Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն կհամագործակցի Tateossian London-ի հետ

FFA Tateossian

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Tateossian London աշխարհահռչակ ընկերության հետ համագործակցության մասին։ Tateossian-ը զարդեր և աքսեսուարներ արտադրող առաջատար բրենդներից է միջազգային շուկայում և կհանդիսանա ՀՖՖ նորաձևության պաշտոնական գործընկերը։

Tateossian London-ը հիմնադրվել է հայազգի Ռոբերտ Թաթեոսյանի կողմից 1990 թվականին։ Այն առաջարկում է ինքնարտահայտման յուրահատուկ միջոցներ՝ եզակի, նուրբ և մանրակրկիտ մշակված աքսեսուարների՝ վզնոցների, մատանիների, ապարանջանների և ճարմանդների տեսքով։ Ընկերության հավաքածուների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Հայկական ժառանգություն» շարքը։

«Tateossian London-ը միջազգային ճանաչում ունեցող բրենդ է, որը բացառիկ դիրք է զբաղեցնում իր շուկայում։ Հաշվի առնելով ընկերության հայկական արմատները՝ մենք հպարտ ենք, որ այն լինելու է ՀՖՖ նորաձևության պաշտոնական գործընկերը,- նշել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Վստահ ենք՝ այս համագործակցությունը կլինի շահավետ թե՛ ՀՖՖ-ի և Tateossian London-ի և թե՛ մեր բոլոր գործընկերների ու հաճախորդների համար»:

«Լինելով հայ և սիրելով ֆուտբոլ՝ ինձ համար պատիվ է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, — նշել է Tateossian ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Թաթեոսյանը: Երկու կազմակերպություններն էլ սկսել են գործունեությունը 1990-ականների սկզբում։ Ինձ թվում է՝ սա էլ լավ առիթ է միասին շարունակելու մեր յուրահատուկ ճանապարհորդությունը»։

 

 

©2022 Armenian Soccer