Armenian Soccer
Armenian Soccer

«Սևան». «Մարդիկ կարող են փոխվել, նպատակները ոչ»

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ «Սևանը» փոխադարձ համաձայնությամբ խզել է աշխատանքային հարաբերությունները գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ: Քանի որ առաջացած հարցերը բազմաթիվ էին՝ ակումբը հանդես է եկել պարզաբանմամբ:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև:

««Սևան» Ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյանի հեռանալուց հետո բազմաթիվ, ու տարատեսակ մեկնաբանություններ են հնչում համացանցում, սոց․ ցանցերում։

«Սևան» ակումբի ղեկավարությունը, նախ շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ակումբի նկատմամբ մեծ ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է գլխավոր մարզչի հեռանալուն, հավաստիացնում ենք, որ այս դժվար որոշումը կայացվել է ոչ թե «Ուրարտու» — «Սևան» խաղի արդյունքից ելնելով, այլ պարզապես որոշումը համընկել է խաղի հետ։

Կան պատճառներ, որոնց մասին խոսելը համացանցում ընդհանրապես նպատակահարմար չենք համարում, քանի որ դա մեր ակումբի ներքին խոհանոցն է։

Armen Shahgeldyan

Մենք շնորհակալություն ենք հայտնել Արմեն Շահգելդյանին իր կատարած աշխատանքի համար, և դա անկեղծ իրողություն է։ Ֆուտբոլում մարզչական աշխատանքը երբեք հավերժ չի եղել և մենք այդ առումով բացառություն չենք։ Պարզապես մենք ունենք նպատակ ու դրան հասնելու համար որոշումներ ենք կայացնում ապագայում ավելի շատ հաղթանակներ տոնելու համար։

Քաջ գիտակցում ենք, որ սպորտում, և մասնավորապես ֆուտբոլում հաղթանակն ու պարտությունը «իրար կողք կանգնած են»։

Հավաստիացնում ենք, որ «Սևանը» հեռու գնացող նպատակներ ունի, և ամեն ինչ անելու է Պրեմիեր լիգայում թիմի հաջողությունները ապահովելու համար։ Ստացվեց այնպես, որ առաջիկա ճանապարհը մենք կանցնենք առանց Արմեն Շահգելդյանի, բայց թող ոչ ոք չկասկածի որ մենք անցնելու ենք այդ ճանապարհը։

Հիմա մենք զբաղված ենք նոր գլխավոր մարզչի ընտրությամբ։ Քննարկում ենք տարբեր թեկնածություններ։ Ու մեր նոր գլխավոր մարզիչը լինելու է մեր նոր հաղթանակները կերտող մարզիչ։

Մենք իզուր չենք, գրում որ մեզ բավարարում է միայն հաղթանակը։ Սա է մեր ցանկությունը, որով մենք ուրախացնելու ենք մեր երկրպագուներին։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, որոնք հետաքրքրված են «Սևանի» ճակատագրով։

Ամեն ինչ արվելու է թիմը նոր խաղային մակարդակի հասցնելու համար։ Մարդիկ կարող են, փոխվել, նպատակները ոչ»:

 

©2021 Armenian Soccer