Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը»

Նորվեգիա — Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 28-ին` Օսլոյում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

— Արդյո՞ք արդեն հասցրել եք ուսումնասիրել մրցակցին, նայե՞լ եք նրա վերջին խաղերը և ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից:

— Այո՛, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:

— Սլովակիայի դեմ մրցավեճում նորվեգացիները խաղացին իրենց հիմնական կազմով: Արդյո՞ք Ձեզ համար նշանակություն ունի, թե վաղվա խաղում ինչ կազմով կխաղան նորվեգացիները, արդյո՞ք նրանց առաջատարները կխաղան հիմնական կազմում, թե՞ դուրս կգան փոխարինման:

— Իհարկե, շատ կարևոր է իմանալ մրցակցի, այս դեպքում Նորվեգիայի հավաքականի կազմը, սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ:

— Արդյո՞ք արդեն կողմնորոշվել եք վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հիմնական կազմի հետ կապված: Հնարավո՞ր է լինեն փոփոխություններ՝ համեմատած Չեռնոգորիայի խաղի հետ:

— Իհարկե մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը, բայց առջևում դեռ 24 ժամ կա: Կարող է լինել որոշակի փոփոխություն, որովհետև մենք ցանկանում ենք փորձել բոլոր ֆուտբոլիստներին դժվար խաղերում: Քանի որ հունիսին 4 հանդիպում ենք անցկացնելու, բոլոր տղաները պետք է համապատասխան փորձ ունենան: Ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել:

— Ձեր մարզչական շտաբում ընդգրկված է Ռոման Բերեզովսկին, ով 22 տարի առաջ խաղացել է Նորվեգիայի հավաքականի դեմ: Նրա հետ քննարկե՞լ եք առաջիկա մրցավեճը, և արդյո՞ք նա որոշակի հատուկ խորհուրդներ է պատրաստվում տալ Դավիթ Յուրչենկոյին այս խաղի հետ կապված:

— Համոզված եմ, որ այո, քանի որ նա վայելում է տղաների վստահությունը: Այն ամենը, ինչ նա ասում է մեր դարպասապահներին, նրանք միանգամից ընդունում են և աշխատում են այդ ուղղությամբ:

— Չեռնոգորիայի հետ մրցավեճում իրենց նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հովհաննես Հարությունյան: Որքանո՞վ եք կարևորում այդ ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի հավաքականի հավաքներին և խաղերին, և ի՞նչ նշանակություն ունի նրանց համար այսպիսի ուժեղ մրցակիցների դեմ խաղալը:

— Մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն լինի: Ես արդեն նշել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը նշանակություն չունի՝ կլինի նա 17, 18, թե 19 տարեկան կլինի: Պնդում եմ, որ մենք պետք է ֆուտբոլիստների լայն ցուցակ ունենանք, եթե ցանկանում ենք աճել որպես հավաքական: Այս բոլոր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում, և հուսով ենք, որ երբ այս տղաները շանս ունենան իրենց արդարացնելու, կօգտվեն դրանից:

 

©2022 Armenian Soccer