Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ 1-ին խմբում հանդես գալու իրավունք ստացավ՝ 4, իսկ 6 ակումբի դիմումները մերժվեցին

Հունիսի  25-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստը նախապես նշանակված էր ս.թ. ապրիլի 13-ին, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել էր: Դիմորդ ակումբները հնարավորություն էին ստացել ավելի լավ պատրաստվելու գործընթացին:
Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին 1-ին խմբի արտոնագիր ստանալու համար:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի 1-ին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի 1-ին խմբի առաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝
«ՖԱ Անի» ՀԿ — ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 15-ով, 22.02-ով, 26-ով, 27-ով, 28-ով, 31-ով, 32-ով, 33-ով, 35-ով, 36-ով, 37-ով սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:
«ՖԱ Արագած» ՀԿ — ակումբը չի բավարարել ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և չի ներկայացրել իրավական խմբի կառուցվածքում ընդգրկված և ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար  և հիմնավոր տեղեկատվություն:
«ԴՖԱ» ՓԲԸ («Դիլիջան ՖԱ») — ակումբը չի բավարարել ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ոչ հավաստի տեղեկատվություն ակումբի իրավական խմբի կառուցվածքի և ֆինանսավորող կողմի մասին:
«ՖԱ Ինտեր» ՍՊԸ — ակումբը չի բավարարել ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 19-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերը չեն համապատասխանում ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի դրույթներին: Ակումբը չի ներկայացրել իրավական կառուցվածքի և ֆինսանավորման աղբյուր հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն:
«Մասիս ՖԱ» ՍՊԸ — ակումբը չի բավարարել ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:
«ՖԱ Տորպեդո» ՍՊԸ — ակումբը չի բավարարել ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 6 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի 1-ին խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):
Ավելացնենք, որ  չնայած ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստի ընթացքում մերժվել էր «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի՝ ՀՀ բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության իրավունք տվող Ազգային արտոնագիրը, սակայն համաձայն ՀՀ 1-ին խմբի արտոնագրման կանոնակարգի՝ ակումբն իրավունք էր ստացել մասնակցելու ՀՀ 1-ին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մրցաշրջանին:
«Վան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներին ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստում շնորհվել էր ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակցության իրավունք ընձեռող Ազգային արտոնագիր: Վերոնշյալ երկու ակումբներից մարզական չափանիշներով ՀՀ բարձրագույն խմբի ուղեգիր չնվաճած ակումբը, Ազգային արտոնագրի հիման վրա, ավտոմատ կերպով իրավունք կստանա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:

2020 Armenian Soccer