Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» բողոքը մասնակի բավարարվեց

Appeals Committee

Նոյեմբերի 16-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ՀՖՖ Բողոքարկման Կոմիտեին «Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ կողմից ներկայացված բողոքի քննարկումը՝ վերաբերող Գևորգ Ղազարյանի, Արման Հովհաննիսյանի և Էրիկ Վարդանյանի որակազրկումներին:

Նիստի ընթացքում նշվեց, որ ակումբը և ֆուտբոլիստներն ընդունում են, որ ֆուտբոլիստների կողմից փաստացի իրականացրել է ոչ մարզական արարք և իրականում առկա է խախտում, որը ստացել է համապատասխան գնահատական ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի Կոմիտեի, սակայն հաշվի առնելով փաստացի առկա հանգամանքներն ու այն, որ նշված ֆուտբոլիստները ընդունում և զղջում են իրենց արարքը, թեև դա եղել է համապատասխան սադրանքի արդյունքում, ակումբը խնդրում է Բողոքարկման Կոմիտեին հնարավորինս մեղմել ֆուտբոլիստի նկատմամբ կիրառված կարգապահական խախտման պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ նման արարք այլևս չի կրկնվի, ֆուտբոլիստների կողմից նման վարքագիծը նույնպես արժանացել է ակումբի բացասական գնահատականին, իսկ ապայում նման սադրանքների դեպքում որևէ ֆուտբոլիստ տեղիք չի տա էմոցիոնալ արձագանքի և կվարվի որպես իրական պրոֆեսիոնալ:

Տեղի ունեցած քննարկման արդյունքում Կոմիտեի անդամների մեծամասնությունը համաձայնեց բողոքում բերված որոշ փաստարկներին` ամենակարևորը համարելով ֆուտբոլիստների կողմից իրենց մեղքի ընդունումն ու նման վարքագիծը հետագայում բացառելու վերաբերյալ տրված հավաստումները:

Արդյունքում՝ որոշվեց մասնակիորեն բավարարել «Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ կողմից ՀՖՖ Բողոքարկման Կոմիտեին ներկայացված բողոքը: Մասնավորապես՝ հաստատված համարել ֆուտբոլիստների կարգապահական խախտում թույլ տալը և Գևորգ Ղազարյանի որակազրկումը 3-ից 1 խաղի իջեցնել, Արման Հովհաննիսյանինը՝ 5-ից 2 խաղի, իսկ էրիկ Վարդանյանի որակազրկումը՝ 5-ից 3 խաղի: Վերջինիս պարագայում՝ պայմանով, որ հաշվի առնելով նշված ֆուտբոլիստի կողմից նախկինում կատարված խախտումները նման արարք կրկնվելու դեպքում ֆուտբոլիստի նկատմամբ կիրառման ենթակա կլինի Բողոքարկման Կոմիտեի սույն որոշմամբ փոփոխված որակազրկումն ամբողջ ծավալով կամ առավել այլ խիստ չափով: Ի դեպ, եթե Ղազարյանի ու Հովհաննիսյանի դեպքում որոշումն ընդունվել էր 4 կողմ և 0 դեմ ձայներով, ապա Վարդանյանի դեպքում՝ 3 կողմ և 1 դեմ:

©2021 Armenian Soccer