Armenian Soccer
Armenian Soccer

ՏԻՏՈ ՌԱՄԱԼՅՈ․ «ՖՈՒՏԲՈԼՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է»

Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված պարբերաբեր վատ նորություններ ենք ստանում, հատկապես Իտալիայից ու Իսպանիայից։ Դեպքերի քանակով Իսպանիան գերազանցել է անգամ հիվանդության էպիկենտրոն Չինաստանին։ Մենք զրուցել ենք Տիտո Ռամալյոյի հետ։ Ազգությամբ իսպանացի մասնագետը, որն «Ուրարտուում» աշխատել է 2015-2016 թթ, հայկական  ակումբի մամուլի ծառայության  տված հարցազրույցում    խոսել է համաճարակի, դրանից պաշտպանվելու, «Ուրարտուի», Խոակին Կապարոսի և շատ այլ թեմաների մասին։

ՓԱԿՎԱԾ ԵՆՔ ՏԱՆԸ, ԴԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆ Է

— Վատ նորություններ ենք ստանում Իսպանիայից։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։
— Իսկապես բավականին դժվար իրավիճակ է, որովհետև մեր երկրում, հատկապես տարեց մարդկանց շրջանում վարակի տարածման ու մահվան դեպքերը շատ են։ Բոլորն այժմ պայքարում են իրավիճակը լավացնելու համար, խստորեն հետևում ենք առողջապահական կառույցների հորդորներին։
— Ինչպե՞ս եք պաշտպանվում կորոնավիրուսից։
— Փակված ենք տանը։ Դա կառավարության հրահանգն է, որը տրվել է հանրությանը։ Անում ենք այն, ինչ պահանջվում է մեզնից։ Իսկապես դժվար շրջան է, որովհետև վարակվածների թիվը մեծ է։
— — Ֆուտբոլի մասին խոսելն անիմաստ է։
— Իհարկե, ամբողջ աշխարհի ուշադրությունը հիմա այս համաճարակի ուղղությամբ է, պետք է քայլեր ձեռնարկել այն կանխելու համար։ Ֆուտբոլն այժմ երկրորդական է։ Չնայած տանն էլ աշխատանքով զբաղվելու հնարավորություն կա։ Ես հիմա ավելի շատ ֆուտբոլիստների եմ ուսումնասիրում, օգտագործելով “Instat” ու “Wyscout” հարթակները։

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ

— Այդուհանդերձ մի փոքր էլ խոսենք ֆուտբոլից, որտե՞ղ եք հիմա և ինչո՞վ եք զբաղվում։
— Նախորդ մրցաշրջանում վերադարձա «Դեպորտիվո» մինչև հունիսի 30-ը մարզում էի «Դեպորտիվո Բ»-ն, հետո զբաղվում էի ակումբի տեխնիկական հարցերով։ Այս պահին ես ազատ եմ։
— Հետևո՞ւմ եք «Ուրարտուի» ելույթներին։
— Ակտիվորեն հետևում եմ Հայաստանի առաջնությանը, հատկապես «Ուրարտուի» ելույթներին։ Ի դեպ առիթից օգտվելով ուզում եմ ողջունել բոլորին։ Հայաստանում և հատկապես «Ուրարտուում» ես լավ ժամանակներ եմ անցկացրել։ Լավագույնն եմ ցանկանում այդ ակումբին։ Գիտեմ, որ այժմ թիմը պայքարում է գավաթի համար։ Կիսաեզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» 1-0 հաշվով պարտվել է, բայց ես այն մտքին եմ, որ ոչինչ կորած չէ։ Եթե ֆուտբոլիստները կարդում են այս հարցազրույցը, ուզում եմ նրանց ասել, որ նրանք պետք է վստահություն ունենան, որ պատասխան խաղում կարող են բեկել դիմակայության ընթացքը ու դուրս գալ եզրափակիչ։ Այդ հնարավորությունը կա։

ԿԱՊԱՐՈՍԻ ԹԻՄԵՐԸ ՄԻՇՏ ԼԻՆՈՒՄ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈՒ ՄՐՑՈՒՆԱԿ

— Իսպանացի շատ մասնագետներ են այժմ աշխատում Հայաստանում։ Ի՞նչ կասեք նրանց մասին։
— Այո, գիտեմ։ Կարող եմ ասել, որ բոլորն էլ բավականին մրցունակ մասնագետներ են։ Ուրախ եմ, որ մեծ թվով իսպանացի մարզիչներ են աշխատում Հայաստանում։
— Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Խոակին Կապարոսը, նրա մասին ի՞նչ կասեք։
— Ես աշխատել եմ Կապարոսի հետ «Դեպորտիվոյում» և կարող եմ ասել, որ նա մարզիչ է մեծ փորձով, որը կարող է օգուտ տալ Հայաստանի ազգային հավաքականին։ Նա միշտ մեծ ինտեսիվություն է հաղորդում իր ֆուտբոլիստներին։ Նրա գլխավորած թիմերը միշտ լինում են էներգետիկ ու մրցունակ։
— Շնորհակալություն հարցազրույցի համար։ Մաղթում ենք քաջ առողջություն այս դժվարին ժամանակահատվածում։
— Շատ շնորհակալ եմ։ Ես էլ նույնն եմ ցանկանում Ձեր երկրին։ Թող «Ուրարտուն» նորանոր հաջողությունների հասնի։ Գրկում եմ։

©2020 Armenian Soccer