Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակ» ՖԱ-ն ևս իր աջակցություն է հայտնել «Լոռիին»

Գյումրիի «Շիրակ»   ՖԱ-ն   պաշտոնական հայտարարությամբ  իր աջակցություն է հայտնում «Լոռիին».  
«Ինչպես արդեն հայտնի է՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայում իր ելույթները դադարեցրել է Վանաձոր քաղաքը ներկայացնող «Լոռի» թիմը:
Այսօր Հայաստանում հատկապես մարզային ֆուտբոլը իր ոչ  լավագույն ժամանակներն է ապրում: Եվ այս պայմաններում «Լոռի» թիմը նոր շունչ և գույներ է հաղորդել հայկական ֆուտբոլին: Իսկ ակումբը կոչված էր զարգացնելու ֆուտբոլը ողջ մարզում և վերականգնելու Լոռվա ֆուտբոլի բարի համբավը:
Որպես առաջնության մասնակից ակումբ` մեզ խորը մտահոգում է կատարվածը և առաջացնում է հարցեր, որոնց պատասխաններն անկալում ենք ստանալ ՀՖՖ ղեկավարությունից:
Անկախ նրանից, թե որքանով են արդարացված Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ներկայացրած պահանջները, մտահոգիչ է, որ տևական ժամանակ ակումբը չի ստացել բողոքարկման կոմիտեի որոշումները, ինչն ավելի է մեծացնում տարակուսանքը ակումբների շրջանում: Այն էլ այն պարագայում, երբ ըստ սահմանված ընթացակարգերի Բողոքարկման կոմիտեն որոշում պետք է կայացներ յոթ օրվա ընթացքում: Իսկ այժմ բողոքի մի հայցով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան սպասում էր ավելի քան վեց ամիս:
Նման գործելաոճով խախտվում են ակումբների հիմնարար իրավունքներից մեկը՝ բողոքարկելու և/կամ վիճարկելու իրավունքը:
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարությանը պարզաբանումներ տալ, թե ինչու է գործընթացն այսքան ձգձվում և հանգեցնում նման իրավիճակի, երբ Պրեմիեր լիգայի մասնակից ակումբը չի ցանկանում շարունակել ելույթները:
Համոզված ենք, որ Պրեմիեր լիգան լքելու գործընթացը կկրի շարունակական բնույթ, եթե չիրականացվեն համապարփակ վերլուծություններ և չկատարվեն հրատապ համարժեք քայլեր՝ հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտի հաղթահարման ուղղությամբ»:

©2021 Armenian Soccer