Armenian Soccer
Armenian Soccer

Մաքսիմ Մայրովիչ. «Նոր մրցաշրջանում ծրագրում եմ 15-20 գոլ խփել…»

ՀՀ փոխչեմպիոն, ՀՀգավաթակիր ու սուպերգավաթակիր  «Նոայի»  հարձակվող Մաքսիմ Մայրովիչը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մեկնարկած մրցաշրջանի ու հավակնորդների, ծանր վնասվածքից վերականգնվելու, նաև՝ իր խաղային դիրքի և սահմնանած ռմբարկուական նոր նշաձողի մասին .
— Մաքսիմ, դու ծանր վնասվածք ստացար, կոտրեցիր ոտքդ բոլորի համար հիշարժան՝ Հայաստանի VBet Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում։ Ինչպե՞ս անցավ վերականգնումը, որքանո՞վ ես հիմա քեզ պատրաստ զգում։
— Դե, համարում եմ, որ բավականին արագ վերականգնվեի, և մեր բժիշկները նույնպես այդ կարծիքի են։ Արդեն երեք շաբաթ է, ինչ մարզվում եմ, մոտ 10-ը օր՝ թիմի հետ։ Կարծում եմ, դեռ չեմ հասել այն լավագույն որակներին, որ ունեի նախորդ մրցաշրջանում, բայց հույս ունեմ ամբողջովին վերականգնվել առաջիկա խաղերի միջոցով։
-Արդեն մեկ տարի «Նոա»-ում ես: Այս ժամանակահատվածում թիմը զգալի հաջողությունների հասավ ՝ նվաճելով առաջնության գավաթն ու արծաթե մեդալները: Ո՞րն է, ըստ քեզ, թիմի հաջողության գաղտնիքը:
— Հավանաբար, մեր խաղը, գոնե կառուցման հարցում, այն առումով, որ մենք ագրեսիվ ենք խաղում, միշտ հաղթելու ձգտումով, երբեք չենք խնայում ինքներս մեզ: Շատ տղաներ կան, ովքեր նստում են պահեստայինների նստարանին, բայց երբ դուրս են գալիս խաղի, նույնպես շատ են օգնում … Դե, նաև՝ կոլեկտիվը, ինչը նույնպես կարևոր է, մարզիչը համախմբեց թիմը, բոլորը, ովքեր դիտում են մեր խաղը, նշում են, որ «Նոա»-ն խաղում է որպես մի ամբողջություն …
— Քո կարծիքով, կհաջողվի՞ այս տարի ևս պահպանել այդ հաղթական փիլիսոփայությունն ու հոգեբանությունը։
— Կարծում եմ՝ ինչու չէ, սկզբունքորեն նույն տղաները մնացին թիմում, իսկ մարզումների ժամանակ պարզ է, որ պահեր կան, թմի ներուժը մեծ է, բայց հաջող մրցաշրջանից հետո միշտ դժվար է մնալ նույն մակարդակի վրա և նույնիսկ ինչ-որ տեղ բարելավել խաղը: Սա էլ, իհարկե, կլինի, բայց դեռ չենք վերականգնել այն, ինչ նախորդ մրցաշրջանում ունեինք ու ինչի հաշվին հասանք նման արդյունքների:
— Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին երկու մրցափուլերը այնքան էլ հաջող չէին «Նոա»-ի համար։ Ինչո՞վ էր, ըստ քեզ, դա պայմանավորված։
— Միգուցե, մի փոքր հոգեբանորեն տղաները չհասցրեցին վերականգնվել նախորդ մրցաշրջանից հետո, համաճարակի պատճառով արձակուրդը չստացվեց այնպիսին, ինչպես բոլորը ցանկանում էին՝ ժամանակի սղության պատճառով ոչ ոք տուն չգնաց, գուցե դա նաև ազդեց։ Մյուս կողմից, հոգեբանորեն սկզբանե մտածում ես, որ այս մրցաշրջանը նախորդի նման նույնպես հաջող կընթանա, բայց մնացած թիմերն էլ ուզում են առաջ գնալ և բարձր տեղեր զբաղեցնել … դժվար կլինի, բայց մենք կբարձրանանք առաջին տեղ, հուսով եմ՝ այս տարի կկարողանանք դա անել․․․
