆինգի Մագեմա Գայը, Վլադիմիր Սուգրոբովը, ինչպես նաև մեր ակումբի երիտասարդ սաներ՝ Էրիկ Ազիզյանը, Արսեն Սարգսյանը և Նորայր Ղազարյանը։
Կարելի է ասել, որ առաջնության մնացած խաղերը մեր թիմի համար ընկերական հանդիպումների բնույթ են կրելու, քանի որ դրանք գործնականում ոչինչ չեն որոշելու։
Այդ խաղերի միջոցով «Փյունիկը» կնախապատրաստվի արդեն հաջորդ առաջնությանը և հնարավորություն կընձեռվի իրենց դրսևորելու նաև մեր ակումբի երիտասարդ խաղացողներին։
Բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Փյունիկն» ընդունելու է «Ուրարտուին»։
Ընթացիկ առաջնությունում իր առաջին հանդիպումը մեր թիմն անցկացրեց հենց «Ուրարտուի» դեմ։ Նախորդ տարվա օգոստոսի 11-ին կայացած Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Փյունիկը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ։ Այդ խաղում մեր թիմից աչքի ընկան Արտակ Եդիգարյանը, Արթուր Միրանյանը և Արտյոմ Սիմոնյանը։
Իսկ երկրորդ խաղաշրջանի խաղում, որը կայացավ հոկտեմբերի 20-ին, «Ուրարտուն» հանդիպման մեծ մասն անցկացնելով 10 հոգով, ի վերջո կարողացավ հյուրնկալվելիս 2-1 հաշվով հաղթանակի հասնել։ «Փյունիկից» հաշիվը կրճատեց Արտակ Եդիգարյանը, սակայն ավելին անել մեր թիմին չհաջողվեց։
Այս թիմերը հանդիպեցին նաև VBET Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում, որտեղ հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը ժպտաց «Ուրարտուին»։
Ինչպես հայտնի է, «Փյունիկից» հեռացել են Արթուր Միրանյանը, Արտակ Եդիգարյանը, Սերգեյ Շևչուկը և Մաքսիմ Ժեստոկովը, որոնց պայմանագրերն ավարտվել են, իսկ Ուգոչուկվու Իվուն վարձակալության ավարտից հետո վերադարձել է Վանաձորի «Լոռի»։
Նշենք, որ մեր թիմի ընդհանուր խմբի հետ արդեն մարզվում են Սերոբ Գրիգորյանը և Արտյոմ Սիմոնյանը, իսկ «Փյունիկի» մարզումներն ընթանում են Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։
Ավելացնենք, որ «Փյունիկ» — «Ուրարտու» խաղը կկայանա հունիսի 9-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18։30-ին։
Հանդիպումը կսպասարկի Էրիկ Գալստյանը ։

©2020 Armenian Soccer