Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ Գործկոմի հերթական նիստում մի շարք կարևոր հարցեր քննարկվեցին

Մարտի 30-ին հեռավար կարգով կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց վերջին շաբաթվա ընթացքում ՀՖՖ-ի կողմից կատարված աշխատանքները։Այս մասին  տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, նշվեց, որ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։ ՀՖՖ նախագահը նաև հայտնեց, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։
Մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների պատասխանները։
Նիստի ընթացքում նաև նշվեց, որ ապրիլի 1-ին կայանալու է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցեր։ ՀՖՖ նախագահն առաջարկեց շաբաթվա վերջին ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկման արդյունքների և կայացրած որոշումների մասին տեղեկացնելու համար։    

©2020 Armenian Soccer