— Այս կարճատև դադարի ընթացքում հայկական թիմերում լուրջ վերադասավորումներ ու փոփոխություններ եղան։ Ո՞ր թիմերը, քո կարծիքով, այս տարի կլինեն հավակնորդների շարքում։
— Իրականում, դրանք շատ են, քանի որ բոլորը թիմերը առնվազն Եվրագավաթներում հայտնվելու, իսկ միգուցե նաև՝ ոսկե մեդալներ նվաճելու նպատակ են դնում: Կարծում եմ, որ կարող ենք առանձնացնել 5 թիմ. Մենք, «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Արարատը» և, միգուցե, «Փյունիկը»՝ նրանց մոտ շատերը հեռացան, բայց հիմա թիմ են եկել մի քանի լավ տղաներ և առհասարակ լավ ֆուտբոլ են խաղում: Այս հնգյակը, իմ կարծիքով, այս տարի կպայքարի չեմպիոնության համար …
— Իսկ «Արարատ»-ի դեմ վաղվա խաղը ինչպե՞ս կծավալվի։
— Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է, գումարած `մենք դեռ չենք հաղթել Լիգայում, այս երեք միավորները շատ կարևոր են, կարծում եմ` կկարողանանք դա անել, պարզապես պետք է հարգել մրցակցին և ցույց տալ այն ամենը, ինչին մենք ունակ ենք, այդ ժամանակ կկարողանանք վերցնել այնքան կարևոր և առաջին 3 միավորները…
— Իսկ որքանով է «Նոա»-ի համալրվածությունը համապատասխանում թիմի առջև դրված նպատակներին…
— Մարզչական շտաբը կատարեց սելեկցիան, հրավիրվեցին տղաները, ովքեր, համոզված եմ, կօգնեն մեզ այս մրցաշրջանում: Մարզիչն ավելի լավ գիտի, ամեն դեպքում, եթե ուրիշ ոչ մեկին չեն հրավիրել, ուրեմն նա համարում է, որ կազմն ամբողջությամբ համալրված է: Եվ բոլորը ցանկանում են խաղալ, խփել գոլեր, արդյունավետ փոխանցումներ կատարել, որ թիմը հաղթի:
— Խաղային դիրքի մասին խոսենք։ Այդուհանդերձ, քեզ ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ կենտրոնական, թե եզրային հարձակվողի դիրքում հանդես գալը։ Նաև, նախորդ մրցաշրջանի մեկնարկին խոստացար 10-15 գոլ խփել և իրականացրիր ծրագրածդ։ Իսկ այս մրցաշրջանի համար ի՞նչ նշաձող ես սահմանել քեզ համար։
— Այո, ես հաղթահարեցի այդ սահմանը, իհարկե, վերջում մի փոքր դժվար էր, քանի որ կարճ ժամանակահատվածում ստիպված էի շատ հանդիպումներ անցկացնել: Այս մրցաշրջանում, բնականաբար, կփորձեմ բարձրացնել նշաձողը, նախորդ մրցաշրջանում ես ինձ համար սահմանեցի 10-15 գոլ և կարծում էի, որ դա բավարար կլինի ռմբարկուի համար, պարզվեց, Մորի Կոնեն ցույց տվեց՝ դա բավարար չէր, այնպես որ այս մրցաշրջանի ընթացքում ավելին է պետք անել, կարծում եմ ՝ դա պետք է որ բավական լինի … Իսկ դիրքի առումով մարզիչն է որոշում է, եթե մարտավարական առումով պետք լինի եզրից խաղալ՝ ես դուրս կգամ և կխաղամ, գլխավորը մարզիչը տեսնում է, որ երկու դիրրքում էլ կարող եմ արդյունավետ խաղ ցուցադրել: Յուրաքանչյուր խաղում տարբեր է, որոշ թիմեր թույլ են տալիս խաղալ եզրից, որոշները՝ ոչ … Բայց, ամեն դեպքում, կենտրոնում խաղալն ավելի հարմար է, քանի որ դա այն դիրքն է, որում ամբողջ կյանքս խաղացել եմ։ Իհարկե, նախկինում հարձակման եզրում էլ եմ խաղացել, բայց ավելի հազվադեպ: Հաջորդ խաղերում կտեսնենք, թե որտեղից կսկսեմ …

©2020 Armenian Soccer