Armenian Soccer
Armenian Soccer

Իգոր Պիկուշչակ. «Շատերն այս եզրափակիչը համեմատում են «Միլան» — «Լիվերպուլ» խաղի հետ»

Հայաստանի նորընծա գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը Armenian-Soccer-ի հետ զրույցում պատմել է գավաթային էմոցիաների մասին ու խոսել Հայաստանի առաջնության վերջին տուրի վճռորոշ` «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման մասին:

Igor Picusceac

— Պարոն Պիկուշչակ, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի օրը համընկավ ակումբում` Ձեր աշխատանքի անցնելու մեկ տարվա հետ: Ինչպե՞ս կբնութագրեք այդ 12 ամիսները:
— Ընդհանուր առմամբ, իհարկե, լավ` դատելով արդյունքներից և թե’ այս, թե’ նախորդ տարվա աշխատանքի գործընթացից: Ուրախացնում է, որ տղաները լավ առաջադիմել են: Դա խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք ու լավ ենք աշխատում:

— 2019/20 մրցաշրջանի առաջին շրջանը, որը «Նոայի» համար այդքան էլ հաջող չէր, շատ երկար ստացվեց: Ի՞նչ եք կարծում` այդ հարկադիր ընդմիջումը յուրօրինակ խթան հանդիսացա՞վ «Նոայի» համար դառնալու այն թիմը, որը հետագայում վերցրեց գավաթը ու պայքարում է չեմպիոնության համար:
— Ես չէի ասի, որ այդ ժամանակահատվածն անհաջող էր, մենք դրան գնում էինք երկրորդ շրջանի սկզբում. մինչև Նոր տարին հաջող հանդիպումների շարք ունեինք: 5 խաղ անընդմեջ չէինք պարտվում, 4 անընդմեջ հաղթանակների շարք ունեինք մինչև ձմեռային դադարը: Իսկ հետո հավաքներ արեցինք, տղաները բարելավեցին ֆիզիկական մարզավիճակը, բայց չեմ կարծում, որ ընդմիջումը դրական ազդեցություն ունեցավ, ընդհակառակը, «Շիրակի» հետ խաղը ձախողեցինք` 0-3: Բայց հետո հաղթանակ տարանք ու դադար եղավ: Այդ ժամանակ էլ տանն էինք, բայց աշխատում էինք, պահպանում էինք մարզավիճակը: Կարանտինից դուրս գալուց 2-3 շաբաթ անց առաջնությունը վերսկսվեց:

— Եզրափակիչներն ինքնին էմոցիոնալ ու լարված են ստացվում, սակայն Հայաստանի գավաթի խաղարկության այս տարվա եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները: Ի՞նչ էիք զգում խաղի ընթացում:
— Եզրափակիչը, իրոք, փառահեղ ստացվեց, շատերը նույնիսկ համեմատում էին այն Չեմպիոնների լիգայի «Միլան» — «Լիվերպուլ» խաղի հետ (խոսքը 2005թ.-ի խաղի մասին է, որտեղ «Լիվերպուլը» խաղի ընթացքում զիջում էր 0-3 հաշվով, բայց, ի վերջո հաղթեց 11 մետրանոցներով — խմբ.): Նման քամբեքը թանկ արժե: Կեցցե’ն տղաները. խաղին պատրաստվելու և հանդիպման ամբողջ ընթացքում երևում էր, որ տրամադրված են, ուզում են հաղթել, ու, ամենակարևորը, չեն վախենում: Բայց ստացվեց, որ անհատական սխալների արդյունքում գոլեր բաց թողեցինք:

Igor Picusceac

— Քամբեքները, ֆուտբոլում, իհարկե, հազվադեպ երևույթներ չեն: Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարողացաք մոտիվացնել թիմին, որը խոշոր հաշվով զիջում էր ընդմիջման գնալիս:
— Իրականում, ոչ մի գաղտնիք չկա, որոշակի շտկումներ արեցինք, մեկ փոխարինում կատարեցինք: Տեսնում էինք, որ դաշտի կենտրոնում ձախողվում էինք, Մանգան լավ չէր մտել խաղի մեջ: Փոխարինումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, տղաները սթափվեցին, ես էլ խնդրեցի նրանց, որ մոռանան հաշվի մասին ու փորձեն ֆուտբոլ խաղալ, այդքանը:

