Armenian Soccer
Armenian Soccer

Պետրոս Ավետիսյան. «Անցած 1 տարվա ընթացքում ՀՀ առաջնությունը աճ է արձանագրել, թիմերի միջև մրցակցությունը շատ մեծ է»

ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոայի»   նորեկ, հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի առաջին հարցազրույցը ակումբի մամուլի ծառայությանը:
— Բարի գալուստ «Նոա», Պետրո՛ս: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր հենց այս ակումբում:
— Շնորհակալություն: Ղազախական «Տոբոլի»  հետ պայմանագրիս ժամկետի ավարտից հետո ունեի առաջարկներ թե՛ արտասահմանից, թե՛ հայկական ակումբներից: Դրսում չստացվեց, որոշ բաներ սպասելու պատճառով: Ինչպես գիտեք, «Տամբովում»  էի, բայց այնտեղից հեռացա ինչ-ինչ պատճառներով… Հայաստանյան ակումբներից ունեի առաջարկներ, բայց ընտրեցի «Նոան» ,որովհետև հասկացա, որ ամենից շատը «Նոան»  է ուզում ինձ տեսնել իր թիմում: Անձամբ թիմի գլխավոր մարզիչը ինձ հետ կապ հաստատեց, խոսեցինք իր հետ և դրանից հետո որոշեցի տեղափոխվել հենց այս ակումբ: Մեծ ակնկալիքներով եմ միացել «Նոային», լավ տրամադրությամբ, և պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի օգնեմ թիմին կատարել իր առջև դրված խնդիրները:
— Մեկ տարվա դադարից հետո կրկին հանդես ես գալու Հայաստանի առաջնությունում: Վստահաբար՝ հետևել ես Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին, ինչպիսի՞ն է տպավորդությունդ ընթացիկ առաջնությունից:
— Կարող եմ ասել, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունը աճ է արձանագրել, թիմերի միջև մրցակցությունը  շատ մեծ է: Մրցաշարային աղյուսակին նայելով՝ 4-5 թիմ պայքարում է չեմպիոնության համար և չկա բացարձակ ֆավորիտ:
— Նման մրցակցությունը հաշվի առնելով, որքանո՞վ են իրագործելի նախորդ տարվա հաջողությունը կրկնելու և զարգացնելու՝ չեմպիոն հռչակվելու «Նոայի»  հավակնությունները:
— Նայելով թիմի, և ոչ միայն թիմի, նաև ակումբի՝ մերսողից սկսած մինչև ղեկավարություն, տրամադրվածությանը, կարծում եմ՝ այո, լիովին արդարացված հավակնություններ են:
— Խաղալով «Նոայի»  կազմում, հնարավո՞ր է կրկին հրավեր ստանաս հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
— Կարծում եմ՝ այո, որովհետև Հայաստանի ազգային ընտրանու մարզիչը լինում է Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումներին, և, հույս ունեմ, որ «Նոայում»  հաջող հանդես գալու դեպքում կհրավիրվեմ հավաքական նորից:

©2021 Armenian Soccer