Armenian Soccer
Armenian Soccer

Ստյոպա Մկրտչյան. «Ես գնում եմ դեպի իմ նպատակը»

Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 23-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Սա Մկրտչյանի առաջին հանդիպումն էր լրագրողների հետ՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստի կարգավիճակում:

-Ստյոպա, առաջին անգամ ես հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, կխնդրեմ պատմել քո տպավորությունների և հույզերի մասին:

-Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ ազգային հավաքական: Դա մանկուց իմ երազանքն է եղել, երբ դեռ նոր էի հաճախում ֆուտբոլի: Սա իմ կյանքի ամենամեծ նպատակներից է եղել՝ խաղալ ու հետո ամրապնդվել հավաքականում, դառնալ կարևոր ֆուտբոլիստ, ու ես գնում եմ դեպի իմ նպատակը: Շատ շնորհակալ եմ, որ վստահել են ինձ:

-Ստյոպա, ի՞նչ կարծիք ունես Չեռնոգորիայի հավաքականի մասին և ի՞նչ խաղեր ես դիտել:

-Դիտել ենք խաղերը, գիտենք, որ շատ լավ հավաքական է, շատ ուժեղ թիմ է: Գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը ու կփորձենք վաղը օգտագործել դա, որպեսզի հաղթենք:

-Ստյոպա, դու այս պահին 3 հավաքականում խաղալու հնարավորություն ունեիր: 3-ն էլ միաժամանակ հանդիպումներ են անցկացնում: Երբ ազգային հավաքականից հրավեր ստացար, քո մտքում տարբեր հակասական էմոցիաներ կայի՞ն: Մ-19-ին կարող էիր օգնել էլիտ-ռաունդում, երիտասարդականին՝ Եվրո 2023-ում, իսկ ազգայինին՝ ընկերական խաղերում:

-Իրականում 3 հավաքականների խաղերն էլ շատ կարևոր էին, քանի որ մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներն անցկացնելու են Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ: Սա էլ երկրի ազգային հավաքականն է, գլխավոր հավաքականը: Իրականում անբացատրելի էին իմ զգացողություններն այդ պահին, բայց շատ ուրախ էի, որ հրավիրվել էի ու այդ պահից սկսած մտածում էի ազգային հավաքականի մասին:

 

©2022 Armenian Soccer