Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» 5 օր անց արձագանքեց ՀՖՖ նախագահին

Sevan FC

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում «մանիպուլյացիա» որակեց «Սևան» ՖԱ-ի վերջին շրջանի հայտարարություններն ու գործողությունները: Ասուլիսից 5 օր անց «Սևանն», այնուամենայնիվ, արձագանքեց Մելիքբեկյանին: Ակումբի նախագահը հերթական անգամ ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է երկրպագուներին՝ հերթական անգամ իր սեփական անունը հայտարարության տակ չնշելով:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է՞

«Հարգելի ֆուտբոլասերներ

Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարվա ամփոփիչ ասուլիս տվեց, որին «հավատարմագրվել» էին միայն այն լրագրողները, որոնք, ցավոք, այդպես էլ ոչ մի սուր և քննադատող հարց չտվեցին գործող նախագահին։ Ստացվեց, որ մեր ֆուտբոլում ամեն ինչ լավ է, հիանալի և Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլային կառույցը մեծ քայլերով գնում դեպի պայծառ ապագա։ Միակ սև բիծը «Սևան» ՖԱ-ի հետ կապված խնդիրն էր։

Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով։

Օրվա և ժամի ընտրությունը նույնպես թողնում եմ Մելիքբեկյանի հայեցողությանը։ Իմ միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։ Հրաժարվելու դեպքում կհաստատվի իմ մտավախությունը այն մասին, որ Մելիքբեկյանը ստախոս է, վախենում և խուսափում է խոսել ֆուտբոլային առկա բոլոր խնդիրների մասին։

Հարգանքներով` «Սևան» ՖԱ նախագահ»

 

©2021 Armenian Soccer