— Ճակատագրի հեգնանքով առջևում ևս մեկ «եզրափակիչ» է. չեմպիոնական հանդիպում «Արարատ-Արմենիայի» հետ: Մտավախություն չկա՞, որ նույն թիմի հետ գավաթային եզրափակիչ հանդիպումից հետո թիմը կարող է «վառվել»:
— Ոչ, քանի որ ֆուտբոլիստները հասկանում են խաղի պատասխանատվությունը:

— Եզափակչում շատ վստահ խաղադաշտ դուրս եկավ Էդգար Գրիգորյանը ու շատ հասուն խաղ ցույց տվեց: Ինչպե՞ս եք գնահատում թիմի երիտասարդ հայ ֆուտբոլիստների առաջընթացը տարվա ընթացքում:
— Գրիգորյանի օրինակով` տեսնում եմ, որ նա կարող է լավ հաջողություններ ունենալ, ու, թեև շատ խաղաժամանակ չի ստացել, բայց լավ առաջադիմել է: Նույնիսկ մարզումների ժամանակ է զգացվել: 3-4 խաղ առաջ մտածում էի նրան առաջնության խաղում մեկնարկային կազմում դուրս բերել: Ստացվեց այնպես, որ երկու խաղ հետո դուրս եկավ դաշտ ու արժանիորեն իրեն դրսևորեց:

— 2019թ.-ին թիմը հայտարարեց, որ Ձեզ հետ պայմանագիրը մեկ տարով է կնքվել: Նախատեսու՞մ եք երկարաձգել այն: Եթե այո, Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում անել թիմում մյուս մրցաշրջանի համար:
— Առաջին հերթին` ամեն ինչ կախված է ակումբի ցանկությունից, մենք բանակցում ենք: Թիմը կարող է ուժեղացվել, որովհետև եվրագավաթային հանդիպումներ ենք ունենալու: Արդեն վաղը պարզ կլինի` Չեմպիոնների լիգայում ենք խաղալու, թե Եվրոպա լիգայում: Ամենայն հավանականությամբ, մի քանի ֆուտբոլիստներ ձեռք կբերենք:

— Թիմը եվրագավաթային գոտում է, սակայն ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված բոլոր ժամկետները անորոշ են: Դա Ձեր ծրագրերի վրա ազդու՞մ է:
— Արդեն հիմա մոտավորապես պարզ է, որ Չեմպիոնների լիգան սկսվելու է օգոստոսի 17-ին, իսկ Եվրոպայի լիգան` 9 օր անց, առաջնությունն էլ կամ օգոստոսի 7-ին, կամ 14-ին: Մեծ հաշվով, խնդիրներ չունենք, մի քանի օր կհանգստանանք ու կսկսենք պատրաստվել նոր մրցաշրջանին:

Igor Picusceac

— Ինչքանո՞վ է օգտակար անձամբ Ձեզ համար Հայաստանի առաջնությունում աշխատելը:
— Ամեն ինչից պետք է փորձ ձեռք բերել, նույնիսկ մարդկանց հետ շփումից: Ես միշտ փորձում եմ այդպես անել: Հայաստանի առաջնությունը այսօր բավականին լավն է, նայել եմ նախորդ մրցաշրջանի որոշ խաղեր, փորձել եմ համեմատել նույնիսկ նախորդ առաջնությունների մակարդակների հետ: Ինձ թվում է` 19/20 մրցաշրջանի Հայաստանի առաջնության մակարդակը բավականին լավն է: Շատ որակյալ լեգիոներներ կան, դա նույնպես խոսում է առաջնության բարձր մակարդակի մասին: Մինչև վերջին պահը 4-5 թիմ պայքարում էր չեմպիոնության համար:

— PRO արտոնագիր ստանալու հետ կապված հարցերն ի՞նչ փուլում են:
— Հիմա քննություններ եմ հանձնում, ավարտում եմ A կարգի արտոնագրի կուրսը: Դրանից հետո կսպասեմ PRO արտոնագրի դասընթացներին:

 

Igor Picusceac

Զրուցեց՝ Դավիթ Պետրոսյանը

Images: FC Noah, Armenian Soccer

©2020 Armenian Soccer