Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊՏՀ-ն՝ Ֆուտզալ լիգայի Ա լիգայի հաղթող

Փետրվարի 19-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, տեղի ունեցավ Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները։
Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին ՀԷՑ և «Ֆալկոնս-2» թիմերը։ Հանդիպումը ավարտվեց 5։0 հաշվով՝ հոգուտ ՀԷՑ-ի։ իսկ եզրափակչում՝ ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը:
Եզրափակչում մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը։ Համառ պայքարում ՀՊՏՀ-ն հաղթեց 5։3 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող՝  ստանալով Հայաստանի Ֆուտզալի Սուպերլիգայի հաջորդ առաջնությանն անվճար մասնակցելու հնարավորություն:
Եզրափակչից անմիջապես հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Ֆուտզալ Լիգայի նախագահ Ռուբեն Նազարեթյանը շնորհակալագիր և անվանական մարզաշապիկ հանձնեց «Վիվառո» ընկերության  արտադրության ղեկավար Վահագն Լագեսյանին Ֆուտզալ Լիգայի մրցաշարերին աջակցելու համար:
Մրցաշարում լավագույն դարպասապահին՝ ՀԷՑ թիմի դարպասապահ Հարություն Ղարիբյանին, գնդակով և դիպլոմով պարգևատրեց Հայաստանի ֆուտզալի հավաքականի դարպասապահների մարզիչ Վաղինակ Շահնազարյանը:
Խփած 14 գնդակով մրցաշարում լավագույն ռմբարկու ճանաչվեց «Էկո Վիլլ» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանը, ով անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրվեց ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և Անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանի կողմից:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված ՀՊՏՀ թիմի ավագ Դավիթ Գրիգորյանին անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրեց ՀՖՖ Նախագահի խորհրդական, ՀՖՖ ֆուտբոլի դեսպան, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Մրցաշարում երրորդ տեղը գրաված ՀԷՑ թիմին բրոնզե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց Վիվառո ընկերության արտադրության ղեկավար Վահագն Լագեսյանը:
Մրցաշարում երկրորդ տեղը գրաված «Էկո Վիլլ» թիմին արծաթե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց  Ֆուտզալ Լիգա նախագահ Ռուբեն Նազարեթյանը:
Մրցաշարի հաղթող, ոսկե մեդալակիր, Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի գործող չեմպիոն Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմին ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը պարգևատրեց ՖԼ փոխանցիկ գավաթով, ոսկե մեդալներով և դիպլոմներով։

©2020 Armenian Soccer