Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Միասնությունն ու համախմբվածությունն է թիմի հաջողության միակ գրավականը»

J. Caparros

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակի Կապառոսի ասուլիսի հիմնական դրույթները

Հավաքականի նորեկ Իշխան Գելոյանի մասին

Որևէ ֆուտբոլիստի մենք հավաքական չենք հրավիրում ապագայի համար: Հրավիրում ենք՝ նրա խաղը հավաքականում տեսնելու համար:

Վարազդատ Հարոյանի՝ Իսպանիա տեղափոխմանը նպաստելու ու այլ հնարավոր տրանսֆերների մասին

Կային էլի ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին հայտնվել իսպանական թիմերում, սակայն վերջին պահին ինչ-որ բան չստացվեց:

Ինչևէ, վստահ եմ, որ առաջիկայում կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր եվրոպական թիմերում տեղ կգտնեն:

Բարդ ժամանակներում հավաքականը գլխավորելու ու լավագույն արդյունքը գրանցելու մասին

Հաջողությունը կայացավ ի շնորհիվ այն բանի, որ այս գործընթացում ներառված բոլոր մարդիկ իրենց առավելագույն ջանքերը գործադրեցին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատողներից մինչև ֆուտբոլիստներ, ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցներից մինչև մարզիչներ:

Բարդ ժամանակ էր ոչ միայն COVID-ի պպատճառով, այլև՝ պատերազմի: Բայց այս իրավիճակում մենք առավելություն ունեինք մյուս հավաքականների նկատմամբ. դաշտ դուրս էր գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստ, այլ՝ ամբողջ երկիրը:

Թերևս այս միասնությունն ու համախմբվածությունն է հաջողության միակ գրավականը:

Հայաստանը բացահայտելու ու սիրելու մասին

Ինձ Հայաստանում զարմացրեցին մարդիկ: Այսպիսի բարդ իրավիճակում ցանկացած թիմ, ցանկացած երկիր, ցանկացած ընտանիք կտապալվեր,. բայց դուք ճիշտ հակառակը՝ ոտքի կանգնեցիք, ոտքի եք կանգնում: Մենք այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, բողոքում ենք ինչ-որ բաներից, որոնք, իրականում, այդքան էլ կարևոր չեն, բայց դուք ոտքի եք կանգնում

Ստանիսլավ Բուչնևի՝ հայկական արմատների ու հավաքական հրավիրելու մասին

Մենք հետևում ենք Ստանիսլավի խաղին; Նա իր որակներով համապատասխանում է հավաքականի խաղին; Բացի այդ նաև ինքն ասաց, որ մեծ ցանկություն ունի հավաքականում խաղալու: Հայաստանի ազգային հավաքականի դռները նրա համար բաց են և ցանկացած պահին նա կարող է հրավիրվել:

Առաջնության մակարդակի մասին

Որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ ինձ լիովին բավարարում է Հայաստանի առաջնության մակարդակը: Նվազագույնը 6 հայ ֆուտբոլիստ ես տեսնում եմ խաղադաշտում, մինչդեռ երբ նոր էի եկել Հայաստան՝ չէի տեսնում: Պետք է հասնենք այն օրվան, որ խաղադաշտում տեսնենք միայն 1-2 լեգիոների:

Հրայր Մկոյանի՝ հավաքական հրավիրվելու մասին

Մկոյանին մենք դեռ նախորդ մրցաշրջանից ենք հետևում: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցեց թե՛ գավաթի ու թե՛ առաջնության հանդիպումներին: Առաջին խաղում մենք ունենք կորուստ՝ Վարազդատ Հարոյանը չի մասնակցի, ուստի՝ Մկոյանը հրաշալի կփոխարինի Հարոյանին: Նա վաստակել է այդ իրավունքը իր խաղով:

Հայ երկրպագուների մասին

Ֆուտբոլի հոգին երկրպագուն է: Ու ցավալի է, որ մարզադաշտում չես տեսնում երկրպագուներին, չես տեսնում լեփ-լեցուն տրիբունաներ:

«Ալաշկերտի»՝ եվրագավաթային առաջխաղացման ու հավաքականի

Վաղը բոլորս երկրպագելու ենք «Ալաշկերտին» ու «Ալաշկերտի» մարզաշապիկներով գանք մարզադաշտ: Այս հաջողությունը բոլորիս համար է լավ: «Ալաշկերտը» պիտի անցնի հաջորդ փուլ:

Գոռ Մանվելյանի մասին

Բնականաբար արդեն որոշ ժամանակ է, ինչ հետևում ենք Գոռ Մանվելյանի ելույթներին ու պահում ենք մեր տեսադաշտում:

Երիտասարդական հավաքականի մրցելույթների մասին

Երիտասարդական հավաքականում կան տղաներ, որ շատ տաղանդավոր են: Այդ թիմի մեծամասնությունը հանդես է գալիս մեր ԲԽ-ում, ինչը կօգնի նրանց հասունանալ ու արդյունքներ ունենալ երիտասարդական, ապա՝ նաև ազգային հավաքականի կազմում: Ամենակարևոր բանն այն է, որ տեսնենք՝ ինչպես են տղաները աճում:

ԲԿՄԱ-ի ելույթների ու թիմում հասուն ֆուտբոլիստների հանդես գալու մասին

Ես ի սկզբանե ցանկանում էի, որ երիտասարդները հանդես գան այդ թիմում: Այժմ արդյունքների վրա կենտրոնանալու կարիքը չեմ տեսնում, թիմի որակի մասին կարելի է խոսել առաջնության 4 շրջանների ավարտից հետո: Մրցաշրջանի վերջում հետևություններ կանենք ֆուտբոլիստների մասին անհատապես՝ առանց ուշադրություն դարձնելու մրցաշարային դիրքին: Մարզչի համար ամենամեծ բավարարվածությունը երեխաների աճն է դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Սա ամենամեծ տիտղոսն է, որ կարող է ունենալ մարզիչը:

 

©2021 Armenian Soccer

Image: Football Federation of Armenia