Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյան. «Հուսով ենք՝ այս հաղթանակը մեզ կօգնի»

Նորվեգիա — Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 28-ին` Օսլոյում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Նախորդ ընկերական խաղում մեր հավաքականի միակ գոլի հեղինակ Բիչախչյանը, մասնավորապես, խոսեց թե նախորդ հանդիպումից, թե առաջիկա խաղից սպասելիքներից:

— Չեռնոգորիայի դեմ խաղում դու մեկնարկային կազմում էիր, կարողացար դառնալ գոլի հեղինակ և վերջապես խաղացիր լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Ինչպիսի՞նն էին զգացողություններդ և ի՞նչ զգացիր գոլ խփելու պահին:

— Շատ լավ զգացողություններ էին առաջին անգամ խաղալ Հայաստանում ու կարողանալ հաղթել: Կարող եմ ասել, որ հավաքականում ընկերական հանդիպումներ չկան: Միշտ փորձում ենք լավ խաղալ, ուրախացնել մեր ազգին: Առաջին րոպեից մինչև վերջին րոպեն շատ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք, արժանի հաղթանակ տարանք: Հուսով ենք՝ այս հաղթանակը մեզ կօգնի, որպեսզի զարգանանք որպես հավաքական և կօգնի մեզ հետագայում Ազգերի լիգայում:

— Արդյո՞ք արդեն դիտել եք Նորվեգիայի հավաքականի հանդիպումներից: Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին:

— Այո՛, արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ, և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ թիմում՝ հատկապես հարձակման գծում: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և նորից ուրախացնել մեր ազգին:

— Չեռնոգորիայի հետ խաղի ընթացքում երևաց, որ ֆիզիկական լավ վիճակում ես: Արդյո՞ք Սլովակիայից Լեհաստան տեղափոխվելուց հետո ինքդ զգում ես, որ ֆիզիկական վիճակդ բարելավվել է՝ հաշվի առնելով, որ Լեհաստանի առաջնությունը շատ ավելի արագաուժային է, քան Սլովակիայինը:

— Միանշանակ փոփոխություն կա, բայց կարող եմ ասել, որ Սլովակիայում նույնպես առաջնությունը վատ մակարդակի վրա չէր: «Պոգոնը» ավելի փորձառու, ավելի բարձրակարգ թիմ է, որը օգնում է ճիշտ աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Դրա համար շատ ուրախ եմ տեղափոխությանս համար: Կփորձեմ արդարացնել սպասելիքները, որպեսզի կարողանամ միշտ պատրաստ լինել օգնել մեր հավաքականին:

 

©2022 Armenian Soccer